
Պետական գանձարանի մարգարիտը այդպես էլ գնորդ չունեցավ
Կառավարությունն այս տարվա փետրվարին ֆինանսների նախարարությանը թույլատրեց վաճառքի հանել պետական պահուստում հաշվեգրված ավելի քան 102 կգ 793 գրամ աճեցված (կուլտիվացված) մարգարիտը։
1 գրամ մարգարտի մեկնարկային գինը 60 դրամ էր: Այսինքն՝ ընդհանուր առմամբ մարգարտի արժեքը 6 167 000 դրամ էր։
Մարգարիտը վաճառքի ներկայացնելուց անցել է տասը ամիս: Ինչպես հայտնում են ֆինանսների նախարարությունից, տարվա ընթացքում կազմակերպվել է մարգարտի վաճառքի 3 աճուրդ, սակայն գեթ 1 գնման հայտ չի ներկայացվել: Այդ 3 աճուրդների ընթացքում մարգարտի մեկնարկային գինը չի փոխվել:
Ֆինանսների նախարարությունը կառավարությանը հայտնել էր, որ մարգարտի պահպանումը ոչ արդյունավետ և աննպատակահարմար է, քանի որ այն տարիների ընթացքում կորցնում է իր արդիականությունը և ենթարկվում է քայքայման` կորցնելով ապրանքային տեսքը և արժեքը։
Նախարարությունը նաև ընդգծել էր, որ մարգարտի վաճառքով պետական պահուստների կառավարումն արդյունավետ կդառնա և պետբյուջեում համապատասխան եկամուտներ կապահովեն։ Փաստորեն, նախարարությունը դեռևս հատուկ տեխնոլոգիաներով պետք է «փայփայի» մարգարիտը, մինչ գնորդ հայտնվի։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել