HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թռուցիկներ, սկավառակներ, կողմնացույց, իսկ «զենքերն ո՞ւր են»

Զինվորական կողմնացույց, «Ժիրայր Սեֆիլյան» գրությամբ սկավառակներ, Գառնի տաճարի պատկերով տետր, մեկ դաշույն, համակարգիչ, «100-ամյակն առանց ռեժիմի» գրությամբ թռուցիկներ. սա դեռ ամբողջական ցանկը չէ այն իրերի, որոնք նշված են «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով խուզարկությունների արձանագրություններում: Կան նաև թղթադրամներ, մետաղադրամներ, Հայաստանի ազատագրված տարածքների վերաբերյալ դիրքորոշումներ, պլաստմասե սաղավարտներ, վճարման անդորրագրեր...

Դրանք նախաքննական մարմնի կողմից արձանագրված են տասնյակ էջերով ու ամենայն մանրամասնությամբ: Անգամ կա լուսանկարչական հավելված, որտեղ առգրավված իրերի լուսանկարներն են:

«Ի՞նչ կապ ունեն այս իրերը մեղադրանքի, զանգվածային անկարգությունների հետ»,-նկատեց Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը՝ ընդգծելով, որ տեղի է ունենում քաղաքական հետապնդում, հետապնդվում է ընդդիմադիր քաղաքական ուժ՝ «Հիմնադիր խորհրդարանը», ինչը վկայում է քաղաքական գործունեության հանդեպ տեղի ունեցող ոտնձգության մասին:

Դատախազ Ենոքյանն առարկեց, թե փաստաբանի խոսքը պաշտպանական ճառ է հիշեցնում, դատարանին հորդորեց, որ պաշտպանը քաղաքական հայտարարություններ չանի, սակայն դատավոր Տաթևիկ Գրիգորյանը պատասխանեց՝ չի պատրաստվում սահմանափակել պաշտպանական կողմի իրավունքները:

Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը

Ամբաստանյալներից Ներսես Պողոսյանն էլ, դիմելով ապացույցներն ընթերցող դատախազներին, հարցրեց. «Զենքերն ո՞ւր են»:

«Իսկ կասկաներն օգտագործվել են դեռևս տարիներ առաջ, երբ դրանք կրում էին մտավորականները Մաշտոցի պուրակի տաղավարները հեռացնելու համար»,-ասաց փաստաբան Հայրապետյանը:

Փաստաբանը նշեց, որ նախաքննական մարմինը բավականին ջանասիրաբար է հավաքել բոլոր իրերի մասին գրառումները, անգամ չի մոռացել նշել մետաղադրամների համարները, սակայն տարակուսանք հայտնեց, թե ինչու ու ինչպես է, որ, օրինակ, Գևորգ Սաֆարյանի նկատմամբ ծեծի դեպքով որևէ տեղաշարժ չկա, Բերձորի դեպքով՝ նույնպես, որևէ մեկը պատասխանատվություն չի կրել:

Մինչ ապացույցների հետազոտումը շարունակելը դատարանը լսեց գործով վերջին վկային՝ պայմանագրային զինծառայող Հովհաննես Մինասյանին, որը շեշտեց, որ Ժիրայր Սեֆիլյանին ճանաչում է որպես Արցախի հերոս, Պավել Մանուկյանի, Միայնակ Գայլի հետ շփումներ է ունեցել: Հովհաննեսը նշեց, որ խաղաղ հավաքների է մասնակցել, որևէ միջադեպ չի եղել:

Ձախից` դատախազ Ենոքյանը

Դատախազը էական հակասություններ տեսավ նրա տված նախաքննական ցուցմունքում: Այն հրապարակվեց, բայց վկա Մինասյանը պնդեց, որ դա ինքը չի գրել, թեպետ ցուցմունքի վերջում գրված էր. «Գրված է իմ ձեռքով, ճիշտ է, որի համար ստորագրում եմ»: Պաշտպան Տիգրան Հայրապետյանը նկատեց, որ տեղի ունեցածը կեղծիք է, հորդորեց դատարանին քայլեր ձեռնարկել: Դատավոր Գրիգորյանն էլ պատասխանեց, որ դատախազները պետության ներկայացուցիչներ են, և եթե որևէ խնդիր տեսնեն, իրենք կձեռնարկեն:

Երբ դատավորը հայտարարեց, որ վկա Մինասյանի հարցաքննությունն ավարտված է, վերջինը հեռանալիս՝ ասաց. «Շատ շնորհակալություն, բայց շատ սխալ ա էս տղերքին դատելը»:

Հ.Գ. Արդեն մի քանի նիստ է՝ դատարան մտնելիս կարգադրիչները չեն գրանցում նիստին մասնակցող քաղաքացիների ու լրագրողների անձնական տվյալները, ինչը կատարվում էր մի քանի ամիս շարունակ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter