HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԿԳՆ-ն առաջարկում է դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման հստակ չափորոշիչներ սահմանել

Կրթության և գիտության նախարարությունը հեղինակել է «Նոր սերնդի դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման չափորոշիչներ և գործիքակազմ» օրենսդրական նախագիծը։ Այն տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում։

Նախագծի նպատակն է՝ մշակել Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների դասագրքերին և ուսումնաօժանդակ նյութերին ներկայացվող պահանջներ, բարելավել չափորոշիչային պահանջների կատարումը վերահսկելու մեխանիզմները, դասագրքաստեղծ հեղինակային խմբերին ապահովել դասագրքերի համար մշակված ավելի հստակ չափանիշներով և գործիքակազմով:

Նախագծում նշվում է, որ չնայած գործող բոլոր դասագրքերն անցել են գնահատման և երաշխավորման գործընթացներ, սակայն դրանց որակի և կիրառման արդյունավետության վերաբերյալ կան որոշակի դժգոհություններ:

«Այդ մասին են վկայում մամուլում հրապարակված բազմաթիվ հոդվածները, հեռուստատեսությամբ և այլ ԶԼՄ-ներում փորձագետների արտահայտած կարծիքներըսոցիալական ցանցերում և ֆորումներում հասարակության տարբեր շերտերի քննարկումներն ու ծնողական համայնքների հետ պարբերական հանդիպումների ժամանակ հնչած կարծիքները»,-ասված է նախագծում։

Ըստ նախագծի՝ անհրաժեշտ է պարզեցնել դասագրքերի ընտրության գործընթացը, որպեսզի յուրաքանչյուր ուսուցչի հնարավորություն տրվի աշխատել իր նախընտրած դասագրքով: Դրա համար պետք է դասագրքի երաշխավորման գործընթացին զուգահեռ այն ներկայացնել որևէ օնլայն հարթակում՝ ապահովելով ուսուցիչների տեղեկացվածությունը այլընտրանքային դասագրքերի վերաբերյալ։

Ուսուցիչները պետք է հնարավորություն ունենան դրանք ուսումնասիրելու և իրենց տպավորությունն ու կարծիքը ընտրության վերաբերյալ այդ հարթակում տեղադրելու, ինչն էլ ավտոմատ կերպով կամրագրի հավանության արժանացած դասագիրքը:

Դասագրքի չափորոշիչներ բաժնում առաջին հերթին նշվում է, որ բովանդակությունը չպետք է հակասի Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, երեխայի իրավունքների հռչակագրի և  հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին հռչակագրի հիմնարար սկզբունքներին, ինչպես նաև կրթության մասին ՀՀ օրենքի պահանքներին։

Ներկայացնենք բնութագրիչներից մի քանիսը

Բովանդակությունը պետք է լիովին համապատասխանի առարկայական ծրագրին:

Տեղեկություններն ու տվյալները հստակ են և ճշգրիտ: Դրանք  համապատասխանում են ուսումնասիրվող գիտության ժամանակակից վիճակին:

Օրինակները և պատկերները հետաքրքիր ու տեղին են, համապատասխանում են սովորողների տվյալ տարիքային խմբին:

Բովանդակությունն ու պատկերազարդումը արտացոլում են թե՛ քաղաքային, թե՛ գյուղական համայնքների իրականությունը։

Բովանդակության բարդության աստիճանը համապատասխանում է սովորողների տարիքային առանձնահատկություններին, ուսումնական ծրագրին, ինչպես նաև հարմարեցվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին:

Առաջադրանքներն ու վարժությունները կառուցված են պարզից բարդ սկզբունքով:

Բովանդակությունն ու պատկերազարդումը զերծ են կանխակալությունից, չեն պարունակում որևէ խտրականություն (ըստ սեռի, տարիքի, զբաղմունքի, հաշմանդամության, ռասայի, կրոնի, մշակույթի, քաղաքական հայացքների, էթնիկ և տարածքային  պատկանելության, և այլ հատկանիշի):

Դասագիրքը նպաստում է հանդուրժողականության ձևավորմանը և մշակութային բազմազանությունը որպես առավելություն ընկալելուն:

Դասանյութերը ծանրաբեռնված չեն նոր եզրույթներով ու անծանոթ բառերով: Տեքստերի կետադրությունը համապատասխանում է ժամանակակից հայերենի կետադրության կանոններին (բացառությամբ՝ հեղինակային մեջբերումների)։

Առկա են տարբեր լեզվական կարողություններ ունեցող աշակերտների հետաքրքրություններին համահունչ տեքստեր կամ առաջադրանքներ։ 

Նկատենք, որ ըստ ընթացակարգի՝ նախագիծը պետք է հավանության արժանանա կառավարության կողմից, որից հետո ընդգրկվի խորհրդարանի նիստերի օրակարգ։ Վարչապետը, այս տարվա փետրվարի 2-ի կառավարության նիստին անդրադառնալով կրթության համակարգին, ասել էր, թե  «դասագրքերի որակի, բովանդակության սուր խնդիր կա, որը բարձրաձայնվում է թե ծնողների, թե ուսուցիչների կողմից», ուստի հանձնարարել էր մշակել ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի գործունեության բարելավման ծրագիր։

Հանձնարարականից հետո հրատարակչությունների ղեկավարների հետ հանդիպմանը Կրթության և գիտության նախարարը նշել է, որ նախատեսում  են հիմնել դասագրքաստեղծ կառույց` դասագրքերի ստեղծման գործընթացը համակարգելու նպատակով:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter