
Սաուդյան Արաբիայում ձերբակալել են թագավորական ընտանիքի 11 անդամների և 4 նախարարի
Սաուդյան Արաբիայի հակակոռուպցիոն կոմիտեն, որը ստեղծվել է երեկ՝ նոյեմբերի 4-ին, ձերբակալել է թագավորական ընտանիքի 11 անդամի և 4 գործող նախարարի: Ձերբակալվել են նաև տասնյակ նախկին նախարարներ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով արաբական ԶԼՄ-ներին:
Al Arabiya հեռուստաալիքը հաղորդում է, որ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է նաև, որ վերսկսում է հետաքննությունը Ջիդայում 2009 թվականին տեղի ունեցած ջրհեղեղի և 2012 թվականին տարածված Mers կորոնավիրուսի (Մերձավորարևելյան շնչառական համախտանիշ) գործերով:
Նոր հակակոռուպցիոն մարմինը գլխավորել է թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը: Կոմիտեին լայն լիազորություններ են շնորհվել, այդ թվում՝ ձերբակալման հրամանագրեր պատրաստել, ինչպես նաև երկիրը լքելու արգելք դնել: Մուհամեդ բին Սալմանը թագաժառանգ է դարձել այս տարվա ամռանը: Նա համարվում է Սաուդյան Արաբիայի ամենաազդեցիկ մարդը:
Ձերբակալվածների անունները դեռևս չեն հրապարակվել, սակայն Al Arabiya-ի տեղեկություններով՝ նրանց շարքում են նաև սաուդյան արքայազն Ալ-Վալիդ բեն Տալյալ բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը, նոյեմբերի 4-ին պաշտոնանկ արված էկոնոմիկայի նախարար Ադել Ֆակիհը, ինչպես նաև Ազգային գվարդիայի նախկին ղեկավար Միթաբ բեն Աբդալլա բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդը ազդարարել էր ֆինանսական խարդախություների և իշխանության չարաշահումների մեջ կասկածվողների դեմ արշավի մեկնարկը: Նա հայտարարել էր, որ կառավարական բարձրագույն շրջաններում կան մարդիկ, որոնք «իրենց անձնական շահերը ավելի բարձր են դասում հասարակականից և զբաղվում են ապօրինի հարստացմամբ»:
Լուսանկարում՝ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար, թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը / Saudi Press Agency
Մեկնաբանել