HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Լևոն Ալթունյան․ «Թերապևտիկ համակարգում պետպատվերը չենք կարողանում վերահսկել»

Առողջապահության ոլորտի համար հատկացվող գումարները 2018 թվականի պետական բյուջեի ծրագրով նվազել են շուրջ 5 միլիարդ դրամով: Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի վստահեցմամբ, սակայն, միջոցների կրճատումը որևէ կերպ չի  ազդելու պետության կողմից տրամադրվող անվճար բժշկական օգնության համակարգի վրա։ Նախարարը պատասխանել է «Հետք»-ի հարցերին։

-Պետության կողմից  տրամադրվող անվճար բժշկական օգնության համակարգում փոփոխություններ սպասվո՞ւմ են։

-Բացի մեկ-երկու ոչ արդյունավետ ծրագրերից, որոնց արդյունավետությունը ստուգվում է, ոչինչ չի փակվել։ Այն խավը, որը ստանում է անվճար բժշկական օգնություն, այդ ցանկը չի պակասել, ամեն ինչ մնում է նույնը, ինչպես կար։

-Պետպատվերի կրճատում  չի՞ լինելու։

-Եթե չլինի լավացում՝ տնտեսումների հաշվին, վատացում չի լինի հաստատ։

-Անվճար բժշկական օգնության համակարգում վերանայում նախատեսվո՞ւմ է՝ պայմանավորված հաշմանդամության կարգով: Տեղեկություններ կան, որ ԱՆ հեղինակած նախագծով առաջնահերթություն է տրվելու ոչ թե քաղաքացու հաշմանդամության կարգին, այլ սոցիալական վիճակին։

-Որպեսզի համակարգն ինստիտուցիոնալ դարձնենք, ավելի շատ ժամանակ է պետք, քան մեկ տարին։ Կարծում եմ՝ 2018-ին փոխնախարար Սամվել Մարգարյանի գլխավորած խումբն աշխատանքները կհասցնի նրան, որ առաջարկենք  մի բանաձև, ըստ որի՝ սոցիալապես ավելի անապահով խավն ավելի շատ օգտվի բյուջետային միջոցներից, քան մնացածները։ Այսօր ունենք մի վիճակ, երբ չունևորները խուսափում են հիվանդանոց գնալուց, մեր խնդիրն այն է, որ գներն ավելի շատ մոտեցնենք շուկայականին, որպեսզի  գնագոյացման բանաձևով կարողանանք ցույց տալ՝ ինչը որքան արժե, ինչպես՝ սարքավորումները, անհրաժեշտ նյութերը, և այդ գնի ներքո երաշխավորենք սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչների բուժումը։

-2018-ին սպասե՞նք նման նախագծի։

-Սպասե՛ք, դեռ լիքը վատ բաներ եք մեր մասին գրելու (ծիծաղում է, հեղ

-Պարոն նախարար, վերջերս «Հետք»-ի խմբագրություն էր զանգահարել երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող քաղաքացի և հայտնել, որ ԲԿ-ում ամսվա սկզբին պետպատվերն արդեն վերջացել էր: Ինչպե՞ս է լինում, որ  պետպատվերը սպառվում է, չե՞ք պատրաստվում հիվանդանոցի պատին հրապարակել պետպատվերի քանակը, որ քաղաքացին, մտնելով ԲԿ, արդեն իմանա պետպատվեր կա, թե ոչ։

-Բուժհաստատությունների պատերին չէ, բայց էլեկտրոնային առողջապահական համակարգում դա կլինի, ինչպես նաև մեր նորացված կայքում, սակայն ոչ շուտ քան 2018-ի երկրորդ կեսը։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչու է պետպատվերը վերջանում, մենք 1500 քաղաքացու հաշվարկով սրտի ստենդավորման վիրահատություն ենք կատարում, բայց կարող է այդ քաղաքացիների թիվը լինել օրինակ 1550, և 50 հոգու չբավականացնել այդ գումարը։ Եվ քանի որ ստենդավորումը  վերաբերում է կյանքը փրկելու խնդրին, դրա համար հիվանդանոցներն այդ վիրահատությունները կատարում են, հետո ընկնում են մեր հետևից, թե ավել ենք արել, գումարը տվե՛ք, բայց գումար չկա։ Իսկ այն հիվանդությունների մասով, որով կյանքին վտանգ չի սպառնում, ուղղակի հիվանդներին ասում են՝ գումարը վերջացել է։

-Իսկ դեպքերն ուսումնասիրո՞ւմ եք, իսկապես այն մարդկա՞նց են պետության միջոցների հաշվին վիրահատում, որոնք  ներառված են խոցելի խմբում, թե՞ այդտեղ գործում է ծանոթ-բարեկամ լինելու գործոնը։

-Վիրահատությունների դեպքում դա հեշտ է անել, և մենք վերահսկում ենք, այլ բան է, որ Հայաստանում թերապևտիկ ծառայությունների քանակը միջինը հասնում է մոտ քառասուն տոկոսի, մարզերում մինչև 90-95%, Երևանում՝ 30-37%։ Թերապևտիկ համակարգում չենք կարողանում վերահսկել, հենց այդ նպատակով էլ այնտեղ, որտեղ հնարավոր է, քեյս մենեջմենթը փոխանցում ենք ապահովագրական ընկերություններին։ Պարտադիր ապահովագրության ներքո այն կլինի հնարավոր 100% դեպքերում, և մենք կունենանք ծախսվող գումարների էֆեկտիվություն և թափանցիկություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter