HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դասադուլ անող ուսանողները մերժել են ՊՆ-ի հանդիպման հրավերը ԶԼՄ-ների քիչ լինելու պատճառով

Երևանի պետական համալսարանում շարունակվում է բողոքի երթն` ընդդեմ տարկետման իրավունքի վերացման։ Դասադուլն իրականացվում է ընդդեմ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի» նախագծի՝ պահանջելով չվերացնել ակադեմիական տարկետում ստանալու իրավունքը։

Դասադուլի մասնակիցները Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետից շարժվել են դեպի Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի շենք։ Դռները փակված էին, որպեսզի ուսանողները չկարողանան ներս մտնել: «Դռները փակելն ինքնին ճնշում է ուսանողների նկատմամբ։ Անհասկանալի է էս ամեն ինչը։ ԿԳՆ-ն թմբիրում է գտնվում, որում գտնվել է վերջին մի քանի շաբաթների ընթացքում»,- ասաց Արևելագիտության ֆակուլտետի ուսանող Վահան Կոստանյանը։

«Հանուն գիտելիքի զարգացման» նախաձեռնության անդամների պահանջն այսօր մեծապես կապված էր ԶԼՄ-ների և դրանց կողմից շարժման անկողմնակալ լուսաբանման հետ։ Նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի խոսքով՝ իրենք նախօրեին մերժել են ՊՆ-ից ստացված հանդիպման հրավերը, քանի որ ԶԼՄ-ների ներկայությունը լիարժեքորեն ապահովված չի եղել․ «Մեզ զանգեցին, ասացին, որ 2 ժամից հանդիպում է լինելու։ Երբ մենք խոսեցինք Արծրուն Հովհաննիսյանի հետ, առաջին հարցը, որը տվեցինք, այն էր, թե ինչ ԶԼՄ-ներ են ներկա լինելու հանդիպմանը։ Նա ասաց, որ բոլոր լրատվամիջոցները լինելու են, բայց հիմա եկեք հասկանանք, թե բոլոր լրատվամիջոցներ ասելով` մենք ինչ ենք հասկանում։ Մենք էդ ժամանակ «Ազատություն» զանգեցինք, «Հրապարակից» էլ մեզ պատահաբար զանգեցին, ասացին, որ իրենց չեն հրավիրել»։

Հանդիպման ձևաչափն էլ պարզ չի եղել, այն քննարկման, հստակեցման կարիք ունի: «Մենք ուզում ենք՝ ուղիղ եթեր լինի։ Դրա հետ կապված` երբ երեկ զանգեցինք ՊՆ, մեզ սկզբում ասացին, որ լինելու է, հետո ասացին, որ չի լինելու, հետո էլ ասացին, որ եթե լրատվամիջոցներն ուզեն, ուղիղ եթեր կանեն։ Փորձը ցույց է տալիս, որ երեկ ուղիղ եթեր չի եղել»,- ասաց Դավիթը։

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Լևոն Չուխակյանի խոսքով՝ որոշակի քաղաքականություն է տարվում քառօրյա պատերազմի մասնակիցների միջոցով պառակտում մտցնելու ուսանողության մեջ․ «Հայ զինվորի կերպարը փորձում են հակադրել մեր գաղափարներին։ Ո´չ, մեր գաղափարը բանակում չծառայելը չէ։ Մենք կողմ ենք ծառայելուն։ Մենք ծառայել ենք։ Բայց մեր նպատակը տարկետման ինստիտուտը պահպանելն է։ Ով որ պետք է պետությանը ծառայի իր գիտելիքով, նրա կրթությունը չպետք է խաթարվի այս օրենքով»։

Հարցին, թե արդյոք չեն ծրագրում բողոքի ձայն բարձրացնել Պաշտպանության նախարարության դիմաց, Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Գևորգ Բաբայանը պատասխանեց․ «Առաջիկայում ծրագիր չկա երթով գնալ դեպի Պաշտպանության նախարարություն, բայց ԿԳՆ գնալու ենք, ուղղակի օրը դեռ պարզ չէ»։

Դասադուլի մասնակից ուսանողների պնդմամբ՝ ուսխորհուրդը պասիվ քաղաքականություն է որդեգրել։ Արդեն 2 շաբաթ է՝ որևէ բուհի ՈՒԽ պաշտոնական հայտարարություն չի արել։ Ուսանողները դժգոհում են. «Գնանք ՈՒԽ ի՞նչ քննարկենք, ի՞նչ պաշտոնական հանդիպում կազմակերպենք»։

Ներկաների խոսքով՝ իրենց շարքերում կուսակցականներ կան, բայց դա չի նշանակում, թե շարժումը քաղաքականացված է: «Եթե ինչ-որ քաղաքական ուժ էս շարժման մասին խոսում է, դեռ չի նշանակում, թե նաև ուղղորդում է այն։ Էդ բոլոր կեղտոտ բաները դնենք մի կողմ, մեր հանրության մեջ միմյանց հանդեպ վստահությունը շատ ցածր է։ Ես հիմա պաշտոնապես հայտարարում եմ՝ ոչ մի քաղաքական ուժ մեզ չի ուղղորդում: Եթե ինչ-որ մեկը կոնկրետ բան գիտի, թող գա, ասի»,- նշեց Դավիթը։

Անդրադառնալով դասախոսներին՝ ուսանողները նշեցին, որ նրանցից ոմանք կողմ են շարժմանը, ոմանք` դեմ, մի մասն էլ չեզոք է տրամադրված։

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը վստահեցնում է՝ պայքարն ուղղված չէ ծառայության դեմ: «Պայքարն ուղղված է տարկետման ինստիտուտի պահպանմանը։ Սա կապված չէ ծառայելու կամ չծառայելու հետ»,- ասաց նա։

Շարժման մասնակից Վահան Կոստանյանը հավելեց, որ իրենք Պաշտպանության նախարարին հրավիրում են ԵՊՀ՝ խնդիրը ուսանողների հետ քննարկելու․ «Մենք այսօր Վիգեն Սարգսյանին հրավիրում ենք Երևանի պետական համալսարան՝ մեր ամբողջ նախաձեռնության անդամների հետ հանդիպման։ Եթե ինքն իրականում մտահոգված է ուսանողների ձայնը լսելով, ապա, կարծում եմ, շատ լավ առիթ կլինի հանդիպել մի քանի հարյուր ուսանողների հետ և լսել նրանց կարծիքը»։
 

Նելլի Պետրոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter