HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժաննա Սարգսյան

«Հայաստանը, կարծես, բաց վերքերով մարմին լինի»

«Հետք»-ի հարցերին պատասխանում է իրավաբան Ռուզաննա Ղազարյանը:

Ինչպիսի՞ն է առողջ միջավայրում ապրելու իրավունքի ընկալումը մեր հասարակության մեջ:

Ամբողջ աշխարհի մասշտաբով արժևորվելու ենթակա է մարդու էկոիրավունքը, որովհետև երկրագնդի վրա այնպիսի տարածք չի մնացել, որն էկոլոգիական խնդիր չունենա: Կլիմայի փոփոխությունները արդեն իսկ գլոբալ խնդիր են, նաև` տարբեր տարածաշրջաններ ունեն իրենց սպեցիֆիկ պրոբլեմները: Ինձ թվում է` Հայաստանում խնդիրները շատ ավելի շատ են, քան որևէ այլ տեղ: «Առողջ ապրելու իրավունք» ասվածը մեզ մոտ դեռևս չկա, ու հեռանկարը, ցավոք, դեռ չեմ տեսնում:

Ինչո՞վ է պայմանավորված Ձեր համոզմունքը: Չէ՞ որ ՀՀ Սահմանադրությունը հռչակում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը և բարեկեցությանը նպաստող, առողջ շրջակա միջավայրում:

Այո, օրենքը կա: Սակայն Հայաստանը, կարծես, բաց վերքերով մարմին լինի: Աշխարհի քարտեզի վրա այն դեռատի աղջկա կիսադեմի է նման, ու այդ դեմքի բոլոր մասերը հիմա վերքոտ են: Երբ հողը փորում են` ինչ-որ օգտակար հանածո հանելու համար, ու հետո դա էդպես թողնում, ինձ թվում է, թե դա վերք է, խոշտանգված մարմնի բաց վերք: Նույն կերպ մարդու մարմինը կարող են քչփորել` ավիշ, արյուն, ոսկոր հանելու համար: Մեր երկրի օրգանիզմը վերից-վար խոցոտում են հորատող տեխնիկայով, հանում` ինչ ուզում են, ու թողնում բաց վերքեր:

Դուք հանքարդյունաբերությունը նկատի ունեք: Բայց այն կարևոր ճյուղ է մեր երկրի տնտեսության համար:

Ալավերդիում դեռ խորհրդային տարիներից սկսած  քչփորում են ընդերքը, մթնոլորտն էլ աղտոտված է: Վանաձորում ժամանակին քիմիական կոմբինատն էր թույն արտանետում: Ասում են` եթե թռչունը պատահմամբ այդ ծխի միջով անցներ, չորացած վայր էր ընկնում: Հիմա գործարանը չի գործում, բայց ծառերը վարակված են արդեն: Անտառ էլ գրեթե չի մնացել` այն մութ ու ցուրտ տարիների  հետևանքով: Մթնոլորտն աղտոտված էր  ու հիմա էլ մաքրվելու հեռանկար չի երևում: Թեղուտն ամբողջությամբ «ականապատ դաշտ» է, որի գնահատականը կտան հաջորդ սերունդները:  Սևանի ամբողջ ավազանը վտանգված է. ոսկու հարստացման գործարանն ու հանքանյութը մանրացնող-տեսակավորող արտադրական համալիրն աղետ են ոչ միայն Սևանա լճի  էկոհամակարգի, այլև ողջ Հայաստանի համար: 

Եթե Սևանը Հրազդան գետով ոռոգման ջուր է հասցնում Արարատյան դաշտավայր, միանշանակ Սևանից մինչև Արտաշատ արդեն աղտոտված է ջուրը: Վարակված ջրով ոռոգված-սնված միրգն ու բանջարեղենն արդեն իսկ թունավոր են: Մի կողմից էլ` ջրի բնական շրջապտույտը. ծառերն այդ թունավորված ջրով ոռոգվում են, թույնը արտանետում են օդ, հետո` մթնոլորտից այդ նույն թույնը  անձրևի, ձյան հետ վերադառնալու է մեզ: Հրազդանում կառուցվող մետաղամշակման գործարանի արտանետած նյութերը տարիներով կմնան հողի մեջ և լրջորեն կվնասեն տարածքի, և ոչ միայն` այդ տարածաշրջանի, բնակչության առողջությունը:

Երկրի հարավում էլ նույն վերքերն են: Սիսիան, Կապան, Քաջարան: Սիսիանում քչփորում են ուրանի հանքը: Ասում են` արդյունահանման նպատակով չենք անում, միայն ուսումնասիրման նպատակ ունենք. ուզում են քնած գազան արթնացնել: Քաջարանի շուրջբոլորն արդեն պոչամբարներ են: Շուտով ողջ Հայաստանը պոչամբար կդառնա: Էսպես որ գնա, շուտով ոչ միայն Կաքավասարը կկոչվի Ամուլ-սար, այլև ողջ երկիրս կդառնա ամուլ:

Դուք տեսնում եք որեւէ ուղի:

Մարդու էկոիրավունքների և էկոպարտավորությունների մասին գիտելիքների տարածումն է: Գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք` ցուցադրական օրինակներով, քարոզչությամբ, տեղեկատվական բոլոր հնարավոր միջոցներով մարդկանց պետք է հետևողականորեն բացատրել բնության հետ սխալ վարվելու անդառնալի հետևանքները:

Ինչպես մենք ենք վարվում բնության հետ, այնպես նա է հատուցում մեզ: Մենք պիտի լինենք մեր հողի իսկական տերը: Իսկ իսկական տերն իր ունեցվածքը չի ապականում: Բարենպաստ շրջակա միջավայրում ապրելը ոչ միայն իրավունք է, այլև` պարտականություն: Պարտականություն` բոլորի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter