Կատալոնիայում բողոքի ակցիաներ են անցկացվում երկրամասի առաջնորդների ձերբակալման դեմ
Կատալոնիայի անկախության հարյուրավոր կողմնակիցներ փակել են մի քանի խոշոր մայրուղիներ և երկաթուղային գծեր՝ ի նշան բողոքի Իսպանիայի իշխանությունների կողմից ինքնահռչակ պետության 8 նախկին նախարարների ձերբակալման դեմ: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Իսպանիայի ազգային դատարանը որոշում էր կայացրել Կատալոնիայի նախկին կառավարության 8 անդամների կալանավորման մասին: Նրանք մեղադրվում են խռովության, ապստամբության և պետական միջոցները վատնելու մեջ:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են «ազատ արձակել քաղբանտարկյալներին»: Հաղորդվում է նաև ոստիկանների հետ բախումների մասին, ովքեր փորձում են ազատել ճանապարհները և վերականգնել երթևեկությունը:
Իրավապահ մարմինների կողմից արգելափակվել է առանցքային ուղղություններով ավտոմեքենաների և գնացքների տեղաշարժը, մասնավորապես Իսպանիայի և Ֆրանսիայի սահմանային հատվածի:
Միևնույն ժամանակ, Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հերթական անգամ պաշտպանել է ինքնավար տարածաշրջանում ուղիղ կառավարում մտցնելու որոշումը՝ քննադատության ենթարկելով Կատալոնիայի նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնին:
Երբ Կատալոնիան միակողմանիորեն անկախություն հռչակեց և Իսպանիայի իշխանությունները ուղիղ կառավարում մտցրին ինքնահռչակ երկրում, Պուչդեմոնը և նրա չորս գործընկերները մեկնեցին Բելգիա: Այն բանից հետո, երբ Իսպանիան Պուչդեմոնի և նրա կողմնակիցների ձերբակալման համաեվրոպական վկայագիր ուղարկեց Բելգիային, կատալոնացի պաշտոնյաները ինքնակամ հանձնվեցին ոստիկանությանը: Նոյեմբերի 7-ին Բելգիայի դատարանը ազատ արձակեց նրանց՝ երկրից չբացակայելու պայմանով:
Իսպանիայում Պուչդեմոնին և նրա չորս գործընկերներին մեղադրում են ապստամբության, դավադիր գործունեության և պետական միջոցները վատնելու մեջ: Մեղավոր ճանաչվելու դեպքում՝ նրանց կարող է սպառնալ մինչև 30 տարվա ազատազրկում:
Մեկնաբանել