
Դասադուլը շարունակվում է. Աքորիում «դրսից բերված» տնօրենին չեն ընդունում (տեսանյութ)
Արդեն երկու օր է՝ Լոռու մարզի Աքորի համայնքի միջնակարգ դպրոցի տնօրենի՝ դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած ընտրության արդյունքների պատճառով դադարեցված են դպրոցի ուսումնական պարապմունքները:
Դպրոցի կոլեկտիվի 41 անդամները սովորականի նման ներկայանում են դպրոց, սակայն դասարան չեն մտնում և դաս չեն պարապում: Իսկ դպրոցի մուտքի մոտ հավաքված աշակերտները «Հետքին» ասացին, թե դասի չեն գալու մինչև դպրոցի տնօրեն չնշանակվի իրենց համագյուղացի Արմեն Նիազյանը:
Դպրոցի կառավարման խորհրդի քարտուղար Սեդա Թոմոյանը «Հետքին» հայտնեց, որ առայժմ, բացի լրատվամիջոցներից, ոչ ոք ուշադրություն չի դարձրել իրենց խնդիրներին: Տնօրենի ընտրությունից հետո Աքորիի միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվի, աշակերտների և նրանց ծնողների դեկտեմբերի 20-ին անցկացրած բողոքի ակցիային դեռևս չի արձագանքել Լոռու մարզպետարանի կրթության վարչությունը, իսկ մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզի հեռուստալրատվամիջոցներով, կարևորելով դպրոցների կառավարման խորհուրդների դերը, ասել է, որ Աքորիի կառավարման խորհրդի որոշումն իր համար անբեկանելի է:
Աքորեցիները կարծում են, որ գյուղապետ Կամո Սիմոնյանը կառավարման խորհրդում գյուղի դպրոցի տնօրեն ընտրվելու հարցում Անահիտ Մուսայելյանին աջակցել է հենց Լոռու մարզպետի հանձնարարությամբ: Այս տեսակետից էլ աքորեցիները գյուղապետին մեղադրում են համայնքի բնակիչների հետ միաբան չլինելու համար:
Կառավարման խորհրդի քարտուղար Սեդա Թոմոյանն ասում է, թե հենց սկզբից դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթն անցկացվել է տնավարի: Խորհրդի նախագահը նախօրոք նիստ չի անցկացրել եւ խորհրդի անդամներին չի ծանոթացրել նիստի ընթացակարգին. «Նախօրոք մենք չենք կնքել քվեաթերթիկները. բոլոր աշխատանքները կատարվել են հենց ամսի 20-ին` տնօրենի ընտրության օրը»:
Ըստ Ս. Թոմոյանի՝ կառավարման խորհրդի նիստը ղեկավարել է կրթության և գիտության նախարարության գլխավոր մասնագետ Սահակ Միսակյանը եւ ընտրությանը վերաբերվել տնավարի: Իր ասածները հիմնավորելու համար խորհրդի քարտուղարը փաստարկում է. «Առաջին՝ ավել քվեաթերթիկները չի ոչնչացվել և ասպարեզից չի հանվել: Դրանք մինչև հաջորդ օրը դրված են եղել սեղանին: Երկրորդ՝ քվեարկված քվեաթերթիկները տնօրենի ընտրությունից հետո չի հանձնվել խորհրդի քարտուղարին, որպեսզի փակ ծրարով դրվեր ընտրության մյուս փաստաթղթերի մեջ: Մինչդեռ խորհրդի նախագահ Կամո Սիմոնյանը քվեաթերթիկները դրել է գրպանը և տարել իր հետ»:
Թոմոյանը հավաստիացնում է, որ երեկոյան գյուղապետի աշխատասենյակում, երբ ոստիկանների ներկայությամբ իր գործընկերների հետ գյուղապետից պահանջել է քվեաթերթիկները, վերջինս դրանք հանել է իր գրպանից:
Բացի այդ՝ կառավարման խորհրդի քարտուղարը նաև պարզել է, որ Անահիտ Մուսայելյանի՝ խորհրդին ներկայացրած հավաստագիրը կնքված և ստորագրված չէ, ուստի «չունի իրավական ուժ, որի պատճառով նա անօրինական է մասնակցել տնօրենի ընտրությանը:
Սեդա Թոմոյանն ասում է, որ մանկավարժները եւ աշակերտները դպրոցի կառավարման խորհրդից պահանջում են տնօրենի նոր ընտրություններ. «Այս ընտրությունները լրիվ կեղծ էր: Մենք արդեն գիտենք, որ տնօրենի թեկնածուների ձայների հարաբերությունը 4:4 է եղել»: Թոմոյանը նաեւ թվարկում է խորհրդի այն 4 անդամների անունները, ովքեր քվեարկել են դպրոցի տնօրենի թեկնածու Արմեն Նիազյանի օգտին, սակայն «ձայներից մեկը կեղծվել է»: Թե կոնկրետ ո՞ւմ ձայնն է կեղծվել, տարեց ուսուցչուհին դժվարանում է պատասխանել: «Ըստ երևույթին, քվեաթերթիկ է կեղծվել»,- ենթադրում է նա:
Խորհրդի 4 անդամները ստորագրությամբ հավաստիացրել են, որ իրենց քվեն տվել են Արմեն Նիազյանին: Ըստ կառավարման խորհրդի քարտուղարի՝ իրենց հայտնի է, որ մարզպետարանում սպասել են Անահիտ Մուսայելյանի ոչ թե 5, այլ 6 քվեների:
«Ինչո՞ւ է պարոն մարզպետն իր ելույթներում սիրում կրկնել, որ ինքը սիրում է Ալավերդին: Իսկ մենք իրավունք չունե՞նք ասելու, որ մեր գյուղի շահերից ելնելով` ուզում ենք դպրոցի տնօրեն ընտրել մեր գյուղացուն»,- հարցնում է ուսուցիչներից մեկը:
Պատմության ուսուցիչ Գնել Թաթոյանը դպրոցի տնօրենի ընտրության շուրջ ընթացող զարգացումների մասին ասում է. «Մեր դպրոցի տնօրենի ընտրությունը չի համապատասխանում մեր օրենքների պահանջներին, այդ պատճառով էլ մենք դասապրոցեսը դադարեցնում ենք»: Նա վստահեցնում է, որ դրանից աշակերտները չեն տուժի, քանի որ ուսուցիչները պատրաստ են երեխաների հետ պարապել լրացուցիչ եւ բացը լրացնել:
Ուսուցիչներ Արմենուհի և Վանիկ Սիմոնյաններն ու Արարատ Դալլաքյանը, ի պատասխան այն խոսակցությունների, որ ֆիզկուլտուրայի ուսուցիչ Արմեն Նիազյանը չի կարող լավ տնօրեն լինել, ասում են. «Շատ պատմության և այլ առարկաների մասնագետներ տնօրենի հավաստագիր չեն կարողացել ստանալ, իսկ մեր համագյուղացին ստացել է: Այդ դեպքում ինչո՞ւ պետք է դրսից տնօրեն նշանակվի մեր գյուղում»:
Դպրոցի արհմիության տեղկոմի նախագահ Շուրա Աբգարյանն էլ ասում է, որ ելնելով իրավիճակից՝ դպրոցի արհմիութենական և կոլեկտիվի ընդհանուր ժողովը որոշել է ուսումնական պարապմունքները դադարեցնել մինչև դեկտեմբերի 23-ը. «Եթե դրանից հետո տնօրենի նոր ընտրություն անցկացնելու մեր պահանջին ընթացք չտան, մենք նորից շարունակելու ենք: Նույնը պահանջում են նաև երեխաները:»
Շուրա Աբգարյանը նշում է, որ արհմիութենական կազմակերպության այս որոշման արձանագության օրինակն արդեն ուղարկվել է Լոռու մարզպետարան եւ երկրի նախագահին: Օրինակներ կուղարկեն նաեւ կրթության ու գիտության նախարարին և տարբեր իրավապաշտպան կազմակերպություններին:
Մեկնաբանություններ (25)
Մեկնաբանել