HY RU EN

Տրդատ Մուշեղյան

Բրիտանացի նախարարը հրաժարական է տվել Իսրայելի իշխանությունների հետ ոչ պաշտոնական հանդիպումների պատճառով

Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարար Փրիթի Փաթելը հրաժարական է տվել: Պատճառը Իսրայելի իշխանությունների ներկայացուցիչների հետ ունեցած ոչ պաշտոնական հանդիպումների շուրջ ծագած սկանդալն է: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Փաթելը Աֆրիկայում գործուղման է եղել, երբ նրա հանդիպումների մասին տեղեկությունները հասանելի են դարձել հանրությանը: Արդյունքում, նա ստիպված եղավ ընդհատել գործուղումը և վերադառնալ Միացյալ Թագավորություն՝ վարչապետ Թերեզա Մեյի հետ հանդիպելու համար:

Կառավարության արդեն նախկին անդամը նոյեմբերի 7-ին ներողություն էր խնդրել վարչապետից այս տարվա օգոստոս ամսին իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների համար, որոնց թվում է եղել նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

Այնուհետև հայնի դարձավ, որ սեպտեմբերին նա ևս երկու հանդիպում է ունեցել, որոնց մասնակցել են նաև Մեծ Բրիտանիայի պաշտոնական ներկայացուցիչներ:

BBC-ի հաղորդմամբ՝ Թերեզա Մեյի հետ հանդիպելու համար Փաթելը վարչապետի նստավայր է մտել շենքի հետևի մուտքից, իսկ 45 րոպե անց դուրս է եկել այնտեղից:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում սա արդեն երկրորդ հրաժարականն է Մեծ Բրիտանիայի կառավարությունում: Նոյեմբերի 1-ին իր պաշտոնից հեռացել էր պաշտպանության նախարար Մայքլ Ֆոլենը: Վերջինս մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ:

Փրիթի Փաթելը մի քանի ոչ պաշտոնական հանդիպումներ է ունեցել, որոնց մասին տեղյակ չի պահել Միացյալ Թագավորության արտգործնախարարությանը:

Հետո հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 7-ին Վեսթմինիսթերում նա հանդիպել է Իսրայելի ներքին անվտանգության նախարար Գիլադ Էրդանին, իսկ սեպտեմբերի 18-ին Նյու Յորքում՝ իսրայելցի դիվանագետ Յուվալ Ռոտեմին:

BBC-ն վստահեցնում է, որ Թերեզա Մեյը չի ցանկացել հարված հասցնել նրա արժանապատվությանը և հնարավորություն է տվել ինքնակամ հրաժարական տալ: Սակայն միևնույն ժամանակ ընդգծվում է, որ եթե Փաթելը ինքնակամ չհեռանար, ապա միևնույնն է՝ Մեյը նրան պաշտոնանկ էր անելու:

Իսրայելական Haaretz պարբերականը նոյեմբերի 8-ին գրել էր, որ Փրիթի Փաթելը այցելել էր Գոլանի բարձունքներում գտնվող իսրայելական ռազմական հոսպիտալ: Մեծ Բրիտանիան, ինչպես և միջազգային հանրությունը, երբեք չեն ընդունել Իսրայելի վերահսկողությունը Գոլանի բարձունքների նկատմամբ, որը գրավվել էր 1967 թվականին Սիրիայի դեմ տեղի ունեցած Վեցօրյա պատերազմի արդյունքում:

Փաթելը 2010 թվականից Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր է եղել՝ ներկայացնելով Պահպանողական կուսակցությունը: 2014 թվականից սկսած՝ նա տարբեր նախարարական պաշտոններ է զբաղեցրել երկրի կառավարությունում: Միջազգային զարգացման նախարարությունը նա ղեկավարում էր 2016 թվականից հուլիսից:

Լուանկարը՝ Matt Cardy / Getty Images