HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Կարապետյանն ընդունել է բողոքի ակցիա իրականացնող ուսանողներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է կառավարության շենքի առջև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի դեմ բողոքի ակցիա իրականացնող ուսանողների ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, տեղեկացնում է Կառավարության պաշտոնական կայքը:

«Այսօրվա հանդիպումը ցանկանում ենք անցկացնել՝ հաշվի առնելով, որ ձեզնից յուրաքանչյուրը երկրի առջև զգում է իր պարտքն ու պատասխանատվությունը: Հարցադրումներ անելիս վստահ եմ՝ մեզնից յուրաքանչյուրը հասկանում է, թե ինչ պարտավորություններ և պարտք ունի որպես քաղաքացի, ինչպիսի մարտահրավերներ ունենք: Եթե մտավախություն կա, որ այս օրենսդրական փոփոխություններով կարող ենք ինչ որ բան խաթարել, ապա անհրաժեշտ է դիտարկել նաև այն երկրների օրինակները, որոնք մեզ նման են, ու արդյոք ձեր կողմից բերված փաստարկներն այդ երկրներում աշխատում են, թե՝ ոչ, դրանից գիտությունը տուժում է, թե՝ ոչ, մեր քաղաքացին ավելի անպատրաստ է, թե՝ ոչ: Բոլորս համոզված ենք և գիտակցում ենք, որ եթե խելացի չլինենք՝ լավ ապագա չենք ունենա: Այդ առումով, մենք շատ լավ կշռադատում, հաշվարկում ենք յուրաքանչյուր քայլ, որը կարող է դրան վնասել»,- հանդիպման սկզբում ասել է Կարեն Կարապետյանը:  

Այնուհետև ուսանողները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու դիտարկումները, որոնց վերաբերյալ տրվել են պարզաբանումներ: 

Նշվել է, որ ուսանողների կողմից բարձրացված հիմնական մտահոգություններն ոչ թե օրենքի կարգավորման առարկա են, այլ կարգավորվելու են ենթաօրենսդրական ակտերով: Վարչապետն ու պաշտպանության նախարարն ընդգծել են, որ նախատեսվելու է կառավարության՝ օրենքից բխող մոտ յոթ տասնյակ որոշումների ընդունում , և ակցիայի նախաձեռնող խմբի ներկայացուցիչներին առաջարկվել է ընդգրկվել այդ որոշումների նախագծերը մշակող աշխատանքային խմբում ու ներկայացնել իրենց առաջարկներն ու մոտեցումները: Ուսանողների կողմից առաջարկությունը չի ընդունվել:

Կառավարության շենքից դուրս գալով՝ շարժման նախաձեռնողներից Դավիթ Պետրոսյանը դժգոհեց` ասելով, որ հանդիպման ձևաչափը խախտվել է. «Մենք այլ պայմանավորվածություն ենք ունեցել, համաձայն որի` պետք է միայն ներկա լինեին ուսանողները և վարչապետը»:

Վաղը` նոյեմբերի 10-ին, դասադուլը շարունակվելու է:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ հարյուրավոր ուսանողներ դասադուլ են անում՝ պահանջելով չվերացնել ակադեմիական տարկետում ստանալու իրավունքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter