HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Դիանա Համբարձումյանը մասնակցում է «Vonnegut Fest 2017»-ին

Ինդիանապոլիսում տարին վոնեգուտյան է. նոյեմբերի 11-ին լրացավ գրողի 95-ամյակը։ Վոնեգուտի թանգարան-գրադարանի հայտարարած կարճ պատմվածքների մրցույթում հաղթող է ճանաչվել արձակագիր, թարգմանիչ Դիանա Համբարձումյանի «Ես եւ որդիս» պատմվածքը, որին հաջորդել է փառատոնային հրավերը։ Մինչ մեկնելը Դիանան պատմեց Վոնեգուտի գրականության, տարիներ տեւած ուսումնասիրությունների, այս մրցույթին մասնակցելու շարժառիթների մասին։

Գիտեմ, որ Վոնեգուտի գրականությունը Ձեզ դեռ վաղուց է հետաքրքրել։ 2005թ․-ին «Զանգակը» լույս ընծայեց «Կապտամորուս» վեպը, որը Դուք եք թարգմանել։

Վոնեգուտի հետ «կապն» ավելի վաղուց է սկսվել, այո։ 2000 թվականն էր, եթե ճիշտ եմ հիշում, ուսանողներիցս մեկը վերադարձել էր Ամերիկայից ու ձեռքին «Կապտամորուսն» էր, հարցրեցի գրքի մասին, թերթեցի մի քանի էջ ու ասացի, որ ուզում եմ կարդալ։ Գիրքը նվիրեց ինձ։ Անցել է տասնյոթ տարի, գիրքն արդեն քրքրվել է, բայց առաջվա պես շատ թանկ է։

Առաջին իսկ ընթերցումից հետո հասկացա, որ պետք է թարգմանեմ, ոչ թե նրա համար, որ հիմքում Ցեղասպանությունն է, այլ բացառիկ գեղարվեստական արժեքի համար։

«Կապտամորուսը» այն քիչ գրքերից է, որտեղ կա սեւ հումորի հրաշալի շերտ, որը հրաշալի է դրսեւորում էքսպրեսիոնիստական նկարչական դպրոցի վայրիվերումները։ Իսկ մենք գիտենք, որ այդ դպրոցի ռահվիրաներից մեկն Արշիլ Գորկին էր, ում անձամբ շատ լավ էր ճանաչում Վոնեգուտը եւ բարձր էր գնահատում։ Բացի Արշիլ Գորկուց, Վոնեգուտը մտերիմ էր նաեւ Սարոյանի հետ, եւ, ըստ իս, Սարոյան-Արշիլ Գորկի տանդեմը շատ բան է տվել Վոնեգուտին` այս վեպը գրելու համար։

«Կապտամորուսի» գլխավոր հերոսը Ռաբո Կարաբեկյանն է, ում նախատիպն էլ Արշիլ Գորկին է, չէ՞։

Այո, վերապրածների արդեն երրորդ-չորրորդ սերնդի մասին է խոսքը, նրանց, ովքեր ավելի հակված էին ամերիկյան կյանքին։ Եվ, երբ Ռաբո Կարաբեկյանը բաժանվում է կնոջից, զավակները հրաժարվում են Կարաբեկյան ազգանունից եւ վերցնում են իրենց ամերիկացի հոր ազգանունը։ Ի՞նչ է անում Ռաբո Կարաբեկյանը, որպեսզի  ուղիղ եւ այլաբանական իմաստով հետ բերի զավականերին դեպի Կարաբեկյան ազգանունը, ասում է`այն գաղտնիքը, որը թաղված է կարտոֆիլի ամբարում (իսկ այդ գաղտնիքը միլիոններ արժեր), միայն մի դեպքում կարող է իր զավակներինը դառնալ, եթե վերադառնան Կարաբեկյան ազգանվանը։

Բացի յոթանասունն անց տղամարդու այս մեծ ցավից, վեպում գտնում ենք նաեւ ինքնակործան էքսպրեսիոնիստական դպրոցի վայրիվերումները, իսկ հենքում, անշուշտ, ցեղասպանության թեման է, որը շատ բարակ, թափանցիկ շերտով է նկատելի՝ առանց ճակատային շեշտադրումների։

Քանի որ «Կապտամորուսի»-ից սկսեցինք,  խոսենք նաեւ Վոնեգուտ թարգմանելու դժվարությունների մասին։

Երբեւէ չի եղել այնպես, որ ես ուղղակի սկսեմ թարգմանել։ Թարգմանիչն այդպես չի կարող անել։ Նախ, շատ բան պետք է իմանալ հենց գրողի մասին, այն ենթատեքստերի, այն թեմաների մասին, որ գիրքն է բերում, պետք է նաեւ հեղինակի շատ այլ գործեր կարդալ: Վոնեգուտի դեպքում, օրինակ, տեղյակ լինել վոնեգուտագիտությունից, հասկանալ՝ ինչպես են բացել նրա գրի ներքին շերտերը, որոնք հաղթահարել է պետք նաեւ թարգմանելու ընթացքում։

Վոնեգուտի դեպքում մատիտս կանգ էր առնում այն բառերի եւ բառակապակցությունների վրա, որոնք նորաբանություններ էին․ դրանք չկան բառարաններում, նույնիսկ, եթե բառարանը տալիս է բացատրություն, հրաժարվում ես բազմիմաստ բառերի տարբերակային համարժեքներից եւ գտնում ես այն բառը, որը բառարանը քեզ չտվեց․ սա կոչվում է համատեքստային թարգմանական համարժեք։

Վոնեգուտը Ֆոլքներ չէ․ դժվար չի թարգմանվում, բայց սեւ հումորը ճշգրիտ պահելը եւ նորաբանություններին զգույշ մոտենալը, ինչպես արդեն նշեցի, թարգմանական հիմնական խութերն են, որոնք պետք է հաղթահարեի, եւ կարծես ստացվեց։

Թանգարան-գրադարանի հայտարարած մրցույթին մասնակցելու շարժառիթները կարծես պարզ են։

Տարիների ընթացքում հասկացել եմ, որ, իսկապես, Վոնեգուտը «հետապնդում» է ինձ, կամ` ես եմ իրեն հետապնդում։ 2008 թվականին միջազգային մի գիտաժողովում «Կապտամորուսի» հենց իմ թարգմանության եւ բնագրի ոճի ու լեզվի պահպանման խնդիրների մասին զեկույց ներկայացրի։

Երբ սկսվեց նամակագրությունը Վոնեգուտի թանգարան-գրադարանի հետ, հասկացա, որ սա պատահականություն համարել չի կարելի (առհասարակ պատահականություններին լուրջ չեմ վերաբերվում)։

Այս տարի Վոնեգուտի 95-ամյակն է, ինչպես գիտեք, եւ Ինդիանապոլիս քաղաքում վոնեգուտյան տրամադրություն է։ Հայտարարված կարճ պատմվածքների մրցույթին մասնակցելու համար ընտրություն կատարելը բարդ էր, որովհետեւ վերջին ինը-տասը տարիներին տարված եմ վեպով եւ պատմվածքներ գրեթե չեմ գրում։ 2011թ․-ին լույս էր տեսել իմ «Տասը լավագույն պատմվածք» հայերեն-անգլերեն երկլեզու ժողովածուն, որից էլ ընտրեցի «Ես եւ որդիս» պատմվածքը։ Հենց այդ պատմվածքն ուղարկեցի այն պարզ պատճառով, որ համապատասխանում էր մրցույթի տեխնիկական պահանջներին, սահմանված ծավալներին։

Անկեղծ ասած՝ սրտի թրթիռով եմ սպասել պատասխանին, քանի որ խոսքը վերաբերում էր Վոնեգուտին (մեծ ցանկություն ունեի տպագրվելու ամսագրի հոբելյանական համարում): Երեք ամիս տեւած քար լռությունից հետո ստացա շնորհավորական նամակը, որին կցված էր նաեւ փառատոնին մասնակցելու հրավերը։ Ցավոք, նամակում նշված էր նաեւ, որ իրենք ճանապարհածախսը եւ կեցության հարցերը չեն հոգում։

Բնականաբար, իմ պատասխանը դրական էր։ Երկար չպատմեմ տվայտանքներիս մասին, որոնց միջով անցա, դիմումներ գրեցի այս ու այն կողմ եւ հոգնեցի «ոչ»-երից։ Իմ հոգապահուստից ճանապարհածախսն առանձնացրեցի, իսկ կեցության հարցերն իրենց վրա վերցրին հայ ընտանիքները, ինչի համար շատ շնորհակալ եմ։

Այս փառատոնը ինձ մեկ այլ հրավեր էլ բերեց` արդեն Իլինոյի համալսարանից (Չամփեյն քաղաքում), որտեղ նոյեմբերի 13-ին դասախոսություն կկարդամ (Վոնեգուտ, Սարոյան, ժամանակակից հայ գրականության եւ իմ արած-չարածի մասին)։

Այս տարի լույս տեսավ Ձեր նոր գիրքը։  «Փեակների» մասին կպատմե՞ք։

Ուրախ եմ, որ դու էլ ասացիր «փեակների» մասին (շատերն են այդպես ասում՝ առանց վեպի  ամբողջական անվանումը` «Փեակների տարաբախտությունը» նշելու)։

2016թ․-ին «գրող-բնակիչ» ծրագրով հրավիրվեցի Շվեդիա (արդեն երրորդ այդպիսի փորձս էր, մինչ այդ՝ Ավստրիա, Կանադա)։ Շվեդիան ինձ շատ բան տվեց, այս գրքում շատ անդրադարձ կա Վիսբի քաղաքին, որը մի չքնաղ անկյուն է Շվեդիայում` բալթյան ծովեզերքին (միջնադարյան քաղաք, որը կոչվում է «ավերակների եւ վարդերի» քաղաք)։

Այստեղ էր, որ հասկացա` ամեն շենշող բան չէ, որ ներսում նույնկերպ է՝ թեթեւ ու երջանիկ։ Փեակները հունական դիցաբանությունից են․ նրանք փրկեցին Ոդիսեւսին, բայց Պոսեյդոնը պատժեց նրանց, քանի որ չէր կարող Ոդիսեւսին պատժել։ Վերնագրում առասպելի «փեակների» կողքին ոճը բարձր պահելու համար «դժբախտության» փոխարեն «տարաբախտություն» բառն ընտրեցի։

Որոշ ընթերցողներ եւ գրականագետներ վեպը որակում են որպես «հակաարտագաղթային»։ Անշուշտ, հենքի մեջ կա նման բան, բայց ճակատային վավերագրություն, ինչպես օրինակ Փիթեր Բալաքյանի դեպքում է, չկա։ Սա այլ բան է՝ այլ ոճական իրացումներով եւ գեղարվեստական խոսքով։

Ուզեցի ինձ անհանգստացնող, ցավեցնող երեւույթները, տեսածս, լսածս, վշտակցածս երեւան այս վեպում։ Մարդն արդեն ծնունդով ու էությամբ մեղքերի մեջ է թաղված. արդյո՞ք այդ մեղքերի շարքում եւս մեկը չի ավելանում, երբ փորձում է սիրել մեկին։

Վերջին երկու ամիսների ընթացքում հասկացա, որ գիրքը շատ հետաքրքիր ճակատագիր ունի, այն, եթե պետք է ապրի, գրողին այլեւս անտեսում են՝ սիրված է, գնահատված է, թե չսիրված է, կարեւոր չէ արդեն։ Հասկացա, որ այս գիրքն իր ճանապարհը հարթում է՝ առանց լուրջ գովազդների: Կարեւորն այն է, որ գիրքը կարդում են եւ գրքի մասին խոսում են թե´ ընթերցողները, թե´ պրոֆեսինալ գրականագետները։

Լուսանկարներում՝ Դիանա Համբարձումյանը՝ Վոնեգուտի գրադարան-թանգարանում (Ինդիանապոլիս)։ Լուսանկարները՝ Համբարձումյանի ֆեսյբուքյան էջից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter