HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Իրան-Իրաք սահմանին երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 300-ը

Նոյեմբերի 12-ին Իրանի արևմուտքում տեղի ունեցած 7,3 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 336-ի, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով Իրանի իշխանություններին: Եվս 4000 մարդ ստացել է տարբեր աստիճանի վիրավորումներ:

Տուժածների մեծամասնությունը Սարպոլ-Է Զահաբ քաղաքի բնակիչներ են: Քաղաքը տեղակայված է Իրաքի հետ սահմանից 15 կիլոմետր հեռավորության վրա:

Տեղական իշխանությունները հայտարարել են, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փրկարարները դեռևս չեն հասել առանձին գյուղերին: Տարածաշրջանում տները հիմնականում կառուցված են կավից: Այդպիսի շինությունները թույլ սեյսմադիմացկունություն ունեն:

Իրանի սեյսմոլոգիական ծառայությունը արդեն իսկ գրանցել է 180 հետցնցում՝ ընդգծելով, որ դրանք շարունական բնույթ են կրելու:

Սարպոլ-Է Զահաբի հիվանդանոցը լուրջ վնասներ է կրել երկրաշարժից, և այնտեղ աշխատող բժիշկները դժվարությամբ են օգնություն ցուցաբերում հարյուրավոր տուժածներին:

«Մի շարք գյուղերում դադարել  է էլեկտրամատակարարումը, խափանվել է հեռահաղորդակցման համակարգը: Անօթևան է մնացել մոտ 70 հազար մարդ»,- ասել է Կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային կոմիտեի Իրանի գրասենյակի ղեկավար Մորթեզա Սալիմը:

Երկրաշարժը տեղի է ունեցել Իրաքյան Քուրդիստանի Հալաբջա քաղաքից 30 կմ հարավ-արևմուտք գտնվող շրջանում՝ Իրանի հետ  հյուսիսարևելյան սահմանից ոչ հեռու: Երկրաշարժի օջախը գտնվել է ընդերքի 33,9 կմ խորքում: Ցնցումները զգացվել են նաև Թուրքիայում, Իսրայելում և Իրաքում, նաև Հայաստանի հարավային և կենտրոնական հատվածներում:

Իրաքում ամենանշանակալի ավերածությունները արձանագրվել են Քրդական ինքնավարության Դարբանդիհան քաղաքում: Զոհերի թիվը հասնում է 11-ի, 130 մարդ վիրավոր է: 

Լուսանկարը՝ AP Photo / ISNA/Pouria Pakizeh

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter