HY RU EN

Նաիրա Հայրապետյան

Արտո Թունջբոյաջյան. «Միտք ունիս՝ մեկ անգամ կմեռնիս, միտք չունիս նե՝ ամեն վայրկյան կմեռնիս…»

Արտո Թունջբոյաջյան. «Միտք ունիս՝ մեկ անգամ կմեռնիս, միտք չունիս նե՝ ամեն վայրկյան կմեռնիս…»

«Սեր, Հարգանք, Ճշմարտություն». այս երեք խորհրդանիշներն են առաջնորդում Արտոստան երկրի մուտքը, որտեղ կյանքը բնությանը միաձուլված է, և որտեղ երաժշտությունը խոսում է միայն հոգու և մտքի ներդաշնակության լեզվով:

«Կարևորը մարդու միտքն է, էդ միտքը պետք է մաքուր ըլլա ու առաջ տանի մարդուն՝ առանց բնությանը նեղացնելու,- ասում է Արտոստանի գլխավոր բնակիչը՝  ճանաչված թմբկահար, պարոն Ավանգարդ-Ֆոլկ Արտո Թունջբոյաջյանը:- Նայե՛, միտք ունիս՝ մեկ անգամ կմեռնիս, միտք չունիս նե՝ ամեն վայրկյան կմեռնիս»:

Արտոն համագործակցել է բազմաթիվ հայտնի արտիստների, նրանց թվում` լեգենդար անունների հետ՝ Չեթ Բեյքեր, Ջոն Մըքլաֆլին, Ալ Դի Մեոլա («World Sinfonia»), Մարկ Ջոնսոն («Right Brain Patrol»), Ջո Զավինուլ, «System Of A Down» («Toxicity»), Սերժ Թանկյան (Serart), Փոլ Ուինթեր, Նորա Ջոնս և այլք: 2011թ. նրա և ամերիկացի հայտնի սաքսոֆոնահար Փոլ Ուինթերի խմբի «Miho: Journey to the Mountain» ալբոմն արժանացավ  «Գրեմմի»-ի՝ որպես լավագույն ալբոմ «Նյու էյջ» ոճում:

 

Նրա երաժշտությունն օգտագործվել է արտասահմանյան հայտնի մի քանի ֆիլմերում: Սակայն մեզ համար այս երաժշտի թերևս ամենակաևոր նախագիծը «Armenian Navy Band»-ի ստեղծումն էր 1998թ.: Այն մեծ իմաստով փոխեց պատկերացումները և՛ երաժշտության, և՛ կատարման մատուցման, և՛ երաժշտություն-ունկնդիր երկխոսության մասին: Ծով չունեցող Հայաստանում Արտոն հավաքեց Հայաստանի լավագույն ու տաղանդավոր երաժիշտների մի խումբ և սկսեց իր «նավատորմով» շրջել համաշխարհային երաժշտական օվկիանոսի ափերով: Իրար հետևեցին, ծնվեցին տարբեր նախագծեր, թողարկվեցին ալբոմներ, ու աստիճանաբար խումբն ու արտոերեն լեզուն դարձան հայկական խորհրդանիշներից: 2006թ. «Armenian Navy Band»-ը (ANB) «BBC World Music»-ի կողմից հաղթող ճանաչվեց «Planet Audience Award» անվանակարգում:  

Լուսանկարը՝ ANB-ի ֆեյսբուքյան էջից

Անդրադառնալով խմբի այսօրվա գործունեությանը (որը հիմնականում հանգստի մեջ է և ելույթ է ունենում ոչ պարբերաբար)՝ Արտոն կարևորում է «կտոր մը դադար առնիլը», որը սովորաբար նպաստում է նոր գաղափարներ ստեղծելուն, նորից զրոյով, բայց նոր մտքերով առաջ գնալուն և օգնում է ստեղծագործող մարդուն խուսափել «նավթալին դառնալուց»:

«Ես միշտ ասում եմ՝ աշխարհքի շուկան մի մեծ բեմ է, որը բարձրանալուց հետո պետք է կարողանաս նաև էնտեղից առողջ ձևով իջնել,- ասում է նա,- հարցն ավելի շատ ինչպես իջնելու մեջ է: Էդ ոճը ժամանակավոր մի բան չէ, մոդա չէ, հասկանու՞մ ես, կյանքի պատմությունը երբեք ժամանակավոր չի դառնում: Կարևորը էստեղ «երբ»-ը չէ: Ինձ համար կարևորը էն միտքն է, որի շուրջ հավաքվեցին երաժիշտները»:

Արտոյին ավելի շատ մտահոգում է այն փաստը, որ իրենց բազմաթիվ ալբոմներից Հայաստանում ամենահայտնին այդպես էլ մնաց «How Much Is Yours»-ը, այն էլ՝ միայն «Արարատ» երգով: Մինչդեռ դրանից առաջ և հետո էլ շատ ստեղծագործություններ են ներկայացվել, որոնք առավել արժեքավոր է համարում և՛ երաժշտության, և՛ ասելիքի առումով:

«Հիմա տեսնում եմ, որ Արտո Թունջբոյաջյանին էդպիսին ե´ս չդարձրեցի, «Արարատ» երգը դարձրեց: Եթե ես իմ անձն ուզենայի կարևորել, ամենասկզբից անունը կդնեի «Arto & Armenian Navy Band»: Բայց «Armenian Navy Band»-ը խմբի անուն չէ, միտք է: Ես ուզում էի ունենալ մի բան, որ եթե մենք մեռնինք էլ, ուրիշները էդ անունով շարունակեն, բայց մեկը հանկարծ չասի թե՝ օ՜, բա Արտոն ու՞ր է,-ասում է Արտոն:-Բայց մյուս կողմից էլ՝ էդքան CD-ներ ենք սարքում, մենակ մի երգից են բռնում՝ «Արարատ»-ից:  Պատճառը նաև տեսահոլովակի ազդեցությունն է, ու մարդիկ երբեմն սպասում են, որ պիտի լինի «Արարատ 2, 3, 4…. մինչև…»: Հիմա մի նոր՝ «Fake Island» անունով CD արեցինք, «SMS»-ը՝ կարևոր sms-ներով: Նամակ եմ ուղարկում մարդոց, որտեղ իրենց սոցիալական հարցերի մասին եմ խոսում երաժշտության միջոցով, բայց ուշադիր չեն: Ասում եմ՝ չենք կռվելու, հավաքվենք այլևս, բոլոր միտքերով, բոլոր տաղանդներով, հարուստներն էլ միանան լավ ձևով, կենտրոնացնենք մեր ուժերն ու միասին մեծ Արև ստեղծենք մեր երկրի համար»:

Արտոն ասում է, որ ամենակարևոր օգնողը էս «սիստեմը պիտի լինի»՝ կառավարությունը: «Դյուրին բան չէ, բայց սիստեմը պիտի տեղը պատրաստի, որ էդ մարդիկ էլ մաքուր ձևով կարողանան գործել: Ոսկի չկա, նավթ չկա, բայց միտք կա: Սրան պիտի ուշադիր լինենք: Միտք ունեցո՛ղը պիտի կառավարի, որ ժողովուրդը կարողանա իր կյանքը առողջ ձևով ապրել: Ղեկավարելու իմաստը լավ միտք բերելն է: Հիմա մենակ Հայաստանում չէ, ամբողջ աշխարհն է էդպես՝ միտք չունեցողը ղեկավարում է, իսկ ունեցողը մի բան չի կարողանում փոխել: Ամեն ղեկավար ունենում է իր ուսանողները, բայց ամենախելացի ղեկավարը ամենքի համար պետք է ուսանող լինի: Սիրտդ, միտքդ պիտի մաքուր ձևով մարդոց տաս, նվիրես, քո խիղճդ պիտի առաջ լինի: Էդպես կարող ես մարդոց համար Արև դառնաս»:

Նա գիտի և վստահ է, որ ոչ միայն արվեստում, այլև կյանքում` իր բոլոր մասնագիտություններում, ամենակարևորը լավ մարդ լինելն է:

«Կկարծեմ, որ լավ կոշկակար ըլլալու համար էլ պետք է նախ՝ լավ մարդ ըլլաս: Ուրիշ ձև չկա: Ուրիշ ձևը գիտենք ինչ է՝ թուղթին վրա համար, համարից հետո՝ արժեք… մեր ստեղծածի ստրուկն ենք դառնում ու հիմա էլ իրար ենք ուտում էդ փողի պատճառով»:

Արտո Թունջբոյաջյանն արդեն մի քանի տարի է՝ խոսում է հայ տաղանդավոր երիտասարդներին ուշադրություն դարձնելու և երկրի զարգացումը նրանց մեջ տեսնելու մասին: «Մարդը երբ սուտը, խաբելը թողնի, էդ ժամանակ ամեն ինչ իր տեղը կգտնի: Սուտն ամբողջ աշխարհի պրոբլեմն է, բայց հարցը որտե՞ղ է, գիտե՞ք… եթե էդ չհասկանանք, չգիտակցենք, բան չի փոխվի: Եթե մոթորը պրոբլեմ ունի, մեքենայի մարմինին կռվելն արդեն իմաստ չունի,- ասում է Արտոն,- ես ինչու՞ համար տակավին հույս ունեմ ու վստահ եմ, որ Հայաստանն ուժ ունի… որովհետև էդ տաղանդը կա, կազմակերպելու հարց է: Ադոր համար ասում եմ՝ աշխարհքի հայերը իրենց բոլոր լավ միտքերը, արվեստները բերեն, հարուստները իրենց հնարավորությամբ հավաքվին, ու Հայաստանը դարձնենք արվեստների կենտրոն, մեր ազգին էլ՝ աշխարհքին արև տվողներից մեկը»:

Լուսանկարը՝ Ա. Թունջբոյաջյանի արխիվից

Երբ հարցնում եմ երաժշտության մեջ անունների մասին, ովքեր ազդեցություն են թողել իր վրա և՛ որպես մարդու, և՛ որպես երաժշտի, նա, անդավաճան իր սկզբունքներին, պատասխանում է նույն արտոերենով՝ «Ես մի’տքը տեսնում եմ»: Նրան ճանաչողները գիտեն այս հարցում վաղամեռիկ եղբոր՝ Օննոյի ունեցած դերն ու մինչ օրս ներկայությունն իր կյանքում: Բայց ջազ, ռոք կամ ֆոլկ չի ուզում նշել, որովհետև իր համար կարևորը այն իրավիճակն է, որը ոգևորում և մարդու մոտ նոր գաղափարներ է ծնում: Ասում է, որ քանի օր է՝ մտքից դուրս չի գալիս Շառլ Ազնավուրը, որի հետ վերջերս հանդիպել է Կրեմլի համերգասրահում:

«Մի կտոր կյանքը ուսումնասիրեցի ու զգացի, որ նույն ճանապարհն է՝ տարբեր ուղղություններով: Շատ-շատ ուրախ էի: Ֆրանսերեն երգում է, մեկ-մեկ մի բան չենք հասկանում, բայց հայացքը նույն տեղն է, նույն ճամփուն վրա է,- ասում է Արտոն:- Ես շատ եմ սիրում Ալան Հովհաննեսի գործերը, անընդհատ լսում եմ: Բաներ կան, որ ինչ-որ ժամանակվանից ուզել եմ իրականացնել, հետո հանկարծ գտել եմ դրանք արդեն իրագործված Ալան Հովհաննեսի ստեղծագործություններում, դեռ 50-ականներին: Ինձ էս բանը շատ ոգևորեց ու մի ուրիշ վստահություն բերեց: Կարող եմ, անշուշտ, ասել՝ Մայլս Դևիս, Ջոն Քոլթրեյն… ինչ ուզում ես, բայց հիմա անունները չեն կարևոր, այլ էն, թե ինչ նպատակով ես ինչ-որ բան սկսել: Հիմա, օրինակ, էս օրերին ինձ շատ ոգևորում և ուրախացնում են մեր ընդհանուր ընկերներից մեկի՝ Արտակի տղաները. նոր տեսահոլովակ ենք նկարում, ու ինձ ուժ է տալիս 18 և 12 տարեկան տղաների՝ լավ գործ ստեղծելու էդ մեծ ցանկությունը, եռանդն ու կարողությունը: Հիմա անհամբեր սպասում եմ իրենց աշխատանքի արդյունքին»:

Արտոն առանձնահատուկ վերաբերմունք ունի նաև «Ապրիլի 24»-ի հանդեպ: Նրա ընտանիքը ևս մեծ կորուստներ է ունեցել Ցեղասպանության տարիներին: Ասում է, որ հայ լինելու խնդիրը ծննդավայրում և վիրավոր պատմության հետքերը կրելու դառնությունը միշտ էլ իրեն ուղեկցել է, բայց այդ օրն իր համար ոչ թե մեռնելու, այլ ապրելու խորհուրդ ունի: «Պիտի ուրախանանք, քեֆ էլ անենք, որովհետև չհաջողվեց, չկարողացան վերջացնել, և տակավին ապրում ենք, ամեն օր մեկը ծնվում է: Պիտի հասկանանք նաև, որ շարունակելու ենք ապրել` կողք-կողքի, իրար նայելով: Բայց  իրար հետ խոսել ու հասկանալ է նաև պետք: «Ապրիլի 25»-ն է ինձ համար կարևորը՝ ապրելու օր է: Պետք է մեր գոյության իմաստը՝ Ուրարտու-բաբելոններից հետո նորից հիշենք, ուշադիր լինենք, մեզ իրար միացնող ու ուժ տվող գաղափարը վերցնենք ու մի մարմին դառնանք: Էդ ժամանակ «Ապրիլի 24»-ի իմաստը կերևա արևի պես: «Ապրիլի 24»-ը լալով չենք կարող արև դարձնել, էդպես չէ, այլ՝ Մայլս Դևիսի պես, Քոլթրեյնի, Մայքլ Ջորդանի պես: Նայեք՝ մարդիկ ինչպես ոտքի կանգներ են ու աշխարհքին ինչ են տվել: Հայը էդպես է, հայը չի մեռնում: Երբ իմաստի շուրջ հավաքվինք, ամեն ինչ կարող ենք անել: Էդ գաղափարը մենակ կարող է ոտքի կանգնեցնել»:

Արտոյի լուսանկարները և տեսանյութը՝ Սարո Բաղդասարյանի, Դավիթ Բանուչյանի