HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Բալկոնում Նաիրա Մուրադյանն է

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելունա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում ռեժիսոր, մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյանն է։

Նաիրա Մուրադյանը՝ երրորդ տարածությունում 

(ինքն իր մասին)

Ես իրեն հիշում եմ շատ վաղ շրջանից, ու, երբ հիշում եմ, ասում են՝ քեզ պատմել են, բայց այդպես չի․․․ Ես հիշում եմ իրեն այն պահից դեռ, երբ իրեն լողացնում էին․ մաման տաշտը դնում էր կենտրոնում, իրեն դնում էր մեջը, եղբայրը ջուր էր լցնում։

Միշտ մտածել է․ անընդհատ «բաց» տեղ էր ուզում բռնել, որտեղ միտք չկա։ Իրեն հիշում եմ տներով․առաջին տունը՝ Ֆիրդուսի փողոցում։ «Բոշա» երեխա էր՝ դռները ծեծելով գնում էր ու ասում էր՝ եկել է։ Մի տուն կար, որի դռան վրա թակելու համար լատունից ձեռք էր՝ մեջը ձու։ Այդ տանն ինքն իշխան է կերել ․․․ Դուռը ծեծեց, ճաշի ժամ էր։ Այդ մթնոլորտն ուրիշ քաղաք էր հիշեցնում, որովհետեւ ձուկը դրված էր հատուկ ափսեի մեջ, որը ձկան ֆորմա ուներ, ձեւավորված էր կանաչիներով, իսկական կինոյի պես՝ թատերական, մի ուրիշ քաղաքային միջավայր։

Հետո տունը փոխվեց․ Լենինգրադյան փողոցում ծնողների արվեստանոցն էր։ Հինգերորդ հարկի մի բնակարան, որը երեք կողմից պատուհաններ ուներ։ Առաջին դասարանի կեսն էր, ազատ թռիչքի տեղ կար։ Այստեղից ինքը սկսեց սիրել բարձրությունը, հետո ինքնաթիռը։ Լենինգրադյանն ազատ օդն էր՝ մի կողմում Մասիսը, մյուս կողմում՝ Չերեմուշկան՝ իր համար շատ սիրուն շենքերի պանորամայով։

Հետո Մասիվ։  Դպրոց, որը տանել չէր կարողանում, բայց կարդալ սիրում էր։ Վախթանգ Անանյանը՝ որպես առաջին հայ գրող, որին մինչ օրս լավագույն հայ մանկագիրն է համարում։ Մասիվի այդ տանը կահույք համարյա չկար․ պահարանների վրա գրքեր էին շարված, ու ինքը Դիկենսի բոլոր գրքերը կարդաց աստիճանի վրա նստած։

Իր ժամանակից ոչ մեկին չի ուզում տալ․ դա միայն իրենն է։ Սիրում է իր երեխաներին, իր տունը, աշխատանքը, շանը, կատուներին։ Չի կարող չաշխատել․ եթե հոսանք չկա, պատերին է նկարում, հենց միացրեցին, կպոկվի պատից ու «կմտնի» ֆիլմի մեջ (դրա անունը ֆիլմ է, որովհետեւ մուլտֆիլմ բառը կտրում են կինոյից, բայց դա նույն կինոն է)։ Ինքն ամեն տեղ նկարում է, որ հետո պատմի։

Իր աղջկա եւ տղայի հետ ունեցած անչափ հետաքրքիր ու զավեշտալի զրույցներն է սիրում։ Զգում է իր տարիքը․ չի վախենում ծերանալուց, եւ դա ազատության դրսեւորում է համարում։ Ազատությունն իր համար խիստ կարեւոր է։

Անկախության տարիներից սկսենք։

Մենք Հայֆիլմում էինք։ Այդ ժամանակ մուլտգրուպան լրիվ անկախացած վիճակում էր, լուրջ․․․ Ոչ մի բան չկար արգելված․ ով, ինչ մտածում էր, ասում էր, անում էր, երիտասարդ, եռուն կոլեկտիվ էր, բայց նաեւ կարդացած, սպորտով զբաղվող․ մի տեսակ առանձին կղզի-պետություն։ Ու այդ առումով անկախությունն ընկալում էինք այսպես, որ «հա՜ բա, պետք է լինի», ոչ թե «վա՜յ, ի՜նչ լավ բան եղավ»։

Երկու անգամ եմ եղել ցույցերին, որովհետեւ ամբոխի մեջ ինձ լավ չեմ զգում (վախի հետ չի կապված զգացումս), բայց այդ երկու անգամը լավ տպավորվել է։ Ցեխի մեջ ճպճպալով քայլում էինք ես, Յուրան, Ռոբը․․․ Մուլտգրուպան։ Հետո քննարկում էինք, որ այս հրաշքը երկար տեւել չի կարող․ եւ իրոք, համախմբվածության ու կարգապահության այդ օրերը երկար չտեւեցին, բայց մեծ ամբոխի մեջ մինչ այդ անարխիա չկար՝ բոլորը հավասար էին, միասնական։ Հետո, իհարկե, ամեն բան վերջացավ։ Ինչպես Հայֆիլմի օպերատորներից Կոստասն էր ասում՝ հին հունական ասացվածքի պես, հրաշքն, իրոք, երեք օր է տեւում։

Հայաստանի կամ Հայաստանի Հանրապետության հետ ունեցած հարաբերությունները։

Հանրապետություն բառը դուրս ենք մղում միանգամից, որովհետեւ Հայաստանն ինձ համար նախ տարածք է, որի հետ չեմ կապում պետություն բառը։ Հայաստանն իմ տունն է, իմ գործը, իմ ընկերները։ Երկրի հետ կապ զգում եմ, երբ դրսում եմ, որտեղ անհասկանալի կարոտի զգացում է առաջանում (իսկ առհասարակ ես կարոտում եմ միայն երկու հոգու)։ Երկրից դուրս անբացատրելի բան է տեղի ունենում։ Երեւի առաջին հերթին տունն եմ կարոտում, որովհետեւ կյանքս բաժանվում է տների՝ ինչքան տուն եմ փոխել, այնքան էլ կյանք եմ ապրել։

Քո ֆիլմերի հերոսները շատ ուրիշ ենիրականությունը կրող են, բայց միեւնույն ժամանակ ոնց որ թե իրականության հետ կապ չունեն։

Իրական կյանքում, իրենք, որպես այդպիսին, չկան։ Ես առհասարակ սյուժեից չեմ սկսում․ ամեն անգամ տարբեր է՝ մեկ երաժշտությունն է ազդում, մեկ պատկերը։ Շատ անգամ դեռ հերոսը չկա, բայց արդեն ընդհանուր մթնոլորտը ստեղծված է․ առաջին հերթին ֆիլմի ռիթմն եմ կարեւորում։ Եվ հետո, երբ ստեղծվում են հերոսները, նկարում ես իրենց ու նայում՝ հասկանում ես՝ ինչի է նման, ում է նման, կամ առհասարակ նմանություն գուցե չկա։ Օրինակ վերջին հերոսս՝ Կիկոն (որ Զահրատի հերոսն է, հետո դարձավ իմը), առաջինն է, ում մեջ ինձ էլ եմ տեսնում։

Հետաքրքիր է։ Միշտ այդ հարցը քեզ ուղղում են, թե արդյոք դու կա՞ս քո ֆիլմերում։ Առաջին անգամ փաստորեն․․․

«Կիկո»- ում կամ, հա՜։  Ինքն ինձ արտաքնապես գոնե նման է՝ փոքրամարմին, ակնոցով, գլուխն էլ մեծ է երեւում, որովհետեւ մազերն առատ են։ Ընդհանրապես կերպարին շատ խորքային եմ ուսումնասիրում՝ ոնց է քնում, ոնց է արթնանում, ոնց է զուգարան գնում․․․ Հնարավոր է՝ այս դետալները ֆիլմում չեն էլ ներառվելու, բայց, մեկ է, ես պատկերացնում եմ իր տունը, պատկերացնում եմ՝ որտեղից է դուրս գալիս, ինչպես։

Սա կարեւոր է, որ ինքը սուտ չլինի, քեզ համար գոնե հիմնավոր տեղից լինի։ Քչերն են խորանում դետալների մեջ, դրանք ներառում են ֆիլմում հանկարծակի եւ ոչ տեղին, իսկ ստեղծագործությունն ամբողջական է դառնում հենց այդտեղ, երբ դետալները «չես խաբում»։

Բա մեր իրականությու՞նը։

Չէ, չէ, մեր իրականությունը շատ խորն է, շատ հետաքրքիր։ Ընդհանրապես չեմ բողոքում իմ ժամանակից։ Երբ Ռուսաստանից խելոք մարդ է գալիս, ասում է՝ դուք ժողովուրդ եք, ունեք ընտանիք, ամենաբարձր տեղում կանգնած ղեկավարի նկատմամբ սեր չունեք, ու դա շատ մեծ բան է․․․ Մենք գուցե սա չենք զգում, բայց, իրոք, այդպիսին ենք։ Չգիտեմ՝ ինչքանով է լավ պետական մակարդակում աճելու համար, բայց  ժողովրդի առողջության համար երեւի թե լավ է։

Քո ֆիլմերից «Բալետը» կապում են մեր իրականությանը։ Այդտեղ ընտանեկան մոդելի կոնկրետ դրսեւորման միտում կա։

Այդ տարիներին տենդենց կար, որ մի բան «զոռով» պիտի արվի։ Չգիտեմ՝ ինչից էր, բայց տպավորությունն իրոք այդպիսին էր, որ ստիպված ես անել կամ ասել մի բան, որը չես սիրում։ Ինքս մասշտաբային ցույցեր ներկայացնել չեմ կարող․ իմ լեզուն չի։ Դրա համար «ծնվեց» «Բալետի» կինը, հետո փոքրիկը եւ վերջում՝ տղամարդը։ Ինքը ծնվեց վերջում, որովհետեւ մայրն ու տղան շատ իդեալիստական էին իրենց հարաբերություններով, իսկ ֆիլմը չէր ամբողջանա, եթե տղամարդը չլիներ այդ ընտանիքում։

Տպավորություն է, թե քո բոլոր ֆիլմերը նախ զգայական, ոչ թե գաղափարական հիմքերի վրա են։

Գաղափարի մասին մտածում եմ, երբ ֆիլմն արդեն ավարտված է, ու դիտում եմ, ասենք, մեկ տարի անց։ «Բալետ»-ն ուներ այդ գաղափարը․ այդտեղ կաղապարի մեջ են եւ կինը, եւ տղամարդը, եւ երեխան։ Բայց ընդհանուր առմամբ ոչ մի հատուկ բան չի կատարվում։ Ես ոգեւորվել չեմ կարող գաղափարից, այդ տեսակը չեմ։

Անցումները քո ֆիլմերում շատ նուրբ ու հետաքրքիր են։

Խաղ է․ սիրում եմ այդ խաղի մեջ ընկնել։ Անցումներն իրենք իրենց են առաջ գալիս, ինքնուրույն։ Օրեր առաջ «Բալետը» նայեցի մեծ էկրանին, ու տեսա, որ անցումներ կան, որոնք իսկապես «գտել» եմ։ Տերտերյանի երաժշտությունն էլ մեծ ազդեցություն է ունեցել այդ առումով՝ հին հայկական կինոյի հոտ է մտցրել, ինչպես նույնն արել է Դովլաթյանի, Հարություն Խաչատրյանի ֆիլմերի դեպքում։

Կա՞ ֆիլմ, որ ավարտին չհասավ։

Հա, «Դանթե»-ն է։ Նկարիչների մեծ խումբ էր աշխատում ֆիլմի վրա։ Մոտ մեկ տարի տեւեց երեք րոպե ստեղծելը։ Սկզբնական շրջանում ֆինանսավորումն ընկերուհիս էր անում, հետո դադարեցրինք աշխատանքները, որովհետեւ պետական ֆինանսավորում չեղավ։ Լավ ֆիլմ էր։ Ափսոս, չավարտվեց։ Չնայած, ափսոսելը սխալ է։

Երեւանը փոխվե՞լ է։ Կա՞ նման զգացողություն։

Ինձ համար Երեւանը միշտ Երեւան է։

Երբ տեսնում եմ Հյուսիսային պողոտան, կծկվում եմ, ճիշտ է, բայց մյուս կողմից մտածում եմ՝ մարդիկ, ովքեր ապրում են այդ շենքերում, գուցե հարազատ մի բան ունեն արդեն։

Ֆիրդուսի փողոցն է իմը։ Երբ շուկան հավաքում էին, հիշու՞մ ես՝ բորբոքումներ եղան, իսկ ինձ համար այդ շուկան միշտ ատելի է եղել, որովհետեւ «զավթել» էր իմ տարածքը։ Այդ տունը դեռ կա եւ երեւի շուտով կքանդվի, ափսոսում եմ, բայց հասկանում եմ, որ քաղաքն օրգանիկ է, փոփոխությունների է ենթարկվում։

Այս տարիների ընթացքում եղե՞լ է այնպես, որ մասնագիտությամբ չզբաղվես, այլ գործ ունենաս։
Այդպես երբեք չի եղել։ Միշտ նկարել եմ։ Սոված նստել են, բայց ոչ մի առեւտուր, ոչ մի բիզես պլան․․․ Պատկերացնում եմ՝ ոնց կարելի է դա անել, բայց ժամանակս դրա վրա վատնել չեմ կարող։

Երբ ֆիլմը համարում ես ավարտուն, մոտենա՞լ լինում է։

Պահը գալիս է, երբ իրեն էլ չես ուզում ձեռք տալ, որովհետեւ զուգահեռ այլ պատմություններ կան գլխումդ։ Ֆիլմն իր մարմինն ունի, դու չես կարող այլ պատում կպցնել այդ մեկին, չնայած մեջդ արդեն մի ուրիշ պատում իր դետալներն է հավաքում։ Այդ պահին ձգտում ես այլ բան ստեղծել ու նախորդի ավարտին ես սպասում։ Հիմա «Կիկո»-ի դեպքում էլ․ դեռ ավարտին չի հասել ֆիլմը, բայց արդեն կան կուտակված այլ դետալներ, չնայած գիտեմ՝ այդ ֆիլմինը չեն։

Անիմացոն ֆիլմի ընկալման ու ազդեցությունների մասին․․․ Նաեւ քննադատության։

Քննադատող համարյա չունենք․ կամ դրա հավեսը չունենք, կամ չկան քննադատողներ, որպես այդպիսին (Հայաստանի մասին է խոսքս)։ Ռուսաստանում, օրինակ, կան ու բավականին շատ։ Այլ երկրներում չգիտեմ․ ցավոք, հայերեն ու ռուսերեն եմ կարդում միայն։

Գովաբանողներ շատ կան ու հենց իրենք էլ հաճախ «փչացնում» են ֆիլմի ստատուսը, որովհետեւ երբ իրենց ճաշակին ես նայում, մտածում ես՝ այս ինչ եմ արել, որ ինքն է հավանել։ Այս ամենը մի կողմ, ի վերջո բոլորն էլ գիտեն՝ առավոտյան լողացել են, թե չէ․ կինոյում էլ է այդպես․․․Դու գիտես՝ որտեղ ես «մաքուր», որտեղ՝ չէ։ Հենց սկսեցիր սուտ հնարել, չի կարող էկրանից չերեւալ։ Կինոյում կարեւորն անկեղծությունն է։

Հայ ժամանակակից մուլտիպլիկացիան քննարկումների առիթ դառնում է․ քննադատությունն էլ ոնց որ կա։

Տես՝ «Անահիտ»-ին այդքան բան ենք ասում չէ՞, այդքան քննադատում ենք, բայց կուռ ֆիլմ է։ Մեզ գուցե մոտեցումն է նյարդայնացնում․ ասենք այն, որ կերպարը պարբերաբար ռուսերենով է խոսում, բայց կա չէ՞ այդ տեսակը․․․ Չեմ ասում՝ հրաշալի ֆիլմ է, բայց աշխատանք է տարված ու հարգանքի արժանի աշխատանք։

Հարցին երեւի թե ճիշտ կլինի պատասխանել աշխարհի մասշտաբով․ Նորշտեյն կա, ով դեռ կենդանի է, Միաձակի կա․․․Ինքն ասում է՝ հենց զգացի, որ գրածով եմ անում ու չեմ շեղվել գրածիցս, ուրեմն ֆիլմը դեռ չի սկսվել։ Ու իսկապես այդպես է․ շատ հանկարծակի կերպով պետք է հասկանաս, որ նոր թույլ տված սխալդ հենց ճիշտն էր։ Գրքի դեպքում էլ է այդպես․ եթե ամբողջությամբ ընթերցողի պատկերացրածով է, կեսից մի կողմ կդնի․ պետք է զարմանալու տեղ լինի։

Ռեժիսոր-մուլտիպլիկատոր դառնալը որոշու՞մ էր։

Ծնողներիս արվեստանոցում ձեռքս թերթ ընկավ, որտեղ Ստեփան Անդրանիկյանի մասին հոդված կար (ինքն այդ ժամանակ Հայֆիլմի Մուլտգրուպայում բաժին էր ղեկավարում)։ Մերոնք ասեցին, որ իրենց կուրսեցին է։ Խնդրեցի զանգեն իրեն, որ ես հանդիպեմ հետը (երբեք այդքան լուրջ խնդրանքով չէի դիմել ծնողներիս)։

Զանգեցին, ասեց՝ թող գա։ Թղթապանակս լցրեցի ահագին էսքիզներով ու գնացի (այդ ժամանակ արդեն Թերլեմեզյանում էի սովորում): Անդրանիկյանը Մոսկվայում էր, ջահելներն էին տեղում՝ Ռոբը, Յուրան, Ստյոպը․․․ Ես տեսքով տղայի նման էի՝ նիհար, խուճուճ մազերով, ակնոցով։ Ռոբը հետո ասում է, թե երբ գլուխս մտցրել եմ ներս, ասել է՝ «էս մեր մարդն է»․․․ Մի խոսքով վերցրեցին ինձ։  Ռոբի կինը՝ Յուլյան, ինձ որպես բեմադրող-նկարիչ վերցրեց։ Ես ամենաերիտասարդ բեմադրող-նկարիչն էի Խորհրադային միությունում։ Տասնութ տարեկան։

Քո ֆիլմերում սիմվոլները շատ են՝ զարդանախշերը, անընդհատ պտտվող պատկերները։

Հիմա աշխատում եմ դրանից հեռու մնալ։ Ձեռքիս արգելում եմ։ «Կիկո»-ում նման բան չկա, շատ մաքուր սյուժետային գիծ է, փորձել եմ ատրիբուտիկա չմտցնել գեղեցիկ պատկերի համար։ «Շողակաթի» համար արված պոեզիայի շարքն այդ սիմվոլների վերջը տվեց․ այդ ժամանակ ինձ պատկերն էր գրավում, որ սիրուն լինի, կախարդական, սյուժեն էլ կարեւոր չէր։

Դիմանկարներ «փորփրելու» մասին մի անգամ հատուկ շեշտել էիր։

Վաղուց է սկսվել։ Պապայի հետ նստում էինք հատակին ու սկսում ալբոմներ թերթել։ Չեմ հիշում, թե ինձ հեքիաթ պատմած լինեն։ Դիմանկարների ազդեցությունը շատ է, հա։

Միջավայրի նկատմամբ ուշադրությունդ զգացվում է միշտ, երբ ֆեյսբուքիդ պատին հայտնվում է ահռելի գամփռիդ՝ Գոդոյի լուսանկարը, առավոտյան լույսը՝ պատուհանից, տան բակը, հայրդ․․․ Միջավայրի ազդեցությունները, փոփոխությունները, ճգնաժամերն ինչպե՞ս են անդրադառնում ստեղծագործական պրոցեսի վրա։

«Բալետում», օրինակ, լրիվ Չերեմուշկան է՝ Ծիծեռնակաբերդի դիրքով, մեր շենքով, բակի սյուներով, լվացքներով։ «Կիկո»-ում Ստամբուլն է, որը չեմ տեսել, բայց այնքան լուսանկար եմ նայել, որ լրիվ պատկերացնում եմ (բոլորին խնդրել եմ այնտեղից այդ օրվա լուսանկարներն ուղարկել, ասենք, աղբահանների լուսանկարներ։ Այդ հարցում Անահիտ Ղազարյանն օգնեց, ով Ստամբուլում էր, եւ պարզվեց՝ շարք ունի այդպիսի)։

Մի խոսքով, միջավայրում քեզ զգալը կարեւոր է։ Նորշտեյնն ինչո՞վ է մեծ․ ինքն այնքան է մոտեցել իրականությանը, որ անհավանական է։ Օրինակ «Ежик в тумане» ֆիլմում ոզնիի ճանապարհն իմ դպրոցի ճանապարհն էր Մասիվում։ Երբ տուն էի գնում, մառախուղի մեջ ամեն բան աչքիս պատկերի պես էր, մինչեւ օդը կխտանար ու առարկա կերեւար․․․

Անմիացիոն ֆիլմում  տարածությունների միջեւ ստեղծված շարժումը միշտ հետաքրքիր է։ Առարկաները կարող են դառնալ դոմինանտ՝ հանկարծ առաջ գան ու ահռելի պատկերի վերափոխվեն։

Տարածության հետ խաղալը հետաքրքիր պրոցես է։ Կերպարին չափով պետք է պատկերացնես, հասկանաս՝ ինքն է կարեւոր, թե տարածությունը, որտեղ որ է։ Եթե ինքը կարեւորվեց, հնարավոր է՝ հսկայի պես երեւա։

Անիմացիայով ամեն բան անել կարելի է, բայց «ամենակերությունը» մեջդ պիտի չլինի, որ ընտրելու հնարավորություն ունենաս։

Մեր ժամանակի կերպարը տձեւ՞ է։

Մենք սահմանային ժամանակներում ենք ապրում՝ ծայրահեղ տարօրինակ հարթություններում։ Ավելի կոնկրետ՝ սահմանն ուրիշ տարածք է, այլ զգացումներով, քաղաքային միջավայրը՝ լրիվ ուրիշ։

Հարցնում են չէ՞, թե ինչի վրա ենք ուրախանում, երբ սահմանին զինվոր է զոհվել։ Ես ինքս ցավում եմ դրա համար, ամեն մահացողի հետ գնում եմ այն աշխարհ, հետ եմ գալիս, բայց չես կարող երեխային մեծացնել այդ վախի մեջ, չես կարող խառնել իր միջավայրը մյուսին։ Ու ընդհանրապես ամեն մեկն իր միջավայրի զգացողությունը պետք է ունենա․ քաղաքացին պետք է քաղաք ունենա։ Առանց դրա անհնար է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter