HY RU EN

Սեդա Ղուկասյան

«Մենք էլ ենք երեխա, աննորմալ ու հիվանդ չենք, չպետք է տարանջատել մյուսներից». աշակերտուհու ելույթը խորհրդարանում

Նոյեմբերի 20-ին՝ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման օրը  ՀՀ Ազգային ժողովը միացավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ խոսափողը գեթ մեկ օրով երեխաներին տրամադրելու համաշխարհային նախաձեռնությանը։
Հրավիրված նիստին ներկա էին աշակերտներ հանրապետության տարբեր մարզերից, ուսուցիչներ, ԱԺ պատգամավորներ, նախարարներ։ Երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնի մոտ այսօր ելույթ ունենալու իրավունք էր տրված աշակերտներին։

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մովսես Խորենացու անվան թիվ 10 ավագ դպրոցի աշակերտ Ռուբեն Օհանյանն իր ելույթով անդրադարձավ երեխաների իրավունքների պաշտպանությանը և բռնության դեպքերին։

«Ես քառասուն տարվա մանկավարժ չեմ, բայց պարզ ճշմարտություն գիտեմ՝ մենք` երեխաներս, առանց ծեծի էլ լիքը բան հասկանում ենք։ Նրանք, ովքեր կարծում են, թե ծեծն արդյունավետ միջոց է, սխալվում են, դա ինքնախաբեություն է»,- ասաց 16-ամյա աշակերտը։ Ռուբենն իր ելույթում խոսեց իր կողմից կարդացած մի հետազոտության մասին, ըստ որի` բռնության ենթարկված մի տղա դարձել է ինքնամփոփ և անտարբեր իր ապագայի նկատմամբ, Ռուբենը շեշտեց՝ տղայի «հոգու թևերը կտրել» են, և կոչ արեց անտարբեր չլինել երեխաների իրավունքների նկատմամբ։

«Առհասարակ բռնության ենթարկվածներն անտարբեր են լինում իրենց ապագայի նկատմամբ, եթե ուզում եք, որ երեխան ինքնուրույն որոշում կայացնել կարողանա, չպետք է ծեծեք, ծեծով դաստիարակելը հակառակ արդյունքի կարող է բերել»,- ասաց նա։

Ռուբենը պատմեց այն դեպքի մասին, երբ ուսուցիչը, հարվածելով աշակերտին, հանել է վերջինիս աչքը՝ նկատելով, որ ոչ մի պատճառ չի կարող արդարացնել այդ դեպքը

«Աբսուրդ ասելն էլ քիչ է, փաստորեն նման ուսուցիչն աշխատել է այնքան ժամանակ, քանի դեռ լրատվամիջոցները չեն բարձրաձայնել դեպքի մասին։ Դրանից հետո ես ոչինչ չգտա քրեական պատասխանատվության մասին, այսինքն եթե մենք  չգիտենք մեր իրավունքները, մեզնից յուրաքանչյուրի հետ նման բան կարող  է լինել։ Ի՞նչ է նշանակում, թե ծնողը  կարող է դաստիարակչական ապտակ տալ, հարգելի´ մեծեր, հասկացեք՝ բռնությամբ ոչնչի չեք կարող հասնել»,-ասաց Ռուբենը։

Երևանի «Արեգնազան» կրթահամալիրի սան Անի Ասատուրյանն էլ անդրադարձավ ներառական կրթության խնդրին։ Անիի հետ հարցազրույց անցկացրեց հատուկ մանկավարժ Քրիստինե Սարգսյանը։

«Ես 16 տարեկան եմ, սիրում եմ երգել՝ չնայած ձայնային լավ տվյալներ չունեմ, ու ձիավարել»,- իր խոսքն այսպես սկսեց Անին։

Անին պատմեց, որ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցն ավարտելուց հետո հայրիկի հետ գնացել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ուսումնարան, որպեսզի ուսումն այնտեղ շարունակի։

«Երբ հասա այնտեղ, ասացին՝ մենք ներառական երեխա չենք ընդունում, հարմարավետ պայմաններ չունենք, այդ բառերն ինձ շատ մեծացրեցին, ես կարող էի ծանոթով հայտնվել այդ ուսումնարանում, սակայն ոտք դնել էլ չէի ուզում այդ ուսումնարան»,- պատմեց 16-ամյա Անին։

Մանկավարժը հետաքրքրվեց՝ ի՞նչն է աղջկան վիրավորել, Անին պատասխանեց՝ ։

«Վերաբերմունք, նրանք ուզում էին բարեհամբույր թվալ, բայց լրիվ հակառակը ստացվեց, նրանք նեղացրին իրենց վերաբերմունքով»,- ասաց նա։

Անիի խոսքով՝ պետք է ուսուցիչների վերաբերմունքը  փոխվի հատուկ կարիքներ ունեցող երեխաների նկատմամբ

«Մենք էլ ենք երեխա, աննորմալ ու հիվանդ չենք, ու չպետք է տարանջատել մյուսներից»,- նշեց Անին։

Քրիստինե Սարգսյանը նկատեց, որ այժմ խորհրդարանում են, որտեղ օրենսդիրները նոր օրենքներ են մշակում, փոփոխություններ կատարում և հետաքրքրվեց, թե Անին ի՞նչ փոփոխություններ կցանկանա, որ լինեն։

«Ազգային ժողովը նախ պետք է վերահսկում անցկացնի ներառական կրթության ոլորտում, որ այն ավելի բարձրանա»,- իր կարծիքն ասաց Անին։

Մանկավարժը փորձեց հասկանալ՝ ինչ նկատի ունի վերահսկում ասելով, Անին մանրամասնեց

«Ուսուցիչները նախևառաջ ինձ նման երեխաներին պետք է  հարցնեն՝  գո՞հ ենք իրենց աշխատանքից, թե ոչ»։

Անին խոսեց նաև իր երազանքի մասին

«Երազում եմ դառնալ հատուկ մանակավարժ, վստահ եմ, որ կկարողանամ դա անել, ուզում եմ ապացուցել, որ շատ ավելին կարող ենք անել, քան մեզ տրվում է»։

Իսկ որպես վերջաբան Անին կրկին խոսեց այն մասին, թե ով է ինքը և ինչ է սիրում անել։

«Ես Անի Ասատուրյանն եմ, 16 տարեկան, «Արեգնազան» կրթահամալիրում եմ սովորում, սիրում եմ երգել և ձիավարել, հուսով եմ՝ ինձ կընդունեք այնպես, ինչպես կամ»,- եզրափակեց նա։

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շեշտեց՝ երեխաները ապագա լինելուց առաջ ներկա են, և հուզմունքով դիմեց Անիին

«Դու փոքրիկ, վստահ եմ՝ կդառնաս հատուկ մանկավարժ»։

ԱԺ Սոցիալական և առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ շնորհակալություն հայտնեց երեխաներին «դաստիարակության դասի համար»։