
Սուլեյման Կերիմովին մեղադրանք է ներկայացվել. նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում
Ֆրանսիական դատարանը մեղադրանք է ներկայացրել Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամ, միլիարդատեր Սուլեյման Կերիմովին: Դաղստանցի սենատորը մեղադրվում է հարկերից խուսափելու և փողերի լվացման մեջ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Մեղավոր ճանաչվելու դեպքում Կերիմովը կարող է դատապարտվել մինչև 10 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ Սուլեյման Կերիմովը ձերբակալվել էր ֆրանսիական Նիս քաղաքի օդանավակայանում: Մինչև օրս նրան դեռևս մեղադրանք չէր ներկայացվել: Որպես խափանման միջոց՝ դատարանը Կերիմովի համար սահմանել է, որ նա կարող է մնալ ազատության մեջ, սակայն պետք է ֆրանսիական իշխանություններին հանձնի իր անձնագիրը և 5 միլիոն եվրո գրավ վճարի:
51-ամյա սենատորին արգելվել է նաև լքել Ֆրանսիայի Ծովափնյա Ալպեր դեպարտամենտի սահմանները: Բացի դա նա չի կարող կապ հաստատել որոշ մարդկանց հետ, որոնց անունները Ֆրանսիայի դատախազությունը չի հրապարակում:
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ֆրանսիայում աշխատող ռուս դիվանագետները չեն դադարեցնելու ջանքերը Կերիմովին աջակցելու համար:
Ֆրանսիական Le Monde-ի փոխանցմամբ՝ Սուլեյման Կերիմովին առաջադրված մեղադրանքը կապված է մի քանի տասնյակ միլիոն եվրո կազմող փողերի լվացման հետ, որոնք ստացվել են հարկային խարդախությունների միջոցով: Պարբերականի տեղեկություններով՝ գործել է կազմակերպված հանցավոր խումբ:
Լուսանկարը՝ Максим Стулов / Ведомости
Մեկնաբանել