HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպան Արայիկ Պապիկյան. «Դատարանում զննվեց շինանյութ ու տոնածառ»

Ժանգոտված թուր, 2 ինքնաձիգ, 100 փամփուշտ, 2 բրդյա ծածկոց, դեղին սաղավարտներ, «100-ամյակն առանց ռեժիմի» գրությամբ դրոշ, դրոշների ձողեր, մեգաֆոն, շինանյութ՝ ամրաններ, տոնածառ. սա այն իրերի ոչ ամբողջական ցանկն է, որ այսօր հետազոտվեց դատարանում «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով:

Երբ Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տուփից հանեցին տոնածառը, դահլիճում ներկաները ծիծաղեցին: Ժպիտը չէր կարողանում թաքցնել անգամ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը: Դատախազները լուռ էին: «Տոնածառը դարձել է քաղաքական մեղադրանքների սիմվոլը»,- նկատեց քաղաքացիներից մեկը (ակտիվիստ Գևորգ Սաֆարյանն արդեն 2 տարի բանտում է Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու պատրվակով):

Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը

«Զավեշտալի է, որ քաղաքացիներին առաջադրել են զանգվածային անկարգությունների նախապատրաստման մեղադրանք նման իրեղեն ապացույցներով»,-նկատեց պաշտպան Նինա Կարապետյանցը՝ նշելով, որ մեղադրողներն ամեն ապացույց զննելիս պետք է բարձրաձայն հայտարարեին, թե ինչ ապացույցներ են հետազոտվում, սակայն ապակիներից այս կողմ լսվում էին միայն գույնզգույն պոլիէթիլենային տոպրակների խշխշոցները, որոնցով փաթեթավորված էին իրեղեն ապացույցները: Երբեմն-երբեմն պոլիէթիլենի ձայնն ընդմիջվում էր պաշտպան Տիգրան Հայրապետյանի հայտարարություններով՝ իրեղեն ապացույց ճանաչված իրերի վերաբերյալ. «Սրանցով շինարարություն են անում, ոչ թե հեղափոխություն»:

Պաշտպանական կողմը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ թեպետ նշված է, որ դատարան է ուղարկվել 120 փամփուշտ, ինչը և դրվել է մեղադրանքի հիմքում, այդուհանդերձ, ներկայացվել է 100-ը: Դատախազ Պետրոս Պետրոսյանը պատճառաբանեց՝ 20-ը օգտագործվել է դատաձգաբանական փորձաքննության ժամանակ: Տիգրան Հայրապետյանն էլ նկատեց, որ 20 կրակված փամփուշտները պիտի նույնպես փաթեթավորվեին՝ որպես ինքնաձիգների սարքին լինելու հավաստում. «Ուրեմն չկրակող ինքնաձիգներ են ու չգիտեմ՝ ումն են, ինչպես են հասել ոստիկանության Մաշտոցի բաժին, ում կողմից են տարվել, ինչքան են պահվել»:

Մեղադրող դատախազները

Դատախազ Պետրոսյանը դարձյալ առարկեց, թե՝ կարգ չկա կրակված փամփուշտը պահելու: Այդ ժամանակ պաշտպան Հայրապետյանը սկսեց ընթերցել փորձագետի եզրակացության օգտագործած գրականության մասը, որտեղ նշված էր՝ նման կարգ, այնուամենայնիվ, կա: Այդ մեջբերումները ռուսերեն էին: Դատավորն ընդհատեց, թե դատական նիստերի լեզուն հայերենն է: «Եթե ռուսերենով է, առհասարակ չպիտի դիտարկել որպես ապացույց»,-ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

Դատաձգաբանին հարցաքննելու միջնորդություն արեց Հրայր Թոփչյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը: Դատարանը հետաձգեց միջնորդության քննարկումը:

Հովհաննես Պետրոսյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն էլ նկատեց, որ ազատության մեջ գտնվող միակ մեղադրյալ Սմբատ Գալոյանը ցուցմունք է տվել դատարանում՝ նշելով, որ բոլոր փամփուշտները եռացրել է, որպեսզի կրակելու համար պիտանի չլինեն. «Բայց ստացվում է, որ փորձագետը դրանցից 20-ը կարողացել է կրակել»:

Ժիրայր Սեֆիլյանը նիստի վերջում հանդես եկավ հայտարարությամբ. «Այսօր 24-րդ նիստն է, որ ներկա ենք գտնվում, բայց եթե գոյություն ունենար անաչառ դատարան, կունենայինք այլ արդյունք: Դրա պատասխանը Դուք պիտի ունենայիք ու Ձեզ պատվիրողները: Առաջին օրվանից ինձ թույլ չեք տվել արտահայտել իմ կարծիքը: Կատարածու եք Դուք՝ բոլորդ, կատարողներ, այդ պատճառով ոտքի չեմ կանգնում: Ես անձնապես որևէ խնդիր չունեմ այստեղ գտնվող որևէ մեկի հետ»:

Դատական նիստը հետաձգվեց, ժամանակ տրվեց պաշտպանական կողմին պատրաստվելու իրենց պաշտպանյալների հարցաքննությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter