HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Սեդա Գրիգորյանը Տորոնտոյից վերադարձել է մրցանակով

Տորոնտոյում նոյեմբերի 15-ից 19-ը տեղի ունեցած ամենամյա «Նուռ» կինոփառատոնի (Pomegranate Film Festival) դոկումենտալ ժանրում լավագույն կարճամետրաժ ֆիլմի մրցանակին արժանացավ Սեդա Գրիգորյանի «Ճանապարհ դեպի տուն» ֆիլմը (“Way Back Home”):

Ֆիլմը պատմում է սփյուռքահայ արվեստագետների՝ Ատոմ Էգոյանի, Արսինե Խանջյանի, Սերժ Թանկյանի, Էրիկ Նազարյանի եւ Վահե Բերբերյանի` Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններին իրականացրած դիտորդական առաքելության մասին։

Ֆիլմ նկարելու միտքը ծագել էր դեռ Լոնդոնում, որտեղ Սեդան ուսանում էր։ Ավարտական աշխատանքի համար նախատեսված «Ճանապարհ դեպի տունն» այսօր արդեն մրցանակակիր է եւ սկսել է փառատոնային իր ընթացքը։

 

Սեդա, ուզում եմ սկսենք օդանավից հրապարակած լուսանկարից, որտեղ երեւում էր Լուսինե Խառատյանի «Ծուռ գիրքը»։ Նշել էիր, թե այս գիրքն այն կետն է, որտեղ ոնց որ հայելու մեջ նայեիր՝ քո հարցերի ու փոթորիկների միջից, քո ժամանակի հանելուկները հասկանալու վախով ու ցանկությամբ․․․

Մայրիկիս ծննդյան առիթով գրախանութ էի մտել, ու պատահաբար Լուսինեի գիրքն աչքովս ընկավ, շատ էի  կարդացել գրքի մասին, վերցրի հետս եւ Փարիզ-Տորոնտո թռիչքի ժամանակ մի շնչով կարդացի։ Շատ-շատ սիրեցի գիրքը։ Լուսինեի հետ անձամբ կուզեմ զրույց ունենալ գրքի մասին, որովհետեւ շատ հարցերի պատասխաններ գտա՝ կապված մեր իրականության հետ, Արեւմտյան Հայաստանին նաեւ վերաբերող․․․ Իսկ դրանք ինձ հուզող հարցեր են։

Գրքի վերաբերյալ նման կարծիքս իր նախապատմությունն ունի․ նախորդ տարի մի նկարահանման շրջանակներում այցելեցի Արեւմտյան Հայաստան ու բավականին շատ «համր» տեսանյութեր արեցի (ժամանակ չկար ուղղակի մարկանց հետ շփվելու, զրուցելու)։

Այդ այցից հետո փիլիսոփայական դեգերումների մեջ էի։ Անցած տարի իմ՝ Արեւմտյան Հայաստան ճամփորդությունից հաշված օրեր անց «Սասնա ծռերի» դեպքերն սկսեցին, ու ես, որքան էլ ուզեի կիսվել Արեւմտյան Հայաստանից ունեցած էմոցիաներով ու զգացումներով, այդ պահին մի կողմ պետք է դնեի։ Ամբողջ ներուժով անցա իրադարձությունների լուսաբանմանը։

Լուսինեի գիրքն այդ առումով Հայաստանի իրականության, իմ մեջ կուտակված պատմական ժառանգության բեռի միջեւ գտնվելու  խնդիրներին ու հարցերին էր վերաբերում․ ես հանկարծ այս գրքում տեսա այդ երկու իրականությունների դրսեւորումները։

Արդեն այնտեղից գրել էիր «․․․Պիտի գայի, հասնեի Տորոնտո, որ նայեի «Ոսկե ծիրանի» ժամանակ Կինոմիության կողմից արգելված «Լսիր ինձ» ու «Ծիրանի այգիներ» ֆիլմերը։

Չի եղել այնպես, որ երբեւէ «Ոսկե ծիրան» բաց թողնեմ։ Այս տարի առաջին անգամ, ցավոք սրտի, Երեւան չկարողացա գալ։ Ավելի ցավալի էր, երբ իմացա՝ ԼԳԲՏ թեմաներով այս երկու ֆիլմերի վրա արգելք է դրվել։ Եվ Տորոնտոյում, երբ տեսա ֆիլմերը ու («խնդրահարույց» թեման մի կողմ դրած) ռեժիսորների հրաշալի աշխատանքը, հասկացա, որ ուղղակի ամոթ էր նման պրոֆեսիոնալ եւ նուրբ կերպով արված ֆիլմերի հետ այդպես վարվելը։

Մի քանի հոգու կողմից դրսեւորված այդ արգելքի կամայականությունը արտաքին աշխարհում մեր մասին այլ ընդհանրական կարծիք է ստեղծում։ Կարծում եմ՝ պետք է բարձրաձայնենք նման խնդիրների մասին։

Տորոնտոյից մեծ ոգեւորությամբ գրել էիր նաեւ երկու վավերագրական ֆիլմերի մասին, որոնք վերաբերում են Ցեղասպանությանը։

Երկու շատ մեծ մասշտաբի ամերիկյան արտադրության ֆիլմ է դուրս եկել այս տարի (եվ թիրախը ամերիկյան, միջազգային հանրությունն է)։

Առաջինը «Խոստումը» (“The promise”) ֆիլմի ստեղծման մասին վավերագրությունն է, որտեղ Օսկարի նոմինացված ռեժիսոր Ջո Բերլինջերը շատ մեծ հետազոտական աշխատանք է կատարել, հարցազրույցներ է արել եւ այլն, եւ որի շնորհիվ շատ ազդեցիկ ֆիլմ է ստացվել։ Իմ անձնական, սուբյեկտիվ կարծիքով ավելի մեծ տպավորություն է գործում “The promise”-ի մասին, քան հենց ինքը ֆիլմն է։

Երկրորդը` «Մերժման ճարտարապետները» (“Architects of Denial”)․ ցնցող ու տպավորիչ մի ֆիլմ, որը հինգ տարվա աշխատանքի արդյունք է։

Կարեւորագույն հատկանիշներ ունի ֆիլմը, որոնք արժեքավոր են այն դարձնում։ Մեկն այն է, որ գլխավոր խոսողներից մեկը Ջուլիան Ասանժն է, ով ամբողջ աշխարհում ճշմարտության մարտիկներից մեկն է․ խոսում է Ցեղասպանության, Ադրբեջանի ագրեսիայի մասին, խոսում է փաստացի, ու դա լեգիտիմացնում է ամբողջ ֆիլմը։

Բացի դրանից ֆիլմում շատ ուղիղ գծով կապված են Ցեղասպանությունը, Սումգայիթի ջարդերը, ընդհուպ Ապրիլյան քառօրյան է ներկայացված։ Դա արված է ամերիկացու մեկնաբանությամբ՝ ճշմարտացի ու փաստերով հագեցած։

Պրոդյուսերներն անձամբ ներկա էին փառատոնին, անկեղծ զրուցում էին հանդիսատեսի հետ։ Մեծ ներուժ են դրել ֆիլմի ցուցադրությունների եւ փառատոնային մասնակցության առումով, հասույթն էլ նախատեսված է փոխանցել բարեգործական նպատակներով։

«Նուռը» առաջին փատատոնն է, որին մասնակցեց «Ճանապարհ դեպի տուն» ֆիլմդ եւ միանգամից մրցանակի արժանացավ։ Գիտեմ, որ ֆիլմի ստեղծման պատմությունը կապված է ուսանողական ավարտական աշխատանքի հետ, բայց այդքանով կարծես չսահմանափակվեցիր։

Եկա այստեղ ֆիլմն անելու, հետո մեկնեցի Լոնդոն եւ այնտեղ ավարտեցի։ Չեմ թաքցնի, որ խորը հարգանք ու ակնածանք ունեի խմբի հանդեպ, որին նկարում էի։ Այդ նախաձեռնության շրջանակներում Արսինե Խանջյանին ուղեկցում էի վերջին մեկ  տարվա ընթացքում, զուգահեռ Լոնդոնում սովորում էի Ատոմ Էգոյանի մասին․․․ Եվ մյուս մասնակիցներն էլ՝ Սերժը, Վահեն եւ Էրիկը իմ կողմից հարգված հեղինակություններ են։

Ֆիլմը պատրաստելիս մտածում էի՝ արդյոք ես այդքան խորքային եմ հասկանում, որ կարող եմ ինձ թույլ տալ իրենց խոսքը փոխանցել հանրությանը։ Դա էր հիմնական պատճառը, որ մտածեցի՝ կհանձնեմ որպես ավարտական աշխատանք եւ վերջ։

Համալասարանական շրջանակներում ֆիլմը ջերմ արձագանքի արժանացավ, եւ, երբ վերադարձա Հայաստան, համարձակություն ունեցալ ֆիլմն ուղարկելու իրենց։ Արդեն իրենց ընդունելությունից ոգեւորված՝ որոշեցի մասնակցել Տորոնտոյի փառատոնին։ Հիմա պետք է փորձեմ հարթել ֆիլմի փառատոնային ճանապարհը։ Տեսնենք՝ ոնց կլինի։

Ֆիլմի թրեյլերը նայելիս մտածում էի սուբյեկտիվ վերաբերմունքի մասին, երբ ֆիլմ ստեղծողն ինքը մասնակից է գործընթացին։ Այս դեպքում քաղաքական իրադարձություն էր, որը բազմաթիվ շերտեր ունի իր մեջ։ Հաճախ քեզ կարելի է տեսնել նաեւ քաղաքացիական այս կամ այն շարժմանը՝ առանց տեսախցիկի, որպես մասնակից։ Ինչպիսի՞ դժվարություններ եղան ֆիլմի ստեղծման ընթացքում։

Ֆիլմի պարագայում շատ ավելի հեշտ է գործողության չգնալը, քան այն դեպքում, երբ իրադարձությանը մասնակցում ես որպես մեդիայի ներկայացուցիչ (այս դեպքում գործողությունդ կոնկրետ է․ դու լուսաբանում ես եւ վերջ)։

Շատ նուրբ հարց կա, որն ինձ երկար ժամանակ հանգիստ չի տալիս․ես եւ իմ գործընկերները շատ մեծ դժվարությամբ ենք կարողանում պահել մասնագիտական այդ նուրբ գիծը, որովհետեւ նույն քաղաքացիական ակտիվիստը, ում ծեծում է ոստիկանը, իմ ընկերն է, իսկ ես նկահարահանում եմ հենց այդ պրոցեսը․․․Բայց նորից․ քանի տեսախցիկով եմ, որպես պրոֆեսիոնալ գործել կարող եմ որպես պրոֆեսիոնալ միայն ու վերջ։

Ֆիլմի պարագայում մի քիչ ավելի բաց է դաշտը․ կարող ես որոշակի մասնակցություն ունենալ, հատկապես այս դեպքում խոսքը ընտրութունների դիտորդական առաքելության մասին էր, եւ բոլոր դիտորդները, որպես կանոն, ազատ  են տեսաձայնագրելու ողջ ընթացքը։ 

Ֆիլմում հատվածներ կան, որտեղ իմ ձայնն է լսվում տեսախցիկի հետեւից, որովհետեւ նաեւ որպես դիտորդ էի մասնակցում պրոցեսին։

Տորոնտոյի հայ համայնքի վերաբերմունքը նյութինքեզ որպես ռեժիսորի՞ էին հարցեր ուղղում, թե՞ որպես իրադարձության մասնակցի։

Վերաբերում էին որպես ռեժիսորի, հարցերն էլ հիմնականում ֆիլմի մասին էին։ Մարդիկ այնտեղ շատ լավ տեղյակ են՝ ինչ է կատարվում Հայաստանում։ Գուցե մասշտաբներ ընկալելու խնդիրներ կան կամ մասնակցության ձեւեր գտնելու, բայց հիմնական ինֆորմացիային տիրապետում են։ Նախաձեռնության մասին նույնպես գիտեին։

Իսկ ֆիլմի խնդիրը մի քիչ այլ էր՝ քաղաքական այդ իրադրության մեջ մարդկային էմոցիաների, զգացումների, ներքին մթնոլորտի ցուցադրումն էր։ Կարծում եմ՝ հաջողվեց։

Վերնագիրն արդեն ուղղություն է տալիս։

Հա, «Ճանապարհ դեպի տուն»․ ինձ համար շատ կարեւոր է այդ ճանապարհը՝ թե ժամանակային, թե տարածական առումով։ Դրա համար «ճանապարհ», ոչ թե «վերադարձ»։ Ընթացք, որը շատ գործողություններ է իր մեջ ներառում, ճանապարհ, որ նախաձեռնող խմբի անդամները վաղուց են սկսել։

Նորից վերադառնալով մասնագիտությանն ու մեդիագործառույթներ իրականացնելու պրոցեսներինպատահե՞լ է, որ հրաժարվես տեսախցիկից, այսինքն չներկայանաս որպես վավերագրող կամ լուսաբանող եւ ինքդ մասնակիցը դառնաս իրադարձության։

Միշտ տեսախցիկը ձեռքիս է․ որոշ դեպքերում այն նաեւ անճարությունից է ինձ փրկում։ Նորից պետք է անդրադառնամ «Սասնա ծռերի» դեպքերին։  Այդ ընթացքում շատ բան էր կոտրվել մեջս․ այդ սարսափը, արյունը, բողոքը, որն անձամբ կիսում էի, բայց բողոքի ձեւն ընդունելի չէր ինձ համար․․․ Որպես քաղաքացի ներքին կոնֆլիկտի մեջ էի ու ինձ շատ անճար էի զգում․ չգիտեի՝ ինչ դիրք բռնեմ, ինչ գործողության գնամ, որ օգտակար լինի կամ գոնե ներքուստ ինձ թեթեւացած զգամ։ Ստացվեց, որ տեսախցիկով մնացի, ու ինչ-որ ձեւով «փախուստի» դիմեցի այս խնդիրներից անուղղակի իմաստով։

Ամեն դեպքում ակտիվ քաղաքացին, լրագրողը եւ վավերագրողը ներսում շատ հակասություններ պետք է որ առաջացնեն։

Առանց էմոցիաների հնարավոր չէ։ Տարիներ շարունակ, երբ տեսախցիկը ձեռքիդ է ու ընկերներիդ ծեծի են ենթարկում, այդ ներքին անձնական կոնֆլիկտը քեզ հետապնդում է։

Ես հիշում եմ մի դեպք, որն ինձ վրա խորը հետք է թողել․ որպես քաղաքացի ներկա էի Հարսնաքարի դեմ ուղղված բողոքի ակցիային (Վահե Ավետյանի սպանությունից հետո)․․․ Առաջին ցույցն էր կարծեմ։ Ժողովուրդը հավաքվեց ռեստորանի մուտքի մոտ, եւ հրմշտոց սկսվեց, ոստիկանները կանգնեցին դռան մոտ, որպեսզի ներս չմտնենք։ Այդ պահին տեսա մարդկանց, ովքեր, ըստ երեւույթին, հարսանիք էին տոնում ռեստորանում։

Ես հասկանում էի իրավիճակային անելանելիությունը, եւ մենք իրականում խնդիր չունեինք ներսի մարդկանց հետ, բայց, մեկ է, չգիտեի՝ ինչ կարող եմ անել այդ պահին։ Ինձ համար տրավմատիկ փորձառություն էր իսկապես, ու այդ դեպքից հետո որոշակի իմունիետետ եմ ձեռք բերել։

Նման փորձառությունները․․․

Բոլոր փորձառություններին նայում եմ որպես ուսումնական պրոցեսի․ միշտ բաց եմ մոտենում բոլոր իրադարձություններին եւ միշտ պատրաստ եմ մի բան սովորել, ինչքան էլ նախատրամադրվածություն ունենամ իրադարձության կամ երեւույթի հանդեպ։

Այս ֆիլմի ստեղծման ընթացքում, որքան էլ վավերագրությունը մոտեցնեն մեդիագործառույթին, ես իմ աշխարհի մեջ էի, որտեղ պարտադրված չէի ուղղակի օբյեկտիվ փաստերն արձնագրելու։ Երբ մոտենում էի հարց տալու, իրենք չէին պատասխանում, հասկանում էի, որ լռությունը, հայացքները ավելին են ասում։

Ես գնացել էի նկարելու դիտորդական առաքելության ընթացքը, բայց ստացվեց մարդկային խիստ զգայական պատմություն․․․ Ու ես երջանիկ եմ, որ թույլ տվեցին ինձ տեսնել այդ նրբությունները։

ՀԳլուսանկարներում՝ կադրեր «Ճանապարհ դեպի տուն» դոկումենտալ ֆիլմից։ Տրամադրել է Սեդա Գրիգորյանը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter