HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Բալկոնում Էդիկ Պողոսյանն է

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելու նա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում դիզայներ-նկարիչ Էդիկ Պողոսյանն է։

Էդիկ Պողոսյանը՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին)

Ինքն ուներ դեղին եռանիվ մի փոքրիկ հեծանիվ ու առաջին անգամ փողոցի հետ շփվեց դրանով․ աջ կողմում քաղմասն էր, դիմացը՝ Իրանի վերջին թագավորի մորաքույրի տունը։ Ապրում էին քաղաքի կենտրոնում, վարձով։ Երեւի Թեհրանի հատուկենտ տներից էր, որը չուներ սեփական բակ (եռահարկ շենքի առաջին հարկում էր)։ Ինքը ծնվեց մի ընտանիքում, որտեղ քսան տարի շարունակ տղա թոռ չէր ծնվել։

Շատ սկզբունքային է։ Ինչպես բոլոր հայերը, ինքն էլ է գոռոզ, ու դա շատ լավ է, չի նեղվում դրանից։ Շատ ուրախ է, որ շփվել է պարսիկների հետ, ովքեր իրեն դիվանագիտական հմտություններ են տվել․ Հայաստան տեղափոխվելուց հետո է հասկացել՝ ինչ է այդ «հիբրիդը», ինչ արժե այն, ու այդ առումով կարողանում է այնտեղ լինել «հայ», իսկ այստեղ «պարսիկ»։

Այս մշակութային միքսը իր համար շատ հետաքրքիր է, ճիշտ նոր կոկտեյլի պես, որը հայտնաբերում ես մի քանի համերի խառնուրդից․․․ Թվում է՝ մարդիկ հավանել են այդ կոկտեյլը․ այն իր հաճախորդն ունի։

Այդ գոռոզությունը կամ ամբիցիան շատ անգամ կոտրվելու պատճառ է եղել, բայց չի տրվել փոփոխություններին, որոնք «պարտադրվել» են։ Շատերն են այդ սկզբունքայնությունը համարում ոչ ադեկվատ, բայց ինքը սիրում է փաստացի քննադատությունը։

Չի կարողանում «թեթեւ տանել», ցանկացած նման իրավիճակից նյարդայնանում է, երբ ամենածանր պահին մեկ էլ կհայտնվի ոմն մեկը ու կասի՝ «լա՜վ է, թեթեւ՜ տար»։ Երբեք հեշտությամբ չի մղվել առաջ, միշտ եղել են խնդիրներ։

Դրանից է, որ իր ունեցածը շատ թանկ է գնահատում ու «ստիպում» հարգել դա, որովհետեւ իսկապես նեղվում է, երբ դիմացինը չի ընկալում «դժվար» տրվածը։ Երբեմն բացատրելու փորձեր է անում, բայց դա էլ միանշանակ չէ, որովհետեւ բացատրությունն արդարացում չի, իսկ այստեղ այդկերպ է ընկալվում։

Հիմա ավելի հանդարտ է վերաբերվում ամեն ինչին, չնայած որ էլի «թեթեւ տանելու» մասին խոսք լինել չի կարող։

Ինքը նոստալգիկ մարդ է, կապված է հիշողություններին, սիրում է հնաոճ իրեր, որոնք թաքուն էներգիա ունեն։ Հիմա աշխատում է ժանգոտ մետաղներով։ Այդ հնաոճության մեջ ավելի ազնիվ բան է տեսնում։ Նոստալգիան իրեն սպասման դաշտ է տեղափոխում, եւ պատահում է, որ սպասվողը չի ուշանում․․

 

Մի հարց կա, որ Բալկոնի բոլոր հյուրերին եմ ուղղում վերաբերում է Հայաստանի հետ ունեցած հարաբերությանը։ Քո դեպքում երկու հարց է՝ կապված Իրանի եւ Հայաստանի հետ։ Սկսենք քո եւ Իրանի հարաբերությունից։

Չէի սպասում, որ այս հարցն այսօր երկկողմանի կլինի, բայց կարեւոր էր այսպես։ Իրանի հետ իմ հարաբերությունն ուղղակիորեն կապված է նաեւ Հայաստանի հետ ունեցածս հարաբերությանը․ ինչո՞ւ։ Մի պահ հասավ՝ զգացի՝ ես ու Իրանն այլեւս միմյանց տալու բան չունենք, ու ավելի լավ է՝ մինչեւ «խռովելը» իրար խոստովանենք այսպես՝ «դու քո ճանապարհով, ես՝ իմ, հետո կտեսնենք՝ ինչ կլինի»։

Այդպես պատահեց, որ բաժանվեցինք։ Շատ ռեալ մի բաժանում, որն օդում կախված ոչինչ չթողեց։ Միմյանց հասկացանք։

Մոտ հինգ տարի տեւեց ընթացքը, որ այնտեղից մնացած վատ բաները մաքրվեին, դուրս մղվեին, եւ հենց այդ նույն ընթացքում էլ սկսեցի բացահայտել՝ ինչ ունեի այնտեղ։ Ստացվում է՝ Հայաստանում հինգ տարի ապրելով՝ սկիզբը դրվեց Իրանի ու իմ իրական հարաբերության․․․ Հասկացա՝ ինչքան բան ենք տվել իրար։ Հետո, երբ ավելի օբյեկտիվ նայեցի, տեսա, որ այն կողմից էլ են ռեակցիաներ գալիս, որ ես էլ եմ տվել ինչ-որ բան (թեկուզ այն, որ նոր սերնդի արվեստասերները գրում են ինձ, եւ ես նրանց չեմ ճանաչում, չեմ տեսել)։

Եվ բաժանումն, իրոք, ճիշտ տեղին էր․ հասել էր մի պահ, երբ իսկապես իրարից հեռանալ էր պետք, հանգստանալու ժամանակ էր պետք եւ հասունանալու, հարաբերությունների վերաբերյալ հստակ վերաբերմունք ունենալու։

Իսկ Հայաստանի հետ հարաբերությու՞նը։

Հայաստանը տան պես է․ կարող ես կոշիկներդ հանել ու գցել մի կողմի վրա․․․

Մի քանի տարի առաջ հարցազրույց տալիս շատ դրական բաներ ասացի, որոնք վերաբերում էին մարդկային հարաբերություններին․ այդ հարաբերություններում բացարձակ կորուստ չունեինք դեռ։ Հիմա մի քիչ այլ դիրքորոշում ունեմ Հայաստանի նկատմամբ։ Վախենում եմ ժողովուրդը գնում է այն ուղով, որով Իրանի ժողովուրդը գնաց․ այսինքն՝ իրարից հնարավորինս պոկում են ինչ-որ բան ու փոխարենը ոչինչ չեն տալիս։ Գուցե սխալվում եմ, բայց անձնական փորձառությունս տարբեր տեսանկյուններից վերլուծելիս նման եզրակացության է բերել։

Հայաստանը՝ որպես երկիր, որպես աշխարհագրական տարածք, հիանալի է, իհարկե չեմ համեմատի Իրանի հետ, որովհետեւ տարբեր են։

Ինչպես նախկին սերերիդ մասին կխոսես, ոգեւորվում ես Հայաստանի մասին խոսելիս, լավ ու վատ բաներ ես հիշում։ Այստեղ կոմֆորմիստական տրամադրությունները, եթե դուրս մղվեն, «յոլա» վիճակին որպես իրականություն, եթե չանդրադառնանք, հասարակությունը շատ փոփոխություններ կարող է անել։ Այժմ ծեծված արտահայտության պես է՝ ինչպիսին ժողովուրդն է, այնպիսինն էլ ղեկավարությունը։

Քեզ Հայաստանում ի՞նչն է խանգարում։

Արդեն տասը տարվա ձեւավորված աշխատանքային վիճակ կա, երկիրն այդ ընթացքում փոխվել է, իմ ինտեգրման պրոցեսն էլ իր հերթին։ Հայաստանում միակ բանը, որ ինձ խանգարում է (եւ կարծում եմ` նաեւ ընդհանուր առաջադիմությանը), «գործելն» է, ոչ թե աշխատելը։ Ես վաղուց արդեն այս երկուսն առանձնացնում եմ իրարից։

Դու կարող ես տնից մինչեւ աշխատատեղ գնալ, եւ դա «գործ» է, այո՛, կարող ես այնտեղ լինել քսան ժամ, եւ դա էլի «գործ» է։ Աշխատելը շատ ավելի ուրիշ է։ Նույնիսկ գործի ընթացքում մարդ պետք է աշխատի․ շատ բարդ է։ Ու ինձ այս հաստատմանը գալու համար տասը տարի պահանջվեց։ Դա քիչ չի, երբ հատկապես հասուն տարիքում ես տեղափոխվում։

Եղե՞լ են գործողություններ, որոնք զսպել ես այստեղ։

Սկզբնական շրջանում պատվիրատուների կողմից գուցե ընկալումը դեռ չկար։ Ես չեմ ասում՝ այնպիսի մի բան եմ անում, որն անկրկնելի է, բայց, այնուամենայնիվ, մեր ոլորտը՝ նկարչադիզայներականը, ստեղծագործող եւ պատվիրատու հարաբերության մեջ է կայանում, որտեղ շատ գործոններ իրենց ազդեցություն ունեն։

Բայց, երբ Ակադեմիական թատրոնն է քեզ պատվեր տալիս, փոփոխություն է։ Այս նշումով ոչ թե կոնկրետ պատվիրատուի դիրքն եմ մատնանշում, այլ այն, որ նկատվում է բացը, եւ «գտնում» են քեզ։

Ես ուրիշ մշակույթի կրող եմ նաեւ եւ գիտեմ, որ հիբրիդ այդ վիճակը հետաքրքիր արդյունքներ է տալու։ Ներսումս մեծ անհանգստություն կար, որ ուշանում եմ, շատ եմ ուշանում (առանց այդ էլ երեսունհինգ տարեկանում հաստատվել լրիվ զրո վիճակում, լրիվ ուրիշ երկրում, բարդ էր), եւ հիմա ուրախ եմ, որ եղան մարդիկ, ովքեր ընկալեցին այս ամենը, հասկացան, որ լինեմ ես, լինի ուրիշ մեկը, նման փոփոխությունները պետք են։ Միանգամից փոփոխություններ հնարավոր չեն մեր երկրում, երբ հատկապես ոչ մի ուղղությամբ այդքան արագ առաջ չենք շարժվում։

Բալկոնում սուբյեկտիվ, զգայական հարցերը շատ են լինում։

Սիրում եմ սուբյեկտիվ հարցեր։

Դեռ հինգ-վեց տարի առաջ եմ քեզ նկատել տարբեր իրադարձությունների ժամանակ։ Ինձ միշտ թվացել է՝ եւ զննողի, եւ զննվողի կարգավիճակում ես։ Եվ միեւնույն ժամանակ տարօրինակ ներդաշնակություն եմ նկատել գործողություններիդ ու վերաբերմունքիդ մեջ։ Երեկ էլ քո մասին խոսում էինք։ Այս մասին արտահայտվեցի, ասեցին, իրոք, ներդաշնակ մարդ է երեւում։

Ինչ ինձ հիշում եմ, անհանգիստ եմ։ Շատ եմ լսել, որ բնավորության հակասական գծեր ունեմ, ինչն այդպես չեմ համարում ինքս։ Ամեն դեպքում երկու բեւեռ կա մեջս․ բանական, հանգիստ, կշռադատված, ինչ-որ առումներով միլիմետրեր եւ վայրկյաններ նույնիսկ հաշվարկող տեսակն է (թե ստեղծագործական, թե սոցիալական գործառույթի կոնտեքստում)․․․ Իսկ մյուս բեւեռում ծայրահեղ, բռնկուն, ահանգիստ, տագնապած, երբեմն ոչ ադեկվատ (բայց․․․ երբեմն) տեսակն է։ Այս երկրորդն ավելի շատ դրսեւորովում է անձնական հարաբերություններում։

Այժմյան ներդաշնակության մասին, եթե խոսենք, ապա տեղափոխությունն իր ազդեցությունն ունեցել է անմիջական կերպով, որովհետեւ լիքը բան ես կորցնում այդ ընթացքում, որի արդյունքում հարցի առաջ ես կանգնում՝ գուցե ճիշտ չարեցի։ Հիմա բոլոր առումներով ոչ թե հանդարտ կամ ներդաշնակ եմ, այլ ավելի ճիշտ կլինի ասել՝ զուսպ եմ։

Սոցիալական, քաղաքացիական դիրքորոշման հարցեր կա՞ն։ Պաշտո՞ն, դերակատարու՞մ։ Ինչպե՞ս ես վերաբերում նման հարցերին։

Երբեք չեմ սիրել դիրք կամ պաշտոն։ Իմ ոլորտում պաշտոններ շատ եմ ունեցել՝ սկսած զուտ պրինտ անողից, ով ուղղակի «Control P» էր սեղմում, վերջացրած ստուդիո մենեջերով․․․ Ես հանգիստ եմ իմ դաշտում՝ ստեղծագործական։

Երբ այնպես է ստացվել, որ դեր եմ ստանձնել, դրա մեջ էլ եմ փորձել ստեղծագործության տարր փնտրել։ Հաճախ է պատահել, որ գործողություններս չարաշահվել են դիմացինի կողմից, հուսահատվել եմ, բայց այս ամենի մասին արդեն անցյալով եմ խոսում․․․

Ներկայիս իրավիճակն այսպիսին է՝ չլինել ոչ մի օբյեկտի մեջ, բայց եւ համագործակցել այդ նույն օբյեկտների հետ (կլինի մշակութային, կոմերցիոն, սոցիալական դաշտից), որոնք ունեն քո կարիքը, գնահատում են քո ստեղծագործական մոտեցումները։

Երբ ասում եմ՝ «չլինել օբյեկտի ներսում», ի նկատի ունեմ, որ այնտեղ արդեն կան սկզբունքներ, կաղապարներ, սովորություններ, որոնք, եթե շրջանցես, մարդիկ չեն իմանա՝ ինչպես վարվել հետդ։

Շատ են եղել դեպքերը, որ ես վարվել եմ այնպես, ինչպես «ընդունված» է Հայաստանում, եւ հետո մի շաբաթ «հիվանդացել» եմ դրանից։ Հիմա ավելի մեղմ եմ վերաբերում նման հարցերին։ Հիմա թեթեւությունը գուցե ինձ համար վատ է, բայց գոյատեւելու համար երեւի անհրաժեշտ։

Նորից սուբյեկտիվ բան եմ ասելու։

Ինձ թվում է՝ բալկոնումդ այլ կերպ հնարավոր էլ չէ։

Ինձ համար այլ մշակույթ կրողի մուտքը երկիր, կոնկրետ մասնագիտական դաշտում հայտնվելը միշտ ուսումնասիրման նյութ է։ Այդ մուտքը նաեւ շատ հարցեր է իր հետ առաջ բերում՝ ով է, ինչով է զբաղվում, ինչպես է վերաբերում այնտեղին եւ այստեղին։

Բայց մի հարց առաջնային է՝ ինչ է բերել իր հետ։ Հիմա ես անցնում եմ Լուսավորիչի փողոցով, Սունդուկյանի պատերին տեսնում քո ստեղծած պոստերները, երեկ Գեւորգ (Ջոտտո) Գրիգորյանի ցուցահանդեսին գնացի եւ գիտեմ, որ պատկերագրքի ձեւավորումը քոնն է․․․ Բայց առաջին պատասխանը քո դեպքում, թե ինչ ես բերել հետդ,  «Սպասող մարդու օրագիրն» էր։ Իրանական պոեզան՝ հայերենով։

Ես բերել եմ ինքս ինձ բացահայտելու հաճույքը։ Ա՜յ որ ասեցի հինգ տարի պահանջվեց, որ հասկանամ՝ ինչ ենք տվել միմյանց ես եւ Իրանը․․․ Մի տեսակ հուզվեցի։

Քեզ բացահայտելու հաճույքը կապում ես տեղափոխման հետ փաստորեն։

Հիմա չեմ կարող ասել այդպես՝ որպես ստույգ պատասխան, բայց համոզմունք ունեմ՝ եթե չգայի, չէի բացահայտի ինձ։

Իրանի հետ կապված վերջին զգացումդ, ի՞նչ դաշտից տեղափոխվեցիր այստեղ։

Վատ վիճակ էր։ Քաղաքական այդ շրջանը (անունը տալ չեմ ուզում) ծանր էր նաեւ սոցիալական իմաստով, քառասուն տարվա ընթացքում (նույնիսկ պատերազմի ժամանակ) այդքան վատ չենք ապրել։ Ես չունեի գործ, անձնական հարաբերություններում փոփոխություններ էին եղել․․․ Կամ «փրկվել» էր պետք, կամ ամեն ինչին պատշաճ կերպով «առճակատվել»։

Ճիշտ հորս մահվան տարելիցի օրը ինձ Հայաստանից զանգ եկավ, որ գործ կա (արդեն աշխատում էի այդ ընկերության հետ եւ նոր նախագծի առաջարկ էին անում, որի համար պետք է Հայաստան գայի)։

Նոր էի գերեզմաններից տուն մտել ու այդ զանգն ստացա։

2007 թվականի դեկտեմբերն էր։ Շատ կարճ ժամանակով եկա եւ հետ դարձա Ամանորի համար։ Դեռ զգացումներ, որպես այդպիսին, չունեի։ Նորից հետ եկա, աշխատանքը չստացվեց, եւ նորից վերադարձա, երկու ամիս անգործ մնացի։

Բազմիցս եմ կրկնել այս նախադասությունը, որ որոշում կայացրի հենց այդ ժամանակ, շատ հստակ մի որոշում, որ պոկվել եմ, ուրեմն գնում եմ մինչեւ վերջ, որ հետո զղջման զգացողությունն ինձ չհետապնդի։ Եկա, ամեն բան արեցի, ու ստացվեց։ Արդեն տասներորդ տարին կարելի է տոնել մեկ ամիս հետո։

Եթե անկեղծ, քեզ հետ յուրահատուկ ձեռագիրդ բերեցիր։

Ուրախ եմ լսել դա։ Երբ քո մասին նման բան ես լսում, ներքին ձայնդ ասում է՝ ինչ լավ է, որ կան մարդիկ, ովքեր ամեն դեպքում սիրում են քո տեսակը, հավանում են․․․ Եվ, եթե նույնիսկ չեն հավանում, բայց արտահայտվում են, ուրախանում ես վերաբերմունքից։ Ռեակցիայի բացակայությունը քեզ հերթականը դարձնելու վտանգի առաջ է կանգնեցում։ Այդ դեպքում ես կգնայի մի այլ տեղ։

Այլ տեղ գնալը․․․

Չավարտեցի՝ ինչ եմ բերել։

Եվ․․․

Ուշ կամ շուտ այդ ամեն ինչը մեջիցս պետք է դուրս գա (դադար)։

Հայրս ինձ միշտ «անիծում» էր։ Ինքը կոմունիստ չէր, բայց տեսակով սոցիալիստ էր, ինքնուս ու ինքնուրույն մեծացած (պապս վաղ է մահացել, երբ հայրս վեց-յոթ տարեկան է եղել)։ Հոգու հետ խաղում էի․ ասում էի՝ գնում եմ Ամերիկա։

Անկախությունից հետո Հայաստանի հետ կապված վատ տրամադրություններ էին, վատ տպավորություններ։ Ասում էր՝ եթե ոտքդ Իրանից դուրս դնես, միայն Հայաստան ես գնալու։ Մայրս ավելի չեզոք դիրքում էր, ինչպես բոլոր մայրերը։ Պատերազմի տարիներին ուզում էին ինձ ուղարկել Ամերիկա, ու ես տասնչորս կամ տասնհինգ տարեկան էի, երբ որոշեցի, որ մնում եմ ու չեմ գնում։

Եվ երեւի ինչ-որ առումով հիմա շնորհակալության պահն է, հատկապես հորս՝ իր «անեծքի» համար եւ գնահատականն է այն ամենի, ինչ Իրանն ու իմ ընկերներն ինձ տվել են։ Ինչու՞ այսպես։ Եթե վերդառանանք «անհանգիստ» վիճակին, ապա նշել է պետք, որ միշտ ամբիցիոզ եմ եղել, բայց համեստ (ու դա համարում եմ էգոիզմի ամենասիրուն ու ամենագագաթնային արտահայտության ձեւը)։ Ստացվում է, որ ինձ հետ բերեցի ու տարիներ հետո «բացահայտեցի» երախտիքս այնտեղի, որտեղ էի․․․ Ու ասում եմ՝ շնորհակալ եմ, որ «դու» (Իրան) տվեցիր ինձ ամենն, ինչ հնարավոր է, եւ ես «թարգմանում» եմ հիմա քեզ այստեղ։

Իրանական ժամանակակից պոեզիայի թարգմանություններդ էլ են փաստորեն այդ շնորհակալության մի մասը։

Չգիտեմ՝ ինչու հենց պոեզիան, բայց, հա՛, ուզում էի թարգմանել։ Բնականաբար շատ եմ աշխատել այդ ուղղությամբ, ներսումս վախեր կային։ Ես դեռ Հայաստանը չգիտեի այդ ժամանակ, երբ թարգմանությունները սկսեցի։

Այստեղ հարաբերությունները տարբեր են, չէ՞։

Այնտեղ ավելի քաղաքային է։

Իսկ քաղաքավարությա՞ն մասին։

Չեմ կարող ասել։ Երբեմն այնպիսի բաներ կարող ես հանդիպել այնտեղ, որ Հայաստանին փառք տաս, եւ, իհարկե, հակառակն էլ։ Այնտեղ մասնագիտական հարցերին վերաբերմունքն այլ է՝ պրոֆեսիոնալ մոտեցում կա, քննադատությունն ու քննարկումը օդի մեջ չի՝ գրավոր տեսքով է, պատճառահետեւանքային կապերով․․․ Այստեղ դա պակասում է։

Ես ինձ գրական դաշտի մարդ չեմ համարում, թարգմանիչ էլ չեմ, փախուստ չկա ոչ մի բանից, ստորագրում եմ բոլոր տողերիս տակ, բոլոր բառերը, որոնք գործածվել ու հորինվել են իմ կողմից, էլի իմն են, բայց խնդրում եմ, եթե ուզում եք քննադատել, քննադատեք ռեալ, օդի մեջ բան մի ասեք։ Ես սա ձեւակերպում եմ հենց այսպես, որովհետեւ անդադար սովորել եմ ուզում։

Ազատագրվա՞ծ ես։

Ինչ ինձ հիշում եմ, անկախ եմ եղել, որովհետեւ տեսել եմ հորս՝ ինքնուրույն, ինքնուս, մի մարդու, ով հինգերորդ դասարանի կրթություն ուներ, բայց ինձնից լավ էր խոսում հայերեն, գրում էր, ահռելի գրադարան էր պահում․․․ Եվ մորս՝ որպես ընտանիքի ողնաշարի, որի շուրջ պտտվում էր հայրս՝ որպես մկան։

Ուրիշ բան չէի կարող սովորել։ Հայրս ասում էր՝ ես կամ քո մեջքին, դու պետք է տասը անգամ ավելին լինես, քան ես եմ։ Պատասխանատվություն է, եւ եթե դու այնպիսի տեսակ ես, որ մտածում ես ասվածի շուրջ, ուրեմն ռիսկի պիտի գնաս եւ կրես այդ պատասխանատվությունը։

Պատասխանատվություն ինչի՞, ու՞մ հանդեպ․․․ Թե՞ ինքդ քո հանդեպ ունեցածի մասին ես ասում։

Եթե ես ինչ-որ բան եմ ստեղծում, օրինակ Ազգային ակադեմիական թատրոնի համար ինչ-որ պոստեր, արդեն պատասխանատվություն է ինքս իմ արածի հանդեպ։ Այդ պահին չեմ մտածում, որ Ազգային թատրոնի համար եմ անում, մտածում եմ իմ լավագույնն անելու մասին․․․ Հետո արդեն կարող եմ ասել, թե ինչու այդպես արեցի, ինչ էի ուզում ասել դրանով եւ այլն։ Այսինքն ուրիշի համար ներկայանալի բան ստեղծելն արդեն մեծ պատասխանատվություն է։

Հիմա ես հարցնեմ այդ պոստերի մասին, քանի որ իսկապես ուշադրություն է գրավում։ Այս դեպքում «Մեծապատվիվ մուրացկաններ» ներկայացման պոստերն է։ Ստեղծագործական մոտեցումը պատվերի դեպքում ի՞նչ բնույթ է կրում։

Ես մի անգամ ներկայացման նախնական փորձերից մեկին ներկա եղա, զգացի, որ տեսնելը խանգարում է։ Բնականաբար նորից կարդացի գործը, բեմադրության հեռուստատեսային տարբերակը նայեցի, տարբեր տարիներին ստեղծված գրքի շապիկները։

Սիրում եմ գործի սկզբնական փուլում հետազոտություն անել (հատկապես դասական գործերի դեպքում)։ Հետազոտությունը երկու պատճառ ունի՝ ոգեշնչման համար եւ չկրկնվելու։ Սովորում ես եւ՛ լավից, եւ՛ վատից, կուտակում ես ինֆորմացիան, սկսում ես վերլուծել, մարսել ու հասնում իններորդ, տասներորդ գաղափարիդ, տեսնում, որ «բռնեցիր» մի բան։

Կոնկրետ այս պոստերի դեպքում հենց սկզբից կար գաղափարը։ Կարծում եմ՝ քսանմեկերորդ դարում ստեղծագործողը պիտի գնա ռիսկի՝ գործի մեջ մտցնելով ինտիմ մի բան․․․ Այնքա՜ն ինտիմ, որ մարդիկ չզգան՝ դա ուրիշինն է ու իրենցը կդարձնեն։

«Սպասող մարդու օրագիրը» բացարձակ ինտիմ բան ուներ իր մեջ, եւ գուցե հաջողությունը հենց դրանից էր։ «Ինտիմ» ասելով ի նկատի չունեմ միայն ներանձնային էմոցիոնալը, այլ էներգետիկան նաեւ։

Փակագծերը բացեմ ու ասեմ, որ «Մեծապատիվ մուրացկանների» պոստերի ձեռքն իմ ձեռքն է, որը տվել էի ձուլելու։ Գուցե միջամտությունը ուղղակի է թվում, բայց ինձ համար դա իմ անուղղակի հետքն է, իմ էներգիան։ Հատկապես թատրոնի համար աշխատելիս ուզեցի անել դա, որովհետեւ մարդն իր ինտիմն է «խաղում» ուրիշի դերում։ Նույնը պոստերի դեպքում էր․ ես, այսպես ասած, «խաղացի» պոստերում։

Նորից վերադառնամ Էդիկ Պողոսյանին ու հարցնեմ նրա երրորդ դեմքինինքը «սպասող մարդու» տեսակի հետ առնչություն ունի՞։

Հա, ինքը միշտ սպասում է․․․  Երեւի նրանից է, որ ամեն բան իրեն դժվար է տրվել։ Սպասողի մասին մի հետաքրքիր բան կուզեմ պատմել ու այդքանով նաեւ հարցիդ պատասխանել։

Ահա․․․

Մտնում եմ մի փաբ, որտեղ սովորություն ունեմ գնալու։ Տեսնում եմ, որ face control անող տղան փոխվել է եւ, բնականաբար, չի ճանաչում ինձ։ Հարցն այսպես է ձեւակերպում․ «Ձեզ ներսում սպասող մարդ կա՞»։ Պատասխանում եմ՝ ես եմ սպասող մարդը․․․ Այդ տղան ապշած նայեց դեմքիս, հետո ուղեկցեց ներս․․․ Երեւի չհասկացավ, թե ինչ կատարվեց։

Ու վերջին հարցը պատմական գլխարկի հետ է կապված։ Առաջին տպավորությունս քեզնից այս գլխարկի միջոցով եմ ստացել եւ չեմ  էլ հիշում մի դեպք, երբ գլխարկով չլինես։

Ես ինքս էլ ինձ էլ առանց գլխարկի չեմ հիշում (ծիծաղում է)։  Ի՞նչ կուզես լսել գլխարկի մասին։

Ի՞նչ կասես դու գլխարկի մասին։

Երեւի երրորդ կամ չորրորդ տարին էր, որ Հայաստանում էի։ Սկսեցի գլխարկ փնտրել։ Մի խանութում լայն տեսականի էի տեսել։ Մամիկոն Սիմոնյանի հետ էի աշխատում այդ ժամանակ։ Հիշում եմ՝ ոնց դուրս թռա, մտա այդ խանութ, միանգամից գնեցի, դրեցի գլխիս ու մտա գրասենյակ։ Ոչ մեկ ներսում չճանաչեց։

Փետուրների հավաքածու ունեմ (փետուր եւ քար շատ եմ սիրում․ երկուսն էլ ներսից շատ փխրուն են)․․․ Ընտրեցի Թեհրանից բերված հնդկահավի փետուրը, կարճեցրի, դրեցի գլխարկիս վրա։

Այն ժամանակ քիչ էին մարդիկ, ովքեր լայնեզր գլխարկ էին կրում, հետն էլ փետուրով․․․ Մի խոսքով հետաքրքիր էր։ Սա երկրորդ գլխարկն է, փետուրներն էլ փոխվեցին։ Իմ տեսակի մասն է գլխարկը, փետուրը։

Գերմանացի մի շատ լավ դիզայներ կա Ուվե Լոշը (Uwe Loesch), ում հետ Իրանում ծանոթացա․․․ Ինքը նույն կոշիկն էր հագնում, բայց մեկը սեւ էր, մյուսը՝ սպիտակ։ Ես իրենից սովորեցի՝ վիզուալ կոմունիկացիան ինչ է նշանակում։ Իմ դեպքում փետուրն է ապահովում այդ կոմունիկացիան՝ հնարավորություն տալով մարդկանց ավելի անկաշկանդ շփվել ինձ հետ։

Տե՛ս՝ այսքան խոսեցինք, բայց ցուրտը չզգացինք, երեւի փետուրի կարեւորությունն էլ կար (ծիծաղում եմ)։

Եթե գտնում ես պուլսը՝ որ կողմից է ինքը թեքվում, ու կարողանում ես ալիքը «բռնել», շատ հեշտ է իր հետ զրուցելը, քննարկելը, քայլելը, նաեւ ապրելը․․.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter