HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԲՃ. Աղբի վերամշակումն այլևս ընտրություն չէ, այլ պարտադիր պայման առողջ միջավայրի համար

Հայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) Հայաստանում նոր աղբավայրի կառուցման մասին հոդվածը հրապարակելուց հետո բաց նամակով դիմել էր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին (ՎԶԵԲ), Եվրոպական ներդրումային բանկին (ԵՆԲ) և ԵՄ Հարևանության ներդրումային գործիքին՝ կոչ անելով Հայաստանում աղբավայր կառուցելու ծրագիրը ֆինանսավորելու դեպքում անպայման ներառել աղբի տեսակավորման և վերամշակման բաղադրիչը:

Նախաձեռնությունը տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ նամակին պատասխանել է Եվրոպական ներդրումային բանկը՝ տեղեկացնելով հետևյալը.

«Երևանի կոշտ թափոնների ծրագիրը վերաբերում է նոր սանիտարական աղբավայրի կառուցմանը, գոյություն ունեցող ոչ սանիտարական աղբավայրի փակմանը և աղբի չեզոքացմանն ուղղված քայլերի իրականացմանը Հայաստանի մայրաքաղաքում և հարակից շրջաններում՝ այդպիսով ծառայելով 1.9 միլլիոն բնակչի: Ծրագիրը համաֆինանսավորվում է ՎԶԵԲ-ի 8 միլիոն եվրո վարկով և 1.9 միլիոն տեխնիկական աջակցության դրամաշնորհով, ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի 8 միլիոն եվրո դրամաշնորհով, Արևելյան Եվրոպայի էներգետիկ արդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) 2միլիոն եվրո դրամաշնորհով և Քաղաքապետարանների աջակացման ծրագրի 0.5 միլիոն դրամաշնորհով: Եվրոպական ներդրումային բանկը նախատեսում է 14.6 միլիոն եվրո տրամադրել՝ կախված գնումների առաջին ծրագրի ժամանակ առաջացած ֆինանսական կարիքներից, իսկ առաջին տրանշը 8 միլիոն եվրո վարկի տեսքով արդեն ստորագրվել է 2015թ.-ին՝ աջակցելու համար ծրագրի առաջին մասին:

Որպես Եվրոպական ներդրումային բանկի հիմնական սկզբունք՝ բանկը ձգտում է, որ իր բոլոր ֆինանսավորած ծրագրերը համապատասխանեն իր ֆինանսական, տնտեսական, բնապահպանական, սոցիալական, գնումների և այլ չափանիշներին ու համապատասխան ԵՄ և ազգային օրենքներին: Այս առումով Երևանի կոշտ թափոնների ծրագիրը խիստ և լիարժեք գնահատական է անցել՝ բոլոր չափանիշներին համապատասխանությունը պահպանելու նպատակով: [...]

Ձեր բնապահպանական մտահոգություններին ի պատասխան նշենք, որ ծրագիրն ունի աղբի չեզոքացման բաղադրիչ, որը կարող է ներառել առանձին հավաքման սարքավորում, վերամշակման կենտրոններ, իրերի վերականգման կայան և կոմպոստավորման կայան: Այս բաղադրիչի ներառումը դեռևս քննարկվում է Երևանի քաղաքապետարանի հետ: […] Բացի այդ, այս ծրագրով նախատեսված է աղբավայրից առաջացած գազերի հավաքման կայանների համակարգ ինչպես հին, այնպես էլ նոր աղբավայրի համար, որոնցով նախատեսվում է էներգիայի վերականգնում»:

Նոյեմբերի 22-ին ՀԲՃ-ն պատասխան է ստացել նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից, որտեղ նշված է. «2011թ.-ին Հայաստանի կառավարությունը և Երևանի քաղաքապետարանը դիմել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին (ՎԶԵԲ)՝ Երևանում նոր աղբավայրի կառուցման ֆինանսավորման խնդրանքով [...]: [...] աղբի վերամշակման կայանները դիտարկվել է որպես հնարավոր տարբերակ, սակայն այդ ժամանակ իրագործելի չի համարվել: Արդյունքում, 2015թ.-ին հաստատված այս ծրագիրը սահմանափակված է եղել ԵՄ չափանիշներին համապատասխանող աղբավայրի կառուցմամբ: Սակայն հետագայում աղբահեռացման քայլերը (դրանց թվում՝ աղբահավաք բեռնարկղեր և փոխադրամիջոցներ բիո և վերամշակման ենթակա աղբի առանձնացման համար, վերամշակման կայան(ներ), իրերի վերականգման և կոմպոստավորման կայաններ) ներառվեցին Ծրագրում Եվրոպական ներդրման բանկի տրամադրած վարկի շնորհիվ: Ներկայումս այս բաղադրիչի շրջանակները քննարկվում են Երևանի քաղաքապետարանի հետ»: ՎԶԵԲ-ն ավելացրեց, որ «աղբավայրից առաջացած գազերը ևս կհավաքվեն ինչպես հին, այնպես էլ նոր աղբավայրերից, և եթե իրագործելի լինի, վերականգվող էներգիայի տարբերակը ևս հաշվի կառնվի»:

«Այս նամակներից թերևս պարզ է դառնում, որ մեր մտահոգությունները, որոնք արտահայտել էինք մեր հետազոտությունում, տեղին են և որ վարկերով ու դրամաշնորհներով կառուցվող այս աղբավայրում աղբի կառավարման կարևորագույն գործոնը՝ աղբի վերամշակումը կարող է բացակայել, քանի որ քաղաքապետարանի հետ այս բաղադրիչը դեռևս քննարկման փուլում է: Աղբավայրի գազերից էներգիա ստանալու հարցը ևս հստակ չէ: Հետևաբար այս կետերը չներառելու դեպքում ոչ միայն աղբի խնդիրը կմնա չլուծված, այլև կարիք կլինի հետագայում լրացուցիչ վարկեր և դրամաշնորհներ ստանալ՝ աղբը վերամշակելու և էներգիա ստանալու կայաններ կառուցելու համար: Իսկ դա չափազանց մեծ բեռ է Հայաստանի արդեն իսկ մեծ վարկային պատմության վրա»,- գրում է Հայկական բնապահպանական ճակատը՝ կոչ անելով քաղաքապետարանին և ծրագիրը ֆինանսավորողներին աղբի վերամշակման բաղադրիչը պարտադիր ներառել այս ծրագրում և ի վերջո իրականացնել աղբի վերամշակում Հայաստանում. «Հայաստանն առավել կանաչ և կայուն ճանապարհով տանելու նպատակով մենք նաև կոչ ենք անում ներառել աղբավայրի գազերից էներգիա ստանալու բաղադրիչն այս ծրագրում»:

ՀԲՃ-ն ներկայացնում է նաև այս հարցով նոյեմբերի 8-ին Հայաստանի վարչապետին ուղղված նամակը.

«Հարգելի վարչապետ Կ. Կարապետյան,

Սույն նամակով խնդրում ենք պարզաբանել, թե երբ Հայաստանում կիրականացվի աղբի վերամշակում:

Մեր խումբը մի հետազոտություն է պատրաստել այն մասին, թե ինչպիսի ծրագրեր են նախատեսվում իրականացնել  Հայաստանում և մասնավորապես Երևանում աղբի կառավարման հետ կապված: Հետազոտությունը կարող եք գտնել այստեղ («21-րդ դարում Հայաստանը դեռ աղբավայրեր է կառուցում, այն էլ վարկերով»

Պարզեցինք, որ թեև նոր աղբավայրեր կառուցելու ծրագրեր կան ինչպես Երևանում, այնպես էլ Երևանից դուրս, սակայն դրանք չեն ներառում որևէ կանաչ և կայուն հեռանկար, քանի որ ա. չկա վերամշակման տարրը, բ. չկա աղբի այրումից էներգիա ստանալու տարրը:

Մինչդեռ այս աղբավայրերը կառուցվում են սահմանափակ ժամկետի համար և վարկերով, այսինքն մի քանի տարուց ոչ միայն նոր աղբավայրերի խնդրի առջև ենք կանգնելու, այլև վարկերի բեռը էլ ավելի է ծանրանալու Հայաստանի համար:

Ուստի խնդրում ենք պարզաբանել, թե ա) ինչու՞ մինչ այժմ ՀՀ-ում գործող աղբավայրերում չի իրականացվում վերամշակում և բ) երբ, ի վերջո, կլինի վերամշակում աղբավայրերում: Ի վերջո աղբի վերամշակումից տնտեսական օգուտները շատ ավելին են, քան ուղղակի և անմիջական եկամուտների ապահովումը: Առողջապահության, հողերի և ջրերի աղտոտման կանխարգելման և այլ երկարատև առավելությունները շատ ավելի առաջնային են»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter