
«Պատվերը նորմալ կատարվեց». Սամվել Բաբայանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների վերաբերյալ դատավճիռը: Համաձայն դրա՝ Սամվել Բաբայանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման:
Իգլայի գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը դատապարտվեց 3, Արմեն Պողոսյանը՝ 2 տարի ժամկետով ազատազրկման: Փողերի լվացման գործով բոլոր ամբաստանյալների, բացառությամբ Սամվել Բաբայանի, նկատմամբ սահմանված ազատազրկման տեսքով պատիժը դատարանի վճռով, պայմանականորոն չկիրառվեց. նրանց նկատմամբ 2 կամ 2,5 տարի ժամկետով փորձաշրջան սահմանվեց:
Հիշեցնենք, որ դատարանում քննվող «Իգլայի» և փողերի լվացման գործով ամբաստանյալի կարգավիճակում էր 7 անձ, որոնցից կալանքի տակ էին և կշարունակեն մնալ միայն երեքը՝ Սամվել Բաբայանը, նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերելուն:
Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը մեղադրվում են մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ, ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ապօրինի կերպով ձեռք բերելու, փոխադրելու և պահելու մեջ:
Կարեն Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք օժանդակել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն:
Նշենք, որ Սամվել Բաբայանի համար դատախազությունը 7 տարի ազատազրկում էր պահանջում, Սանասար Գաբրիելյանի համար` 4, Արմեն Պողոսյանի համար` 3, փողերի լվացման դրվագով անցնող ամբաստանյալ Դավիթ Հարությունյանի համար` 2, Կարեն Քոչարյանի համար` 3 տարվա ազատազրկում: Փողերի լվացման դրվագով անցնող ամբաստանյալներ Ժորա Զաքարյանի և Անդրանիկ Քոչարյանի համար մեղադրողը 2 տարի ժամկետով ազատազրկում էր պահանջել և միջնորդել պատիժը պայմանականորեն չկիրառել` նրանց նկատմամբ 3 տարի փորձաշրջան սահմանելով:
Երեկ տեղի ունեցած դատական նիստին դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ` վճիռ կայացնելու:
Դատավճռի հրապարակումից հետո Սամվել Բաբայանը հայտարարեց. «Պատվերը նորմալ կատարվեց»: Լրագրողների հարցին` ով էր պատվիրատուն, Բաբայանը հայտարարեց, թե Հայաստանում պատվերը մեկ կետից է գալիս:
Մեկնաբանել