HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Երեւանում «ուտում ենք» նույնքան ծանր մետաղներ, որքան Սյունիքում

ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի գիտաշխատողներն իրականացրել են Երեւան քաղաքում պտուղ-բանջարեղենի քիմիական ռիսկերի գնահատում եւ պարզել, որ մայրաքաղաքում այդ առումով իրավիճակը նույնքան լուրջ է, որքան, օրինակ, Սյունիքի մարզի հանքալեռնային համայնքներում:

Գիտնականները, համադրելով տարվա բոլոր ամիսներին երեւանցիների կողմից պտուղ-բանջարեղենի սպառման ծավալները, պարզել են, որ միջին հաշվով, միջին երեւանցին օրական սպառում է 480 գրամ պտուղ-բանջարեղեն, իսկ ամռան ամիսներին այդ թիվը մի քանի անգամ ավելանում է` կազմելով 1 կգ և ավելի, ինչի արդյունքում ավելանում են մարդու օրգանիզմ ներթափանցող ծանր մետաղների քանակները, դառնալով՝ վտանգավոր ծավալներ:

Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ չափել են պտուղ-բանջարեղենի յուրաքանչյուր տեսակի մեջ պղնձի, նիկելի, կապարի, սնդիկի, մկնդեղի եւ կադմիումի մնացորդային քանակները, համադրել սպառման ծավալների հետ: Արդյունքում պարզվել է, որ սպառման ծավալների հաշվին՝ Երեւանում առողջության ռիսկի գործակիցը հասնում է ընդհուպ 3,67 գործակցի, այնինչ թույլատրելի ինդեքսը 1 է: Սա ընդամենը 5 պտուղ-բանջարեղենի` լոլիկի, խնձորի, տաքդեղի, կանաչու և գազարի սպառման հաշվարկների արդյունքում: Անունները նշված են ըստ ռիսկի բարձր գործոնի: Միայն լոլիկի սպառումն առանձին վերցրած՝ առողջական ռիսկն արդեն գերազանցում է թույլատրելի շեմը:

Այս ցուցանիշն անկասկած ավելի բարձր է լինելու, երբ գիտնականները վերլուծեն նաեւ մյուս մթերքների արդյունքները, մասնավորապես՝ ձմերուկը, սեխը, ծիրանը եւ այլն: Ամռանը Երեւանում մեկ անձը օրական 600 գրամ ձմերուկ է սպառում:

- Երեւան քաղաքն աշխարհի այն բացառիկ քաղաքներից մեկն է, որն ունի պտուղ-բանջարեղենի թռիչքային՝ մեծ ամպլիտուդներով սպառում: Հունվար-փետրվար ամիսներին Երեւանում լոլիկի գինը հասնում է մոտ 1300-1500 դրամի, եւ երեւանյան միջին ընտանիքը շաբաթական օգտագործում է 1 կիլոգրամից էլ պակաս լոլիկ: Եթե այդ թիվը բաժանենք ամսվա օրերի վրա, ապա կստացվի, որ ձմռանը օրական մի քանի գրամ լոլիկ ենք սպառում: Դրան հակառակ՝ Երեւան քաղաքում ամռան ամիսներին միջին երեւանցին սպառել է օրական 1,5-2 լոլիկ, որը շաբաթվա կտրվածքով կազմում է մոտ 2 կիլոգրամ: Տեսեք, թե սպառման ինչ ահռելի տարբերություններ կան: Թռիչքային այս սպառումը պայմանավորված է գնով:

Համադրելով տասներկու ամիսների ցուցանիշները` ստացել ենք, որ տարվա կտրվածքով՝ պտուղ-բանջարեղենի օրական սպառումը կազմում է 480 գրամ: Եթե ձմռան ամիսներին ցուցանիշները շատ բարձր չեն, ապա ամռան ամիսներին պտուղ-բանջարեղենի սպառումը կազմում է ընդհուպ 2 կիլոգրամ՝ ձմերուկի, սեխի եւ մրգերի հաշվին: Եվ այս ճանապարհով՝ միջին երեւանցու օրգանիզմը ենթարկվում է ռիսկերի, քանի որ ընդունում է մեծ քանակությամբ ծանր մետաղներ:

- Նման ուսումնասիրություն սկսելու համար ի՞նչն առիթ հանդիսացավ:

- Երբ ուսումնասիրություններ էինք կատարում Սյունիքում, քիմիական տարրերի հագեցվածության առումով ամենավտանգավորը ռեհանն էր, բայց ռեհանն այնքան քիչ է օգտագործվում՝ 20-30 գրամ, որ ինքն իրենով մեծ ռիսկ չի ներկայացնում: Սրան հակառակ՝ 3-5 անգամ պակաս թույնի պարագայում ռիսկն ավելի մեծ է այն մթերքների դեպքում, որոնց սպառումը մեծ ծավալների է հասնում:

Միջազգային պրակտիկայում ամենավտանգավորը համարվում է ջուրը, քանի որ ունի գերբարձր սպառում՝ 1,5-2 լիտր: Եվ անգամ ամենացածր ռիսկ պարունակող թունավոր տարրը ջրի դեպքում դառնում է վտանգավոր: Բայց փաստորեն Երեւանում ջրից առավել՝ ունենք պտուղ-բանջարեղենի սպառում:

Հենց սա դրդեց ուսումնասիրել, թե Երեւան քաղաքում վաճառվող պտուղ-բանջարեղենում ծանր մետաղների պարունակությունն արդյո՞ք ռիսկեր ունի: Քիմիական տարրերի կոնցենտրացիաները բարձր չէին, անկեղծ ասեմ, թույլատրելիի սահմաններում: Հատկապես հաշվի առնելով, որ մեր ընդերքը հարուստ է ծանր մետաղներով: Բայց սպառման ծավալների հաշվին՝ Երեւանում արձանագրված ռիսկը գրեթե հավասար է Կապան քաղաքում արձանագրվածին:

- Կառավարությունում տեղյա՞կ են այս ուսումնասիրությունից:

- Ամբողջ աշխարհում այս ոլորտում կա ռիսկի վրա հիմնված սննդի անվտանգության համակարգ, եւ եթե նման խնդիր ի հայտ գար, պատկան մարմինները կզբաղվեին: Իտալիայում, օրինակ, պետությունը պարտադրում է արտադրողներին նվազեցնել թունաքիմիկատների ծավալները, ռիսկերը, որպեսզի ազգաբնակչությանը զերծ պահեն ռիսկերից:

Հայաստանում բիզնեսը եւ պետական կառավարումը սերտաճած են: Դուք էլ եք հասկանում, որ մեզ մոտ պետական ապարատը աշխատանքի չի եկել բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով: Նույնը կարող եմ ասել գործող կառավարության մասին: Այ հենց այս աշխատասենյակում ես խնդիրը ներկայացրել եմ մեր երեք նախարարներին՝ գյուղատնտեսության, բնապահպանության եւ առողջապահության: Երեքն էլ, թվում էր, շատ մտահոգ դեմքով են լսել այս ինֆորմացիան եւ մտահոգ էլ` հեռացել:

Խոստումներ տվել է միայն գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Եվ եթե տարին ամփոփենք, հաշվենք, թե Առաքելյանն իր խոստումների քանի՞ տոկոսն է կատարել, ապա պետք է արձանագրենք, որ նա բացառիկ նախարար է իր խոստումները չկատարելու առումով: Ցուցանիշը՝ զրո տոկոս: Եվ կարծում եմ այս անգործությունը վատ է թե´ իր, թե´ երկրի համար:

Եվրոպայում կան կոոպերացիաների ցանցեր, որոնք տարին տասներկու ամիս մթերք են մատակարարում: Դե դուք հիմա մեր հայկական կոոպերացիաները նայեք: Ու՞ր են: Մեզ մոտ պետական ապարատը չի կարող կոոպերացիա զարգացնել: Պետությունն այդ ուղղությամբ ոչինչ չարեց: Իրենց ձեռք չէր տալիս, քանի որ իրենք էին ներկրողը: Իսկ եթե պետական ապարատը ներկրմամբ է զբաղվում, չի կարող տեղական ռեսուրսները զարգացնել:

- Դուք ի՞նչ լուծումներ եք առաջարկում:

- Տարբեր բույսեր ունեն տարբեր աղտոտման գործակիցներ: Օրինակ կանաչեղենը ծանր մետաղներ շատ է սիրում կլանել: Դրան հակառակ՝ սոխը եւ սխտորը չեն կլանում: Օրինակ պոչամբարի վրա աճեցված սխտորը ծանր մետաղներ չի կլանում, ավելին, նաեւ օրգանիզմից մաքրում է ծանր մետաղները:

Պետք է մշակվի համալիր պլան: Բնականաբար պետք է երեք գերատեսչություն ներգրավվի՝ բնապահպանության, գյուղատնտեսության և առողջապահության նախարարությունները: Ինչ խոսք, հողերի մաքրման խնդիրը հրատապ է, պետք է մշակել պատշաճ գյուղատնտեսական պրակտիկայի վրա հիմնված գյուղմթերքի արտադրության պլան, լինեն քարտեզները, կուլտիվացիայի համար երաշխավորվող մթերքները:

Մեզ խնդրեցին անգամ ծրագիր ներկայացնենք, առաջարկներով հանդես գանք: Մենք արեցինք, բայց որ ընթացք չի տրվել՝ արդեն կառավարության խնդիրն է:

- Իսկ շուկան կամ արտադրությունը կարգավորելու ճանապարհով հնարավո՞ր է դրական արդյունքի հասնել:

- Դա կրկին այն է, ինչը պետք է կառավարությունը կազմակերպի: Հայաստանում բացակայում է ագրարային քաղաքականությունը, սառնարանային շղթա չկա: Եվրոպայում սուպերմարկետները պայմանագիր են կնքում մատակարարների հետ, որոնք կլոր տարին նույն միջին գնով ապրանք են մատակարարում: Ճիշտ է, օրինակ միջերկրյածովյան երկրներում ձմեռը շատ ավելի կարճ է տեւում, բայց մյուս կողմից ժամանակն է, որպեսզի Հայաստանում գյուղատնտեսության մեջ ներդնեն ինովացիոն մոտեցումներ, ջերմոցները ջեռուցեն վերականգնվող էներգիայով: Ավելին, կան վառարաններ, որոնք այրում են և´ թեփ, և´ աթար: Այս ամենը մեզ մոտ չի արվում, հետեւաբար սննդի շղթայի կազմակերպումը նույնպես ցածր մակարդակի վրա է:

- Պարոն Պիպոյան, կնշե՞ք, թե ըստ տարիքային կամ սեռային խմբերի՝ ովքեր են ավելի մեծ ռիսկի գոտում:

- Աշխարհի միակ երկիրն ենք, որ երիտասարդների եւ թոշակառուների սննդակարգը պտուղ-բանջարեղենի առումով չի տարբերվում: Աշխարհի բոլոր երկրներում երիտասարդները շատ են սնվում ֆաստֆուդով, իսկ թոշակառուները հիմնականում տանը նստած՝ միրգ-բանջարեղեն են ուտում: Հայաստանում, քանի որ ամռանը մրգի նման շուկա ունենք, երիտասարդները մեծ ծավալի միրգ եւ բանջարեղեն են սպառում: Դիտարկեք ցանկացած գրասենյակ, կազմակերպություն, ամռանը սեղանին միրգն անպակաս է:

Մեզ մոտ սեռային առանձնահատկություններ կան Երեւանում եւ մարզերում: Երեւանում կանայք տղամարդկանց հավասար պտուղ-բանջարեղեն են սպառում, քանի որ աշխատում են, սնվում են գրասենյակում, այնինչ գյուղական բնակավայրերում կանայք հիմնականում գործազուրկ են, տանն են, եւ նրանց սննդակարգը տարբերվում է տղամարդկանց սննդակարգից, քանի որ վերջիններս հիմնականում աշխատանք ունեն:

Մարզերում պտուղ-բանջարեղենի սպառման սեզոնային թռիչքայնությունն ավելի մեծ է: Տնամերձ այգիների սեզոնը բացվում է՝ պտուղ-բանջարեղենով են սնվում, սեզոնը փակվում է՝ պտուղ-բանջարեղենի սպառումը գրեթե զրոյի է հասնում:

Դավիթ Պիպոյանը նշեց նաեւ, որ եթե ամռանը բնակչությունը պտուղ-բանջարեղեն սպառի օրական ոչ թե 1,8 կիլոգրամ, այլ՝ 600 գրամի չափով, ապա առողջական թույլատրելի ինդեքսը կլինի նորմայի սահմաններում: Նրա խոսքով՝ պետական մարմինները, չունենալով ոչ թվեր, ոչ գրամաժ, պնդում են, թե ռիսկեր չկան, ինչը «ուղղակի բլեֆ է»:

Մեկնաբանություններ (1)

Վարդան Հայկազյան
Չեմ կարծում, որ լուծումը ամռանը քիչ պտուղ-բանաջարեղեն օգտագործելն է: Դա համարյա նույնն է, որ ավանակ իշխանությունների հետ քիչ շփվելով մեզ էդքան վնաս չենք հասցնում::

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter