
Մանվել Գրիգորյանի ընկերությունը պետբյուջեի միջոցներով նոր մարզադպրոց է կառուցում Էջմիածնում
2015թ. հոկտեմբերի 28-ից սկսվել է Էջմիածին քաղաքի նոր մարզադպրոցի կառուցման աշխատանքները: Դպրոցը գտնվում է քաղաքի Տերյան փողոցի հարևանությամբ՝ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի առանձնատնից քիչ հեռու: Մարզադպրոցի կառուցման պատվիրատուն Քաղաքաշինության պետական կոմիտեն է: Իսկ շինարարական աշխատանքներն իրականացվում են «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի կողմից: Պետական գնման պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 500 մլն դրամ:
Նշենք, որ թեև շինաշխատանքների իրականացնողն ընտրվել է բաց ընթացակարգով իրականացվող գնման գործընթացի արդյունքում նվազագույն գին առաջարկածը, սակայն հաղթած «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի ընտրությունը պատահական չէ: ԲԲԸ-ն պատկանում է ԱԺ պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանին:
«Հետք»-ը բազմիցս անդրադարձել է, որ Մանվել Գրիգորյանի ընկերությունը գրեթե միշտ մասնակցություն է ունենում Էջմիածնի և հարակից գյուղերում իրականացվող պետական ծրագրերին և այս դեպքում էլ ընտրությունը պատահական չէր, քանի որ «սեղանին» դրված է խոշոր գումար:
Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ ըստ 2018թ. պետական բյուջեի նախագծի՝ մարզադպրոցի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել գալիք տարում: Մասնավորապես, մնացել է պայմանագրի ներքին հարդարման և տարածքի բարեկարգման մնացորդային աշխատանքները, որի պայմանագրային արժեքը մոտ 143 մլն դրամ է:
Այս տարի պետական բյուջեով 69 մլն դրամի շրջանակներում նախատեսվել են երկհարկանի մասնաշենքի ներքին ջրամատակարարման և կոյուղու համակարգերի կառուցման, միահարկ լողավազանի մասնաշենքի կառուցման, սարքավորումների մոնտաժման, ներքին հարդարման, արտաքին ջրամատակարարման և կոյուղու, էլեկտրաէներգիայի մատակարարման, օդափոխության, ջեռուցման համակարգերի և կաթսայատան կառուցման աշխատանքներ: Ներկայումս իրականացվում են ներքին հարդարման և արտաքին հաղորդակցուղիների կառուցման աշխատանքներ:
Իսկ 2015-2017թթ. ընթացքում ծախսված գումարի չափը կազմում է 354 մլն 668 հազար դրամ: Մինչև տարեվերջ ֆինանսավորման կներկայացվեն նաև 2017թ. պետական բյուջեով նախատեսված մնացորդային՝ մոտ 2 մլն դրամի շինարարական աշխատանքները:
Նշենք, որ մարզադպրոցը բաղկացած է երկհարկանի հիմնական և մեկհարկանի լողավազանային մասնաշենքերից: Երկհարկանի շենքի ընդհանուր մակերեսը 1692 քմ է, իսկ միահարկ շենքինը՝ 712.8քմ:
Մարզադպրոցում նախատեսված է ըմբշամարտի, բռնցքամարտի, ծանրամարտի մարզադահլիճային հատվածներ, ինչպես նաև սեղանի թենիսի, շախմատի և «body bilding»-ի մարզադահլիճներ, հանդերձարաններ, շոգեբաղնիք, բուժկետ, լողավազան (33.5x22.2մ), հանդերձարաններ, բուժկետ և այլն:
Էջմիածինն ունի գործող մարզադպրոց: Քաղաքապետարանի կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ գործում են 13 մարզաձևերի մոտ 50 խմբեր, որոնցում ընդգրկված է 705 մարզիկ։ Նրանց հետ աշխատում է 24 մարզիչ, որոնցից 6-ը՝ ՀՀ վաստակավոր մարզիչներ, չորսը՝ սպորտի վարպետներ։
Մեկնաբանել