HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իշխանափոխություն՝ 2 ինքնաձիգով

«Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով» դատարանն այսօր անցավ ամբաստանյալների հարցաքննությանը։ Ցուցմուք տալուց չհրաժարվեց ամբաստանյալներից Հովհաննես Պետրոսյանը։ Նա է 2016 թ. մայիսի 20-ին Ծիծեռնակաբերդի խճուղում ավտոմեքենայով Հրայր Թոփչյանի հետ վթարի ենթարկվել, որից հետո ոստիկաններն ավտոմեքենայից հայտնաբերել են ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում Հովհաննես Պետրոսյանի անվտանգությունը շատ խիստ էր ապահովվում՝ 3-4 ոստիկան ամբողջ հարցաքննության ընթացքում կանգնել էին նրա կողքին։ Սա այն դեպքում, երբ մյուս ամբաստանյալների հարցաքննության ժամանակ ընդամենը ուղեկցող գումարտակի մեկ ոստիկան էր կանգնած հարցաքննության ամբիոնի մոտ՝ ամբաստանյալի կողքին։

Պետրոսյանը նախ դիմեց լրագրողներին՝ հայտարարությամբ, թե տարածվում է «տհաճ տեղեկատվություն», որ իր ցուցմունքների հիման վրա են Ժիրայր Սեֆիլյանն ու մյուսները ազատազրկվել։ Հովհաննես Պետրոսյանը ցուցմունքում նշեց, որ 2 ինքնաձիգներն իրեն տրվել են «գաղափարի, նպատակի» համար, «պիտի իշխանափոխություն արվեր», բայց օպերացիայից մանրամասն տեղյակ չի եղել։ Միայն իմացել է, որ պիտի գրավեին հեռուստաաշտարակը, բայց 2015-ի դեկտեմբերի 1-ից մինչև 2016-ի մայիսի կեսերը որևէ հանձնարարություն չի ստացել, հետո նպատակահարմար չեն գտել այդ ծրագիրը զարգացնել։ Պատմեց, որ գծագրել ու ուսումնասիրել է հեռուստաաշտարակի տարածքը, բայց հետագայում պատռել է, մնացել է միայն մեկը՝ իր քեռորդի Սմբատ Գալոյանի հետ կազմածը։

Սմբատ Գալոյանն այն անձն է, որի անունը բավականին հաճախ է հանդիպում քրեական գործերի նյութերում։ Նրան ևս մեղադրանք է առաջարդվել, այն չի խստացվել, ինչպես մյուսներինը։ Գալոյանն ազատության մեջ է, նրա նկատմամբ կիրառվել է խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին։ Սմբատ Գալոյանի մասով գործից մաս է առանձնացվել, նախաքննությունը դեռ շարունակվում է։

«Ձեր քեռու որդին ունեցել է հարաբերություններ անվտանգության ծառայությունների հետ»,-պաշտպան Տիգրան Հայրապետյանի հարցին Հովհաննես Պետրոսյանը բացասական պատասխան տվեց։

«Հետքի» հետ զրույցում Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը կասկած էր հայտնել, որ Սմբատ Գալոյանը գործակալ է, «իսկ ԱԱԾ-ն իր գործակալներին չի դավաճանում»։ Ըստ պաշտպանի` դա է, թերևս, պատճառը, որ Սմբատ Գալոյանն ազատության մեջ է։

Ձախից` փաստաբան Տիգրան Եգորյանը եւ ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանը

Ժիրայր Սեֆիլյանի մարտական ընկերներից Հրայր Թոփչյանն ու Սասունիկ Կիրակոսյանը հրաժարվեցին ցուցմունք տալուց՝ օգտվելով իրենց դատավարական իրավունքից։ Դա որևէ կերպ, ըստ օրենքի, չի կարող օգտագործվել իրենց դեմ։

Հրայր Թոփչյանը պարզապես պատասխանեց պաշտպանների ու դատախազների հարցերին՝ պատմելով, որ երկու ավտոմատներն իրենն են եղել, ավելի, քան 20 տարվա վաղեմության են՝ դեռ Արցախյան պատերազմի տարիներից։ Պարզապես մտածել է, որ որդիները հասունացել են, ուստի նպատակահարմար չէ զենքերը տանը պահել։ Դիմել է ամբաստանյալներից Հովհաննես Պետրոսյանին։

Սակայն, Հրայր Թոփչյանը կասկած հայտնեց՝ արդյո՞ք 2 ինքնաձիգները չեն փոխվել, քանի որ իր զենքերը շատ հին են եղել, նույնիսկ հնարավոր է՝ չկրակող: «Եթե գործի նյութերում լինեին ավտոմատների լուսանկարները, ինձ ցույց տային, կասեի՝ իմն են, թե՝ չէ»,-ասաց Հրայր Թոփչյանը՝ միջնորդելով կատարել զենքերի կրկնակի փորձաքննություն։

Մեղադրող դատախազները

Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ նախաքննական մարմինը կատարել է լուսանկարահանումներ ու տեսանկարահանումներ. «Անհասկանալի է ու կասկած է հարուցում, թե ինչու հայտնաբերման պահին, վթարից հետո, հայտնաբերելուց հետո 2 ավտոմատների լուսանկարները չեն կցվել գործին»,-ասաց Տիգրան Հայրապետյանը։

Եթե հնարավոր է չկրակող լինեին զենքերը, ապա ինչու է Թոփչյանը ցանկացել հանել տնից այդ ավտոմատները։ Դատախազ Ենոքյանի հարցին Հրայր Թոփչյանը պատասխանեց, որ պատից կախված անգամ չկրակող զենքը հնարավոր է տարին մեկ անգամ կրակի։ Տնից ցանկացել է հանել զուտ անվտանգության նկատառումներով։

Դատախազը միջնորդեց հրապարակել հարցաքննվողի նախաքննական ցուցմունքը։ Հրայր Թոփչյանը ակնարկեց, որ դա կորզվել է իրենից, բայց ասաց, որ դրա մասին կխոսի փորձաքննության արդյունքներից հետո։ Տիգրան Հայրապետյանը նկատեց, որ Թոփչյանը 2016-ի հունիսի 1-ին առավոտից մինչև երեկո եղել է քննչականում, ցուցմունք է տվել հոգեբանական ճնշումների հետևանքով։

«Ծիծաղելի է երկու ավտոմատով նման միջոցառումներ կազմակերպելը»,-ասաց ամբաստանյալ Թոփչյանը՝ նկատի ունենալով մեղադրանքը զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter