HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Հինգ անուն՝ նկարիչ Ալիկ Ասատրյանի ձայնադարանից

«Հետքը» շարունակում է ներկայացնել է «Հինգ անուն՝… ձայնադարանից» երաժշտական շարքը, որի ներքո տարբեր ոլորտի մասնագետները ներկայացնում են ոչ միայն իրենց երաժշտական նախասիրությունները, այլև երաժշտության ունեցած դերն իրենց կյանքում: Դրանք ընդգրկում են տարբեր ժանրեր և ոճեր, դրանք միևնույն ժամանակ բացահայտում են մեզ արդեն հայտնի շատ մարդկանց մեկ այլ տեսանկյունից: Ժողովրդական, դասական, հանրային մեծ լսարաններ ընդգրկող տարբեր գործեր՝  նաև օրվա հերոսի մեկնաբանությամբ:

Խորագիրն այսօր ներկայացնում է Հոլանդիայում բնակվող նկարիչ Ալիկ Ասատրյանի ձայնադարանը:

«Երաժշտությունը մարդու երկրորդ լեզուն է,- ասում է Ալիկ Ասատրյանը,- գուցե առանց նկարչության, քանդակագործության, թատրոնի և այլն,  մարդը գոյատևի, բայց առանց երաժշտության… մի փոքր այլ է երաժշտության պարագայում: Դա մարդու երկրորդ լեզուն է՝ իր հուզական ու հոգեբանական աշխարհի լեզուն, մարմնի պահանջն է: Առանց երաժշտության ես մարդուն չեմ պատկերացնում, որովհետև այն կյանքի միստիկան է ինձ համար»:

Նկարիչ Ալիկ Ասատրյանի ֆեյսբուքյան ստատուսներին սպասում է այս սոցիալական ցանցից օգտվող հայերի, հատկապես նրան ճանաչողների մի մեծ բանակ: Դրանք ազատության ու համարձակության գույներով լի կյանքից եկող պատմություններ են, այս կամ այն արատավոր երևույթի դեմ անկեղծ մտահոգության, բողոքի ձայնր՝ լի փոքրիկ դետալների մեջ անգամ գեղեցիկ ակնթարթ հայտնաբերելու նուրբ տեսողությամբ: Այդ գրառումները լի են լավատեսությամբ և հումորի աներևակայելի զգացողությամբ:

Ալիկ Ասատրյանը ծնվել է Մեղրիում, կրթություն ստացել Երևանում և արդեն 25 տարի է՝ ապրում և ստեղծագործում է Հոլանդիայի  Հաագա քաղաքում: Նկարչությունից բացի՝ նա հետաքրքրված է կինոյով և մի քանի  ֆիլմի հեղինակ է: Ասում է, որ երգեր էլ է գրում, ավելի ճիշտ՝ խոսքեր, որոնք շուտով  պիտի երգեր դառնան:

«Ես փոքր ժամանակվանից միշտ սիրել եմ երաժշտություն, նույնիսկ փորձել եմ նվագել: Երգում էի, տարբեր երգեր էի լսում, կիթառ էի փորձում նվագել սովորել: Փորձեցի, բայց հետո հասկացա, որ տաղանդ չունեմ: Սիրում եմ, բայց դա իմը չի, և շատ փոքր տարիքում արդեն զգացի դա ու հասկացա: Հիմա էլ եմ սիրում երգել, հեչ սլուխ չունեմ, բայց երգում եմ: Մի գործիք կա, որ շատ եմ երազում և հույս ունեմ, որ կգա մի օր ու ինձ մոտ կստացվի այն նվագել սովորել. դա բանդոնեոնն է՝ ակորդեոնի նախահայրը»:

Ալիկ Ասատրյանի երաժշտական ձայնադարանը իր արտիստիկ խառնվածքի նման կտրուկ փոփոխական է ու շատ անակնկալ, բայց նաև իր ներկապնակի նման գունավոր ու զարմանալի համադրություններով: Այստեղ հնարավոր է գտնել աֆրիկյան հեռավոր ու մարդկային կյանք չխորհրդանշող տարածքներից ռիթմեր, ձայներ, փսիխոդելիկ ռոք, դասական հսկաներ, ջազ, մեթալ, ցնցող բլյուզ, հեղինակային երգ ու արգենտինական տանգոյի մելանխոլիկ ելևէջներ: 

Իր սերնդակիցներից շատերի նման ինքն էլ է սովետական երկաթյա վարագույրը շրջանցել «Մոնտե Կառլո»-ի հաղորդակների օգնությամբ: «Թեև երգերի բառերից ոչինչ չէինք հասկանում, բայց լսում էինք ու ոգևորվում,-պատմում է Ա. Ասատրյանը,- Հիշում եմ, որ երեկոյան ժամերին համերգներ կային, «Բիթլզ» էինք լսում, «Իգլզ», հետո եկան «Բոնի Էմ»-ն ու մյուսները: Էդ տարիքում հայկական երաժշտություն չէի լսում՝ ոչ աշուղա-գուսանական, ոչ էլ ազգագրական: Հետո եկավ մի շրջան, որ սկսեցի ավելի հաճույքով լսել պոետիկ տեքստերով երգեր և շատ էի սիրում, օրինակ՝ Վիսոցկի: Անուն, որը միշտ հիացրել է ինձ իր տաղանդով, խառնվածքով և շատ ազդեցիկ բանաստեղծություններով»:

Անկանխատեսելի ու անակնկալ տրամադրություններ սփռող այս արվեստագետը Թերլեմեզյանում ուսանելու տարիներին նաև դասական երաժշտության մեծ երկրպագու է եղել՝ հարուստ հավաքածուով: «Սիրածս կոմպոզիտորներն էին՝ Բախը, Վիվալդին, Մոցարտը (որին հիմա էլ եմ շատ սիրում լսել), Բեթհովենը, Արամ Խաչատրյանը: Պագանինի եմ շատ լսել: Այնքան տարված էի, որ նույնիսկ դիպլոմային աշխատանքս արեցի Վիվալդիի երաժշտության ազդեցությամբ՝ չորս նկարներից բաղկացած «Տարվա եղանակները»: Ու երևի երկու տարի շարունակ, բացի կլասիկ երաժշտությունից ուրիշ ոչ մի բան չէի ուզում լսել: Բայց տարիների ընթացքում, տարբեր ժանրեր ու ոճեր բացահայտելուց բացի, ինձ համար մշտական ու անփոփոխ տեղում մնում է ռոքը, և մի քանի անուններ՝ այլ երաժշտական տարածքներից: Դրանք միշտ ինձ հետ են՝ անկախ ժամանակի և փոփոխականության տեղատվություններից»:

«Deep Purple», «Pink Floyd». թվարկումն այստեղ մի պահ ընդհատվում է, որովհետև  նա անպայման պիտի խոստովանի  փինքֆլոյդյան ազդեցությունն իր երաժշտական ընկալումներում: ««Pink Floyd»-ն ինձ համար իմ բոլոր ժամանակների ամենա-ամենաներից է: Մինչև հիմա էլ սիրում եմ, ունեմ նրանց համերգային տեսագրությունները, մի խոսքով՝ երաժշտության՝ ինձ վրա ունեցած ազդեցության առումով գլխավոր դերում այս խումբն է,- ասում է նա,- Ռոքն ինձ համար ուժ է, էներգիա: Ես կյանքում ընդհանրապես լավատես եմ  և ուժի կողմնակից եմ: Ոչ թե ֆիզիկական, այլ հոգևոր, կամքի ուժի կողմնակից: Երբ զգում եմ, որ ուժասպառ եմ լինում արդեն և վերականգնվելու տրամադրություն պիտի գտնեմ, «Metallica» եմ լսում, Սերժ Թանկյանին եմ լսում, «System of A Down», նման պահերին Ֆրեդի Մերքյուրիին էլ եմ լսում: Ռոքը ուժ տվող, արթնացնող, բայց նաև զգայուն, երբեմն՝ մելանխոլիկ ու, այնուամենայնիվ, էներգիա հաղորդող երաժշտություն է, որը ի՛մն է»:

«Ես խառնվածքով փոփոխություններ սիրող մարդ եմ: Իմ բնավորության այդ առանձնահատկությունը ազդում է իմ նախասիրությունների վրա, այս դեպքում անպայման նաև երաժշտության (այդպես է նաև իմ նկարչության մեջ): Եկավ մի փուլ, երբ ես սկսեցի ջազ լսել, հիմնականում ընտրում էի կլասիկ ջազի անուններ: Բայց ջազի հետ չհամակերպվեցի:»

Նրա ձայնադարանում են նաև հայ երաժիշտներից Ռուբեն Հախվերդյանի, Ֆորշի, երբեմն՝ Տիգրան Մանսուրյանի երգերն ու երաժշտությունը: Բայց երբ խոսքը վերաբերում է ընդամենը հինգ անուն առանձնացնելուն, ապա նա թվարկում ու դասակարգում է դրանք՝ ըստ իր կյանքում ունեցած կարևոր նշանակության և այս պահին, նրա կյանքում ու ստեղծագործական տրամադրությանը հաղորդող զգացողությամբ:

Այսպիսին է Ալիկ Ասատրյանի ձայնադարանը.

1. Աստոր Պիացոլլա. Ալիկի՝ այս շարքի համար նախատեսված ձայնադարանում ամենակարևոր տեղում արգենտինացի հանրահայտ երաժիշտ, բանդոնեոնահար, տանգոյի խորհրդանիշ Աստոր Պիացոլլան է: «Նա ինձ համար ուղղակի գանձ է, ես խենթանում եմ նրա երաժշտությունից,- ասում է նկարիչը,- Իմ ֆիլմերից մեկում, որը «Կալինա-Մալինա» http://www.en.alik.nl/films/#navigationTop  է կոչվում և Հայաստանի ու իմ մանկության մասին է, ես օգտագործել եմ Պիացոլլայի «Oblivion»- «Մոռացում»-ը՝ տարբեր գործիքավորումներով: Անսահման կարոտ ու հիշողություններ տանող զգացումներ կան այս գործում: Պիացոլլան ինձ համար էն երաժիշտն է, էն երաժշտությունը, որը միշտ իմ սրտի մեջ է»:

2. Հարություն Դելլալայան.

Այս անունն առանձնացնելիս` նա նշում է, որ խոնարհումով է մոտենում նրա երաժշտությանը, որը մեծ արվեստ է համարում: «Նրա ստեղծագործությունն իմ 2017թվականի բացահայտումներից է: Ես հիմա նոր ֆիլմի վրա եմ աշխատում, որտեղ այս հիանալի կոմպոզիտորի երաժշտությունից եմ ուզում օգտագործել: Գիժ երաժշտություն է՝ մինիմալիստական, աբսուրդ, անսպասելի, շատ միստիկ և մոգական աշխարհ է դա: Ես միշտ սիրել եմ ստանդարտ, սովորական չափերից դուրս գտնվող երևույթներ և այս առումով Դելլալյանի երաժշտությունն ինձ շատ հոգեհարազատ է: Երբ ես այս երաժշտությունը լսում եմ, մտածում եմ՝ այնպես չէ, որ ամեն օր ու անընդհատ  կլսեմ այն, ինչպես իմ շատ սիրելի այլ գործեր, բայց սա այնպիսին է, ինչպիսին որ ես եմ ապրում իմ կյանքը»:

3. Բեթ Հարթ և «Ես քո ցավը տանեմ»

Այս երգչուհին Ալիկ Ասատրյանին ոգեշնչող, ինչպես ինքն է ասում, ուժ տվող ու սուր զգացումներ արթնացնող ամենահզոր ձայնն է հենց այս շրջանում:

«Բեթ Հարթն իմ սերն է: Ես նրան առանձնացնելու եմ և՛ որպես կատարյալ երգչուհու, և՛ որպես հետաքրքիր ու գեղեցիկ կնոջ: Երբևէ դեռ նրան անձամբ չեմ հանդիպել, բայց աստված չանի՝ հանդիպեմ,- կատակում է Ալիկն ու շարունակում բառերով նկարել այս խենթ արտիստին,- նրա ազատությունը, էմոցիաները, տաղանդը շատ եմ սիրում: Նրա կատարումներն ինձ ուժ ու բերկրանք են հաղորդում: Մի գործ կա, որը ամենաշատն եմ լսում՝ «I’ll Take Care of You»: Հայերեն ես էսպես եմ թարգմանում՝ «Ես քո ցավը տանեմ»: Սա էն դեպքերից է, երբ տղամարդն ուժեղանում է՝ կնոջը նայելով, լսելով: Նրա կատարման մեջ կատարյալ ազատություն կա, սեքս, խելառություն, ուժ, թափթփվածություն. Ինքը գիտի ինչ է երգում և կարողանում է դա ներարկել լսողին: Ես հիանում եմ նրա տաղանդով: Եվ երբեմն զգում ես, որ կարիք ունես նրա հաղորդած զգացումները ներսումդ ունենալու»:

4. Ֆորշ.

Նրան անվանում է սիրո հայկական պոետ, հույզի երգիչ, սիրո փոստատար: «Թեև հայկական երաժշտությունը շատ հարուստ է ու բազմազան, և ես սիրած տարբեր անուններ ունեմ, որոնք իսկապես մեծ են ու կարևոր, բայց էս շարքի համար կառանձնացնեմ Ֆորշին: Ոչ թե որովհետև նա իմ ընկերն է, այլ որովհետև նրա երգերն ավելի մոտ են իմ խառնվածքին, պարզ են, անմիջական, հույզի մասին են, Երևանի ու Հայաստանի հանդեպ սիրո մասին»:

5. Փինք Ֆլոյդ», թե՞ Վիսոցկի. Այս է խնդիրը

Այս անունն ընտրելիս Ալիկ Ասատրյանը երկար կանգ է առնում, որովհետև հաշվի առնելով մեր շարքի քանակային առումով սահմանափակումն ու դրա մեջ տեղավորվելու՝ Ալիկի սկզբունքը, նրա մտքում անհավասար պայքար հիշեցնող ընտրություն է՝ երկու բացարձակապես տարբեր դաշտերում: «Չգիտեմ, թե էս պահին ու՞մ առանձնացնեմ՝ «Փինք Ֆլոյդ», թե՞ Վիսոցկի»,- հարցնում է նա: Նրա մեկնաբանությունից հասկանում եմ, որ սրտում այդ պահին բրիտանական լեգենդար խումբն է,  մտքում՝ հիշողությունների հետքերով, ռուսական մշակույթում մեծ անուն թողած պոետ, երգիչ և դերասսան Վլադիմիր Վիսոցկին: Ի վերջո, բայց ընդգծված դժվարությամբ,  ընտրվում է Վիսոցկին՝ հաշվի առնելով այն, որ այս անունը, ի տարբերություն առաջինի, դեռևս չի նշվել մեր շարքում և, անխոս, ուրեմն անպայման պիտի նշվի:

«Վիսոցկին ինձ համար առաջին հերթին մեծ պոետ էր, հետո մեծ երաժիշտ ու բացառիկ անհատականություն: Նրա անունն իմ մանկության և երիտասարդության հուշերի հետ է կապված, բայց, միևնույն է, մինչև հիմա էլ Վիսոցկին ինձ համար սիրելի ձայն ու խոսք է մնում: Նա երաժշտության մեջ իմ գիժ պոետի կերպարն է, հզոր կերպարը»:

«Ես բնույթով լավատես մարդ եմ, սիրում եմ լույս, ուժ, ծիծաղ,- ասում է Ա. Ասատրյանը,- լացկան երգեր չեմ սիրում: Խոսքը մելանխոլիկի մասին չէ, որը իմն էլ է, և ոչ էլ լացի մասին է: Լացին բոլորովին դեմ չեմ, լացը հույզ է: Բայց թող չդառնա բայաթի»:

Ալիկին զարմացնում և առավելապես բարկացնում է այն, ինչ մատուցվում է մեր եթերներից իբրև հայկական երաժշտություն: Ասում է, որ դրա մեջ ոչ միայն տգիտություն, այլև վատ վերաբերմունք է տեսնում մեր երեխաների ու երիտասարդության հանդեպ: «Ես շատ բարկացած եմ, որ այդ անճաշակությունն էդպես իշխում է Հայաստանում: Դա ամենուրեք լսում ես նաև Սփյուռքում, ահավոր բան է… էդ լացը, էդ բայաթիները: Ես շատ եմ գրել ու խոսել սրա մասին»:

«Արվեստագետն ինձ համար մոդեռն քահանա է: Նա պիտի սովորեցնի մշակույթ, հոգեբանություն, փիլիսոփայություն, նա պիտի ապրեցնի դա ժամանակակից կյանքում էլ: Նա պիտի խոսի (էսօր հատկապես) ազնվության մասին, սիրո մասին, ճշտի մասին: Ոչ թե իր արվեստանոցում գինի վայելի, հետո մի ամպ նկարի ու ասի՝ «Նստեք նայեք ու լաց եղեք, կամ կախեք ձեր բազմոցի վերևում»: Արվեստագետը, նկարիչը մոդեռն քահանա է, ով պիտի արթուն լինի ու տեղյակ` շուրջ բոլորը կատարվող իրադարձություններից, մարդկանց կյանքից, աշխարհի մտադրություններից: Ես էդպես եմ կարծում»:

Լուսանկարները վերցված են Ալիկ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter