HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանե Գևորգյան

Հայկական ստարտափ. Breedge՝ նոր կամուրջ ուսանողների և աշխատաշուկայի միջև

Մանե Գևորգյան

Breedge ստարտափն ուսանող-աշխատաշուկա կապն ապահովող օղակ է։ Այն ստեղծում է հարթակ, որի միջոցով գործատուները կարող են գտնել իրենց ընկերություններին հնարավորինս համապատասխան ինթերներ՝ այսինքն՝ պոտենցիալ աշխատակիցներ։

Թիմի անդամները ծանոթացել են Հայ-Ռուսական համալսարանի և EPIC ինկուբատորի կազմակերպած Startup Boost Weekend-ի շրջանակում։ Վերջինս տարբեր հմտություններով ուսանողների համար 54 ժամում թիմ ձևավորելու և նոր ստարտափի գաղափար ներկայացնելու հետաքրքիր հնարավորություն է։ Ստարտափի համահիմնադիր Վահան Մելքոնյանի խոսքերով՝ մեկ օրում համախմբվեցին ու երրորդ կուրսի հինգ ուսանողներով առաջարկեցին մի գաղափար, որի կարիքը զգում էին և՛ ծրագրի մենթորները, և՛ իրենք՝ ուսանողները։ Արդյունքում՝ Breedge-ը դարձավ Startup Boost Weekend-ի  հաղթողն ու ստացավ իր բիզնես մոդելն EPIC ինկուբատորում զարգացնելու հնարավորություն։

Ստարտափի համահիմնադիր Լիանա Հակոբյանը նշում է, որ ընդունված կարծիքի համաձայն ստարտափներից շատերը հաջողության չեն հասնում միայն այն պատճառով, որ ստեղծում են մի բան, որի կարիքը մարդիկ չունեն։ Այդ պատճառով իրենք որոշեցին հստակ ժամանակ հատկացնել հետազոտություններին ու հասկանալ՝ արդյոք այն, ինչ ստեղծում են, ունի՞ իր սպառողը։ Այդ ընթաքում երկու հիմնական խնդիր նկատեցին։

Առաջինը՝ համալսարանն ավարտելուց հետո ուսանողներից աշխատանքային փորձ են պահանջում, բայց սովորելու ընթացքում նրանք դժվարանում են գտնել մասնագիտական ու իրենց հետաքրքրություններին համապատասխան աշխատանք։

Երկրորդ՝ ընկերությունները դժվարությամբ են գտնում ուսանող-ինթերներ, որովհետև, օրինակ, համալսարանների կարիերայի կենտրոններն իրենց աշխատանքը ժամանակի պահանջներին համապատասխան չեն կատարում։ Հետազոտության վեց ամիսների ընթացքում հասցրին օգնել 45 ընկերության  (այդ թվում՝ Vineti, Benivo, Chessify, SmartGateVC, Pixomatic, EarlyOne) աշխատանքի ընդունել ավելի քան 80 ուսանող-ինթերնի ու դրական արձագանքներ ստանալուց հետո որոշեցին ամեն ինչ ավելի հեշտացնել ու ստեղծել մի կայք, որն իրենց փոխարեն ամեն ինչ կանի։

Հիմա ամեն ինչ արվում է Breedge-ի ֆեյսբուքյան էջով, բայց շատ շուտով կլինի պարզ ու հարմար դիզայնով կայքը, որտեղ ուսանողները կգրանցվեն ու դասական ինքնակենսագրական ներբեռնելու փոխարեն կլրացնեն տեղեկություն, որն իրոք անհրաժեշտ է ընկերություններին՝ աշխատանքի ընդունելու որոշում կայացնելիս։ Ուսանողը կլրացնի նաև նախապես մշակված, խաղային մոտիվներով ստեղծված անձը բացահայտող մի թեստ։ Ի տարբերություն ինքնակենսագրականների, որոնք ուսանողների դեպքում իրարից շատ չեն տարբերվում, նախապես մշակված այս ծրագիրը թույլ կտա գործատուներին ավելի լավ պատկերացում կազմել ուսանողների հմտությունների մասին, ինչպես նաև հասկանալ՝ արդյոք նրանք համապատասխանո՞ւմ են իրենց ընկերության ընդհանուր մշակույթին։

Այս դեպքում գործատուն ինքն էլ կկարողանա կայքում համապարփակ տեղեկություն ավելացնել ընկերության մասին ու համակարգը միանգամից նրան կառաջարկի ուսանողների, որոնք ամենաշատն են համապատասխանում տվյալ ընկերությանը։

Գործատուն այս համակարգի միջոցով կգտնի ինթերներ՝ ունենալով, ըստ հմտությունների, հետաքրքրությունների և ունեցած փորձի, նրանց որոնելու ու առանձնացնելու հեշտ հնարավորություն։ Կայքում կլինեն տարբեր հայտարարություններ, որոնց ուսանողները կկարողանան դիմել։ Կա՛մ ուսանողն է գտնում իրեն համապատասխան ընկերություն ու ուղարկում իր հետ համագործակցելու հրավեր, կա՛մ գործատուն է գտնում իրեն համապատասխան ուսանող և ուղարկում հրավեր։ Մի կողմն ուղարկում է հրավերն ու, եթե մյուս կողմն ընդունում է այն, ապա անցնում են հաջորդ, օրինակ, հարցազրույց անցկացնելու փուլին։

 

Այսինքն՝ Breedge-ը լուծում է մի քանի շատ կարևոր խնդիր։ Առաջինը՝ հիմա շատ են նոր մասնագիտությունները, որոնք, օրինակ, հինգ տարի առաջ չկային, բայց պահանջարկը շուկայում մեծ է։ Գործատուն դժվարանում է գտնել անհրաժեշտ հմտություններով աշխատողների։ Հետևաբար ընկերությունները նախընտրում են վերցնել ինթերների, ինչ-որ ժամանակ նրանց սովորեցնել այդ մասնագիտությունը, հետո ընդունել աշխատանքի։ Breedge-ի շնորհիվ նրանք կկարողանան հեշտությամբ գտնել իրենց պատկերացումներին համապատասխան երիտասարդների, որոնք սովորելուն զուգահեռ կկարողանան ինթերշիփ անցնել տվյալ ընկերությունում, իսկ, օրինակ, վեց ամիս անց, արդեն դառնալ հիմնական աշխատող։

Երկրորդ՝ հիմա ընկերություններն այլ հարթակների միջոցով աշխատանքի հայտարարություն են հրապարակում, մի քանի շաբաթ սպասում դիմորդներին, իսկ հետո մեկ շաբաթ ինչ-որ մեկն ընտրում է, թե, օրինակ, մի քանի հարյուր դիմորդից ում պետք է կանչել հարցազրույցի և երկար ժամանակ հարցազրույց անելուց հետո վերջապես նրանցից մեկին ընդունում են աշխատանքի։ Սակայն Breedge-ի դեպքում ընդամենը մեկ օրվա ընթացքում համապատասխան մասնագետը կարող է կայքում նայել ուսանողների՝ հանրավորինս կարևոր տեղեկությամբ անձնական էջերն ու ընտրել նրանց, ում պետք է կանչել հարցազրույցի։ Այսինքն՝ ընտրությունը կլինի ավելի հեշտ, թիրախային, համակարգված ու երկար ժամանակ չի պահանջի։ 

Երրորդ՝ Breedge-ը նոր մոտեցմամբ վերականգնում է ուսանող-ընկերություններ կապը։ Այս հարթակի շնորհիվ ընկերությունները վերլուծական տվյալներ կստանան այն մասին, թե, օրինակ, որոնք են այդ պահին ուսանողների կողմից ամենանախընտրելի մասնագիտությունները, ինչպես են ուսանողները ընկալում իրենց ընկերության մշակույթը։ Այս տվյալները կօգնեն նրանց վերանայել ու ավելի լավացնել իրենց աշխատելաոճը։

Չորրորդ՝ ուսանողները հազարավոր նամակների փոխարեն կստանան հայտարարություններ, որոնք իրոք կապված են իրենց հետաքրքրությունների ու հմտությունների հետ։ Բացի այդ, կան ինչ-որ ընկերություններ, որոնք կոնկրետ համալսարանի հետ են համագործակցում ու հայտարարությունները միայն այդ օղակով են տարածում։ Իսկ այս հարթակի շնորհիվ ուսանողները կունենան հայտարարություններին ծանոթանալու հավասար հնարավորություններ։ 

Այս պահին ստարտափի հիմնական թիրախներն են մի կողմից՝ ուսանողները, իսկ մյուսից՝ ստարտափները, ընկերությունների բիզնես բաժիններն ու փոքր ՏՏ կազմակերպությունները։ Վճարող կողմ լինելու է միայն ընկերությունը, իսկ վճարը կախված է լինելու ինթերշիփի, հետագայում նաև աշխատանքի անցած ուսանողների քանակից։

Հիմա Breedge-ը մասնակցում է Հայկական ստարտափ ակադեմիայի նախաաքսելերացիոն ծրագրին, և այդ համագործակցության շնորհիվ  վերջերս Հերոսների տանը կազմակերպեց «Ուսանողների աշխատանքային տոնավաճառ»: Ներկա 12 ստարտափները ծանոթացան միջոցառման մասնակից ավելի քան 75 ուսանողների հետ, որոնցից 20-ը  մասնակցեցին հարցազրույցների, իսկ 5-ն անցան աշխատանքի այդ ստարտափներում։

Հաշվի առնելով այն հաջողությունը, որ իրենց առաջարկած ուսանողներն ինթերշիփից հետո անցել են հիմնական աշխատանքի՝ Breedge-ի թիմը պատրաստվում է հերթով իրականացնել մոտակա պլաններն ու կայքը ստեղծելուց հետո ավելացնել դրա հնարավորությունները։

Լուսանկարները՝ Նարե Գևորգյանի

Մեկնաբանություններ (2)

Sona simonian
It’s a v good start for our new generation. Finally,I see some confidence. Presently, I’m in yerevan . I would like to meet you if possible. Hachoghoutyoun ,Sona
Կարպիս Եսայեան
Միայն, գլխագիր ԿԵՑՑԷ՛:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter