HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Լևոն Արոնյանը անհաջող հանդես եկավ London Chess Classic սուպերմրցաշարում

Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում ավարտվեց Grand Chess Tour-ի եզրափակիչ մրցափուլը՝ London Chess Classic սուպերմրցաշարը, որին ի թիվս աշխարհի ուժեղագույն շախմատիստների՝ մասնակցում էր նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, ով մրցաշարի 8 տուրերում միայն ոչ-ոքիներ խաղաց, սակայն այսօր կայացած վերջին տուրում սպիտակ խաղաքարերով պարտվեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին: Արդյունքում, Արոնյանը 10 շախմատիստների պայքարում 4 միավորով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:

Անկախ վերջին տուրի արդյունքներից՝ Լևոն Արոնյանը արդեն իսկ կորցրել էր մրցաշարում հաղթելու բոլոր շանսերը, քանի որ զգալիորեն զիջում էր առաջատարներին: Կայացած 9 տուրերից հետո մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորեցին Յան Նեպոմնյաշչին և Ֆաբիանո Կարուանան, ովքեր հաղթողին պարզելու համար անցկացրին թայ-բրեյքի պարտիաներ: Արագ շախմատի երկու պարտիաներում էլ ոչ-ոքի գրանցվեց, իսկ կայծակնային շախմատում ավելի ուժեղ գտնվեց Ֆաբիանո Կարուանան և դարձավ London Chess Classic-ի հաղթող, իսկ Նեպոմնյաշչին՝ փոխչեմպիոն: Երեք գրոսմայստերներ բաժանեցին 3-5-րդ հորիզոնականները:

London Chess Classic-ի մրցանակային ֆոնդը կազմում էր 300 հազար ԱՄՆ դոլար, որից 15 հազարը բաժին հասավ 7-րդ հորիզոնականը զբաղեցրած Լևոն Արոնյանին:

Մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքն ու բաշխված գումարները

Grand Chess Tour-ի 2017 թվականի խաղարկությունում Արոնյանը 29 միավորով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը` արժանանալով 91 250 դոլար դրամական պարգևի: 39 միավորով հաղթող ճանաչվեց Մագնուս Կարլսենը, ով որպես հավելավճար կստանա ևս 100 հազար դոլար: Կարլսենը հաղթել էր նաև Grand Chess Tour-ի 2015 թվականի խաղարկությունում:

Grand Chess Tour-ի ամփոփիչ աղյուսակն ու մրցանակային ֆոնդի բաշխումը

Grand Chess Tour-ը շախմատային միջազգային մրցաշարերի շարք է, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն շախմատիստները: Այն բաղկացած է 5 մրցափուլերից՝ 2-ը դասական, իսկ 3-ը արագ և կայծակնային շախմատի կանոններով: London Chess Classic-ը շարքի վերջին՝ 5-րդ մրցափուլն էր:

Մրցումային տարում London Chess Classic-ը Լևոն Արոնյանի համար վերջին մրցաշարն էր: Կարելի է փաստել, որ 2017 թվականը հաջող դասավորվեց 34-ամյա հայ գրոսմայստերի համար: Արոնյանը հաղթող ճանաչվեց 4 մրցաշարերում՝ ապրիլին Բադեն-Բադենում GRENKE Chess Classic մրցաշարում, հունիսին Ստավանգերի Norway Chess սուպերմրցաշարում, օգոստոսին Սենտ Լյուիսի արագ և կայծակնային շախմատի մրցաշարում, իսկ սեպտեմբերին Թբիլիսիում դարձավ աշխարհի գավաթակիր և լուծեց 2017 թվականին իր առջև դրված գլխավոր խնդիրը՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր:

2018 թվականի շախմատային գլխավոր մրցաշարը տեղի կունենա մարտի 10-28-ը Բեռլինում, որտեղ 8 գրոսմայստերներ կպայքարեն հաղթողի կոչման համար, որն էլ իրավունք կստանա ձեռնոց նետել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին:

Լուսանկարը՝ Grand Chess Tour / Spectrum Studios
Աղյուսակները՝ Grand Chess Tour-ի թվիթերյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter