HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեռական առեւտրի հայկական շուկան-3

Գեղամ Վարդանյան

Խուզված գլուխները 

Երեւանի Բաղրամյան փողոցում հաճախորդի սպասող մարմնավաճառները ապրիլի սկզին գրեթե ամեն օր հարձակման էին ենթարկվում։ Արաբկիրի բաժնի ոստիկանները կանանց պատժում էին իրենց պատասխանատվության տակ գտնվող տարածքում կանգնելու համար։ 

Մինչեւ Բաղրամյան փողոց տեղափոխվելը մարմնավաճառների մշտական տեղը Մաշտոցի պողոտան էր։ Կանանց այնտեղից հաշվեհարդարի սպառնալիքով հեռացրել էին Կենտրոնի համայնքի ոստիկանության աշխատակիցները։ «Բաղրամյան փողոցի վրա կանգնած եմ եղել, ոստիկանները տարել են, ասել են` զրուցելու բան կա, կթողնենք։ Կանչել են վարչության պետին՝ Մեհրաբյան Արթուրին։ Նա էլ ասում ա՝ իրավունք չունես իմ տարածքում կանգնելու։ Քեզ Կենտրոնի պետ Թամամյան Հովիկն ա՞ ուղարկել իմ տարածքը կանգնես։ Եթե ինքը կարա իրա տարածքից ուղարկի, ես էլ սենց կանեմ, որ դու իմ տարածքում վաբշե չես կանգնի… Հետո ասաց իրա տղաներին՝ մկրատ բերեք: Ծեծելով, բռնի ուժով բոլորի մազերը կտրելա ինքը»,-պատմում է տուժած Լիլյան (անունը փոխված է)։ 

2004թ. ապրիլի 6-ին` Կանանց եւ մայրության տոնի նախօրեին, ոստիկանները կտրել են կանանց մազերը եւ ասել են՝ «ձեր տոնը շնորհավոր»։ Կանանցից Վերոնիկան (անունը փոխված է) ոստիկանների կողմից երկրորդ անգամ է խուզվում։ Առաջինը 2001-ին էր, Քրիստոնեության 1700-ամյակի տոնակատարության օրերին։ Այն ժամանակ էլ որոշվել էր Երեւանի փողոցները մաքրել մարմնավաճառներից, որպեսզի նրանք չանհանգստացնեն 1700-ամյակի առիթով այցելած հյուրերին։ Կանայք խուզվելու դեպքում ստիպված կեղծամով են փողոց դուրս գալիս։ Երբ ոստիկաններից մեկին հարցրի, թե ինչ իրավունքով են խուզում կանանց գլուխները, պատասխանեց, որ իրենք ունեն այդ իրավունքը, քանի որ մարմնավաճառ կանայք հակահիգիենիկ են, ոջլոտ եւ կարող են ոջիլ տարածել նաեւ ոստիկանության բաժանմունքում՝ այնտեղ, որտեղ բերման են ենթարկվել։ 

Ծեծված եւ խուզված կանայք որոշել էին բողոքել։ Երկար մտածելուց հետո բողոքի դիմում գրելու համարձակություն ունեցավ միայն Լիլյան։ Նա դիմումը հասցեագրեց գլխավոր դատախազին եւ ոստիկանապետին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել «իրավապահ մարմինների կողմից նման արարքներ հետագայում թույլ չտալու համար»։ Դիմումը գրելիս Լիլյան զայրացած հարցնում էր. «Ուզում եմ իմանալ՝ էս երկրում քայլելու իրավունք ունե՞մ, թե՞ չէ: Եթե իրենք աթոռի կռիվ են անում, ես էլ ուզում եմ իմ տեղի համար կռիվ անել։ Ես ուզում եմ իմանալ՝ ինքը իրավունք ունի՞ իմ մազերը կտրելու, թե՞ ոչ։ Եթե իրավունք ունի վարչական տույժ դնելու իմ վրա, հետո իրավունք ունի՞ մազերս կտրի»։ 

Լիլյան դիմումները տարել է դատախազություն եւ ոստիկանություն։ Այնտեղ նրան ասել են, որ մեկ շաբաթից գա պատասխանի հետեւից։ Երբ կապվեցի Լիլյայի հետ, ասաց, որ չի գնալու պատասխանը ստանալու։ Հարցրի պատճառների մասին։ Պատասխանեց, որ չի կարծում, թե դրանից օգուտ կլինի։ Այդ գիշեր գնացի Բաղրամյան փողոց։ Լիլյան չկար, բայց նրա ընկերուհիները ազատ կանգնած էին այնտեղ, որտեղից առաջ հալածվում էին ոստիկանների կողմից։

Ռեյդ 

Երեւանի փողոցներում գիշերները կանգնած կանանց պարբերաբար հավաքում ու Մաշկաբանության եւ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բժշկական կենտրոն են բերում ոստիկանները։ «Ռեյդ» կոչվող այդ գործողության ընթացքում հավաքվում է այնքան կին, որքան տեղավորվում է մեկ «Գազել» մեքենայի մեջ։ Ոստիկանների կողմից հավաքը Երևանում մարմնավաճառության դեմ պետական պայքարի ամենահիմնական ձեւն է։ Կանայք այդ հավաքներից վախենում են, փորձում են խուսափել, սակայն երբեք ոստիկաններին չեն դիմադրում։ Նրանք շարքով մտնում են «Գազելը» եւ ուղեւորվում մաշկավեներական կենտրոն։ 

Հերթական «ռեյդի» դուրս եկած ավագ օպեր լիազոր Տիգրան Պետրոսյանը պատմում է, որ իրենք հարկադիր բուժման են ենթարկում սեռական վարակներից տառապող մարմնավաճառներին։ «Շատերը ուրախ են լինում, քանի որ բուժումը պետպատվերի սահմանում է եւ վճարման ենթակա չէ։ Առանց գումարի ստուգվում են, եւ եթե մեկը տառապում է վեներական հիվանդությամբ, բուժում է ստանում»,- պատմում է ոստիկանության սպան։ 

Իրականում կանայք չեն ցանկանում գիշերվա կեսին մաշկավեներական հիվանդանոց ուղեգրվել։ Հավաքի զոհ դառնալու դեպքում նրանք ստիպված են գիշերն անցկացնել հիվանդանոցում՝ սպասելով, որ առավոտյան բժիշկը գա եւ իրենց բժշկական զննության ենթարկի։ Եթե ոստիկանները հավաքն անցկացնում են շաբաթ օրը, կանայք երբեմն մինչեւ երկուշաբթի առավոտ փակված են մնում հիվանդանոցում՝ սպասելով հետազոտման։ 

«Մաշկավեներականը բերդից վատ տեղ ա. բերում են, դուռը փակում են վրադ»,-ասում են «ռեյդի» զոհ դարձած կանայք։ Նրանք պատմում են, որ գիշերային անվճար բժշկական ստուգումների կարիք չունեն, քանի որ պարբերաբար այցելում են բժշկի։ Մաշկավեներական կենտրոն մեր այցելության օրվա գիշերը կանայք հիվանդանոցի պատուհանից դուրս էին սողոսկել ու փախել։

Առեւտուրը եւ սեքսը Բագրատաշենում 

«Բժիշկներ առանց սահմանի» (MSF) բելգիական կազմակերպությունը մոտ երկու տարի առաջ Վրաստանի հետ սահմանամերձ Բագրատաշեն գյուղում ամբուլատորիա է բացել։ Յուրաքանչյուր ցանկացող այստեղ անվճար խորհրդատվություն ու բուժօգնություն է ստանում, ստուգում օրգանիզմում սեռավարակների եւ ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի (ՍՊԻԴ) առկայությունը։ Բժիշկներին դիմում են հայեր, վրացիներ, ադրբեջանցիներ։ Ամբուլատորիայի նկատմամբ վստահությունը մեծացնելու նպատակով հիվանդների անձնական տվյալները գաղտնի են պահվում։ 

Բելգիական MSF-ը ընտրել է Բագրատաշենը, քանի որ այս տարանցիկ գոտում մեծ է սեռավարակների տարածման հնարավորությունը։ Առեւտուր անելու եկած մարդիկ հաճախ գիշերում են հայկական եւ վրացական տարածքներում գործող պանդոկներում։ MSF-ի աշխատակից Քրիստինա Բայինգանան մեկ տարի աշխատել է Տավուշում, բայց դժվարանում է բացատրել, թե որն է սահմանագլխին իրականացվող սեռական ծառայության նվազագույն գինը։ «Շատ կանայք փողի փոխարեն միայն ապրանք կամ ուտելիք են ստանում։ Նրանք սեքս ծառայությունը փոխանակում են երեխայի համար ուտելիքի հետ։ Այստեղ չկա բարձր կարգի, էլիտար սեքս ծառայություն։ Մարմնավաճառությունը գաղտնի է իրականացվում։ Փողոցում հաճախորդի սպասող կնոջ չես տեսնի»,- պատմում է Քրիստինան։ 

Բագրատաշենի պանդոկներում տղամարդկանց սպասարկող կանանցից մեկը՝ Աշխենը (անունը փոխված է), պատմում է, որ իրենց հնարավոր է գտնել ծանոթների միջոցով։ Պատահական հաճախորդի հետ կապը բացառված է։ Գլխավորը իրավապահների հետ խնդիրներ չստեղծելն է։ Աշխենն ասում է, որ երբ տեղի ոստիկանները ինչ-որ կերպ տեղեկանում են սեռական գործարքի մասին, բարդություններ են ստեղծում հաճախորդի համար եւ նրանից փող են վերցնում։ 

Սահմանում կատարվող սեռական առեւտուրն ազգություն չի ճանաչում։ Ամեն մեկն օրվա հացը վաստակում է այնպես, ինչպես կարողանում է։ Հաճախ հայ կանայք սեռական ծառայություն են մատուցում սահմանից այն կողմ՝ Վրաստանում, տեղի ադրբեջանցիներին։ Աշխենն ասում է, որ կողմնակից է բացառապես հայ տղամարդկանց հետ վճարովի սեռական հարաբերություններին, սակայն բացառություններ լինում են։ «Մեծամասամբ մեր ազգի տղաների հետ ենք գնում»,-հարցը փակում է նա։ 

շարունակելի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter