HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Աշխարհում կա 262 բանտարկված լրագրող. զեկույց

«Լրագրողների պաշտպանության կոմիտեն» (CPJ) ներկայացրել է իր ամենամյա զեկույցը անազատության մեջ գտնվող լրագրողների մասին: Ըստ կազմակերպության 2017 թվականի զեկույցի՝ աշխարում կա 262 բանտարկված լրագրող: 2016 թվականի համեմատ այդ թիվը ավելացել է 3-ով:

Բանտարկված լրագրողների թվով աշխարհում բացարձակ առաջատարը Թուրքիան է, որտեղ անազատության մեջ է պահվում 73 լրագրող: Թուրքիային հաջորդում է Չինաստանը, որտեղ բանտարկված լրագրողների թիվը կազմում է 41, եռյակը եզրափակում է Եգիպտոսը՝ 20 բանտարկված լրագրողով:

Հետխորհրդային երկրներից լրագրողների հանդեպ անհանդուրժողականությամբ առանձնանում է Ադրբեջանը: Մեր հարևան երկրում կա 10 բանտարկված լրագրող: 5 լրագրող անազատության մեջ է պահվում նաև մեր հարևան մյուս երկրում՝ Իրանում: Նույնքան բանտարկված լրագրող կա նաև Ռուսաստանում: ԽՍՀՄ նախկին երկրներից անազատության մեջ գտնվող լրագրողներ կան նաև Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում և Ղրղզստանում:

CPJ-ի զեկույցում հիշատակված են միայն այն լրագրողները, ովքեր պահվում են պետական բանտերում: Այսինքն՝ չեն հաշվարկվել տարբեր խմբավորումների կողմից անազատության մեջ պահվող լրագրողները: Զեկույցի համաձայն՝ բանտարկված լրագրողների գրեթե 75 %-ը մեղադրվում է հակապետական գործունեության մեջ, իսկ 35 լրագրող բանտարկվել է առանց առաջադրված որևէ մեղադրանքի:

«Լրագրողների պաշտպանության կոմիտեն» ներկայացրել է նաև 2017թ. սպանված լրագրողների թիվը: Ըստ զեկույցի՝ ավարտվող տարում աշխարհում տարբեր պայմաններում սպանվել է 37 լրագրող: 2016 թվականին սպանված լրագրողների թիվը հասնում էր 48-ի:

2017թ. սպանված լրագրողների քանակով առաջատարը Իրաքն է: Արաբական երկրում սպանվել է 8 լրագրող: 7 լրագրող է սպանվել մեկ այլ արաբական երկրում՝ Սիրիայում:

Մեծ հնչեղություն ստացավ հատկապես մալթացի հետաքննող լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանությունը, ով գրել էր Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատի պանամական օֆշորների ու Ադրբեջանի իշխանությունների հետ ունեցած կապերի մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter