Նոր տագնապներ Սեւանա լճի համար
Կարինե Դանիելյան
Ջրի մակարդակի 6 մետրով բարձրացումը գիտականորեն հիմնավորված չէ
Սեւանա լիճն իր ֆիզիկական, քիմիական, կենսաբանական ցուցանիշներով ժամանակին համարվում էր խմելու համար պիտանի քաղցրահամ ջրի ջրամբար: Այսօր Սեւանն այլեւս այդպիսին չէ: Տարիներ շարունակ լճի ջրի ինտենսիվ շահագործման հետեւանքով խախտվել է էկոհամակարգը, կերպափոխվել նրա աբորիգեն ձկնաշխարհը: Սեւանի մակարդակի իջնելն ու ճահճացման խոր գործընթացները ջրի որակական փոփոխությունների պատճառ դարձան:
Սեւանի ձկնաշխարհի վիճակը լճի ինքնազգացողության ամենազգայուն ցուցիչն է: Ժամանակին Սեւանում 3 աբորիգեն տեսակ կար` իշխանը, կողակը եւ բեղլուն: Բեղլուն էնդեմիկ տեսակ է, միայն մեր Սեւանին բնորոշ: Արդյունագործական նշանակություն երբեք չի ունեցել, հիմա` առավել եւս: Աղետալի նվազել են նաեւ կողակի պաշարները: Գիտնականները նույնիսկ մտադիր են այն կրճատվող տեսակ հայտարարել: Իշխանի 4 ցեղատեսակներից 2-ը ձվադրում էին լճում, 2-ը` գետերում: Ձմեռային բախտակն ու բոջակը վերացան, որովհետեւ Սեւանի մակարդակի իջեցման հետ անհետացան ափամերձ գոտում գտնվող ձվադրավայրերը: Անհուսալի է նաեւ գետերում ձվադրողների վիճակը: Գրեթե անհետացել է նաեւ ամառային բախտակը:
Այսօր Սեւանում արդյունագործական նշանակություն ունեցող 2 ձկնատեսակ են մնացել` սիգը եւ լճածածանը: Լոկ հայեցողական դիտարկումներով` սիգ ձկան թե տարիքային, թե չափային ցուցանիշները վերջին տարիներին աղետալի նվազել են: Թե արդյունագործական նշանակության կամ, ընդհանրապես, որքան սիգ կամ այլ տեսակի ձուկ կա այսօր Սեւանում, ոչ ոք չի կարող ասել: 2000 թվականից այս կողմ պաշարների որեւէ ուսումնասիրություն չի անցկացվել: Մինչեւ 2000 թ.-ը, այսինքն` երբ ուսումնասիրություններ դեռ կատարվում էին, արդեն արձանագրվել էր սիգի արդյունագործական պաշարների 4-5 անգամ նվազում: Չմոռանանք, որ սիգը ոչ միայն արժեքավոր սննդատեսակ է, այլեւ կարեւոր կենսազանգված Սեւանի էկոհամակարգում: Բազմաթիվ թելերով կապված է կերային ու բուսական բազայի հետ, եւ նրա բուռն դուրս մղումը լճից ճահճացման գործընթացների խորացման լրացուցիչ ազդակ է: Կերային նիշը չի օգտագործվում, եւ օրգանական նյութերն ավելորդ կուտակվում ու նեխում են ջրում:
4 տարի առաջ մեկնարկեց Գիլլի լճի վերականգնման ծրագիրը, որը Սեւանի էկոհամակարգի համար փրկարար առաքելություն պիտի իրականացներ: Արձանագրենք, որ Սեւանա լճի ավազանի հարավ-արեւելյան հատվածում գտնվող Գիլլի լճի չորացումից հետո Սեւանի ավազանից անհետացան 110, իսկ ողջ հանրապետության տարածքից` 35 տեսակ չվող թռչուններ: Իսկ Գիլլի չորացումը նույն Սեւանի ջրի անկման հետեւանք էր: Ծրագիրը տապալվեց, եւ հիմա անհայտ է, թե ինչպիսին կլինի պատկառելի ֆինանսական միջոցներով (1 մլն դոլար) մեկնարկած երկրորդ ծրագրի ճակատագիրը:
Սեւանի հանդեպ պետական արատավոր վերաբերմունքի առաջին ապացույցը մաքրման կայանների բացակայությունն է: Այստեղ ոչ մի այդպիսի կառույց չի գործում: Սակայն եթե նույնիսկ դրանք բոլորը միանգամից աշխատեին, այնքան չէին վնասի Սեւանին, որքան գյուղատնտեսությունը: Խոսքը միայն ոռոգման խնդրին չի վերաբերում: Գյուղացու` քիմիական պարարտանյութերը ճիշտ օգտագործելու անտեղյակությունը նպաստում է նիտրատների ու ֆոսֆատների դեպի լիճ առատ հոսքին: Պակասը լրացնում են կոմունալ-կենցաղային կեղտաջրերը: Ժամանակին Գավառում 2 անգամ որոշվեց մաքրման կայան կառուցել, եւ 2 անգամ էլ ետադարձ հրահանգով այն այլ ձեռնարկությամբ փոխարինվեց:
Որոտան-Արփա հիդրոհանգույցի շահագործման ձգձգումները եւս իրենց բաժին սեւ գործն արեցին: Բնապահպանության նախարարության 2002 թ.-ի տարեկան հաշվետվության ժամանակ արձանագրվեց, որ չնայած թունելի կառուցման համար առանձնացված 1,4 մլրդ դրամ գումարին` ոչ մի աշխատանք չի իրականացվել:
Սակայն Սեւանի ջրի մակարդակի կայունությանը սպառնում է մեկ այլ գործոն եւս, որ կախված չէ մարդկային կամքից: Նախորդ տարիներին ջրի մակարդակի վրա շոշափելի եղավ գոլորշիացման բացասական ներգործությունը: Գոլորշիացման ծավալներն ավելի ակտիվ էին, քան լիճ մղվող ջրի քանակը: Եվ չնայած վերջին 2 տարում առատ են անձրեւները, բայց գիտնականների կանխատեսումներով, կապված եղանակի համընդհանուր տաքացման հետ, հետագայում ջրի գոլորշիացման ծավալներն ավելի կմեծանան: Ոմանք հոռետեսական այն համոզման են, որ միեւնույնն է, ինչ էլ անենք, գոլորշիացման պատճառով լիճն, ի վերջո, ցամաքելու է:
Համենայն դեպս, այս տարվա աննախադեպ հորդ անձրեւներն օգնեցին Գեղամա գեղեցկուհու վերակենդանացմանը: Այսօր լիճն առույգանում է, եւ նրա մեռելային կանաչն աստիճանաբար փոխվում է առողջ, կենսալի գույների: Նախատեսվում է, որ Որոտան-Արփա հիդրոհանգույցի շահագործումից հետո ամեն տարի Սեւան կտեղափոխվի 165 մլն խմ ջուր: Դա Սեւանի համար նույնն է, ինչ դեղը մահամերձի համար: «Սեւանի մասին» օրենքի համաձայն նախատեսվում է ջրի մակարդակը աստիճանաբար բարձրացնել 6 մետրով: 2000-2001 թվականների համեմատ լճի ջուրն արդեն բարձրացել է 1մ 17 սմ-ով:
Սակայն մակարդակի բարձրացման նիշի շուրջն իսկական մենամարտ է սկսվել բնապահպան գիտնականների եւ իշխանությունների միջեւ: Գիտնականների կարծիքով, 6 մետրի ընտրությունը ոչ միայն գիտականորեն հիմնավորված չէ, այլեւ խիստ վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ լճի համար:
«Հանուն մարդկային կայուն զարգացման» կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանի համոզմամբ, «լճի էկոհամակարգը կառողջանա միայն այն դեպքում, եթե լիճը վերադառնա 60-ական թվականների մակարդակին` 1908,5 մետրի, այսինքն` այն ժամանակաշրջանին, երբ անկման գործընթացները դեռ չէին սկսվել, եւ լիճն իր բնական, հավասարակշիռ վիճակում էր: Միայն այդ դեպքում ջրի որակը իսկապես կլավանա, բուսական ու կենդանական աշխարհը կվերակենդանանան, եւ իսկապես կարելի է խոսել Սեւանի փրկության մասին « :
«Այդ 6 մետրը ոչինչ չի տա լճին, թերեւս միայն կասեցնի ճահճացման գործընթացը, բայց դրանից ջրի որակը չի լավանա, իսկ Սեւանի գերխնդիրը ջրի որակի լավացումն է: 6 մ-ի մասին խոսվում էր այն ժամանակ, երբ լճի ջուրը նահանջել էր 18 մետրով: Դրանից հետո ջուրը շարունակեց իջնել, մինչեւ 20-22 մ, բայց հիմա դարձյալ նշվում է այդ թիվը»,-ասում է ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի փոխտնօրեն Բարթուղ Գաբրիելյանը: Մի խոսքով,
Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի հավաստմամբ, 6 մետրի նշաձողն առաջացել է Համաշխարհային բանկի փորձագետների ուսումնասիրության արդյունքում: Իրականում այդ թիվն այլ նախապատմություն ունի: Ժամանակին ՀՀ ԳԱԱ հիդրոլոգիայի ինստիտուտը Ռոստովի եւ Մոսկվայի ինստիտուտների հետ մաթեմատիկական մի մոդել էր մշակել` պարզաբանելու, թե ինչ կկատարվի լճում ջրի բարձրացումից հետո, եւ ինչ մակարդակ է անհրաժեշտ, որ ջրի որակը վերադառնա նախկին նիշին: Այդ մոդելը նշեց 6 մ-ի սահմանը: Հենց հենվելով նախորդ շրջանի այդ ուսումնասիրությունների վրա, առանց իրենց նեղություն տալու` իմանալ նաեւ տեղացի մասնագետների կարծիքն այսօրվա վիճակի վերաբերյալ, արտասահմանցի փորձագետները կրկին մատնացույց արին 6 մետրի սահմանը: Զանցառվեց, որ լճի էկոհամակարգն արդեն ձեւախեղվել է ու նոր իրողություններ են արձանագրվում նրա ընդերքում:
6 մ-ի սահմաններից վեր ջրի մակարդակը բարձրացնելու դեմ կառավարական դիմադրության պատճառն ընդամենը այն է, որ լճի մակարդակի բարձրացումը իսկական սպառնալիք է դառնալու ափամերձ տասնյակ առանձնատների համար, որոնց մի մասի տերերը դիրք ու կշիռ ունեցող մեր նորահարուստներն են: Արդեն իսկ ափամերձ ջրերը խփում են Գագիկ Ծառուկյանի առափնյա առանձնատան պատերին: Տասնյակ այլ շինություններ մնացել են ջրի տակ: Այսօր համառ փորձեր են արվում ամեն կերպ կրճատել նույնիսկ 6 մ-ի սահմանը: Գեղարքունիքի մարզպետ Ստեփան Բարսեղյանի հավաստմամբ, ոչ պաշտոնական, սակայն բարձր մակարդակի անդրկուլիսային հրահանգների համաձայն` 4 մ-ից ավելի չի բարձրացվելու լճի ջրի մակարդակը: Ներկայացնելով կասկածելի հիմնավորումներ Սեւան ազգային պարկի տնօրեն Գագիկ Մարտիրոսյանը եւս փորձում է հավատացնել, որ նույնիսկ 1 մետրով բարձրացումը արդեն բավական է Սեւանին: Դա նշանակում է, որ լիճ մտնող ջրի քանակը վերահսկվելու է այնպես, որ այն չվնասի մասնավոր շինությունների տերերին:
Լճափի ողջ երկայնքով այսօր 350-400 շինություններ կան` եւ անհատների, եւ կազմակերպությունների պատկանող: Դրանց մեծ մասը ապօրինի կառույցներ են: Ապօրինի կառույցների տերերին պետությունը ոչ մի փոխհատուցում չի տա, եթե նրանց շինությունները հայտնվեն ջրի տակ: Իշխանությունների գործը դժվար է լինելու այն սեփականատերերի հետ, ովքեր իրենց շինությունները կառուցել են քաղաքաշինական համապատասխան թույլտվություններով: Վերջիններս իրավացիորեն վրդովված են, որովհետեւ ժամանակին փաստաթղթերն իրենց ձեռքը տվող տեղական ու նախարարական պաշտոնյաները ակնարկ անգամ չեն արել լճի բարձրացման հեռանկարի եւ դրա հետեւանքների վերաբերյալ:
Բայց զարմանալին այն է, որ այսօր էլ լճափի ամբողջ երկայնքով շարունակվում է ակտիվ շինարարությունը: Ճամբարակից մինչեւ Գավառ քաղաք ոչ մի թիզ ազատ հող չկա: Ի տարբերություն ոչ հեռավոր անցյալի, տեղական պաշտոնյաները գոնե հիմա նրանց զգուշացնում են, որ Սեւանի մակարդակի բարձրացման հետեւանքով իրենց ապագա կառույցները կարող են մնալ ջրի տակ:
Սեւանի մակարդակի բարձրացմանը զուգընթաց ջրի տակ կհայտնվեն նաեւ ափամերձ անտառները: Դրանք տնկվել են վերջին 14 տարիների ընթացքում, եւ արդեն հասուն այգիներ են: Արդեն իսկ ջրի մեջ են հայտնվել դրանց առանձին հատվածներ: Ափամերձ անտառները 15-20 հազար հա-ով ձգվում են լճի շուրջը, եւ դրանց կորուստն իսկապես ցավալի է: Սակայն Սեւանը փրկելու այլ միջոց ու հնարավորություն չկա:
Վերջին տասնամյակներում թերեւս առաջին անգամ Սեւանի փրկության ամենաիրական հնարավորություններն են ստեղծվել: Ոչ միայն Որոտանի հանգույցով, այլեւ լիճ հոսող 28 գետերն ու Եղվարդի ջրամբարի վերականգնումը փրկօղակ կդառնան Սեւանի համար: Վերջին տարիներին տեղումներն արտասովոր առատ են: Շատ բնապահպանների համոզմամբ, նույնիսկ առանց հիդրոհանգույցների աջակցության, Սեւանը կարող է դուրս գալ մահամերձ վիճակից: Եթե, իհարկե, Սեւանի փրկությունը զոհ չգնա օլիգարխային մեծ ու փոքր շահերի:
Դարձյալ ճակատագրական ժամանակաշրջան է Սեւանի համար:
Հասարակության գերակշիռ մասը ամենանվազ տեղեկություններ է ունեցել եւ ունի այն ամենի մասին, ինչ առայսօր կատարվել ու կատարվում է Սեւանի շուրջ: Բացառվել եւ այսօր էլ անտեսվում է նրա մասնակցությունը ներկա եւ գալիք սերունդների համար գոյապահպանական անգնահատելի արժեքով Սեւանա լճի ճակատագրի վերաբերյալ պետական որոշումների քննարկումներին ու ընդունմանը: Պատճառը թերեւս այն է, որ մեր եւ իշխանությունները, եւ հասարակությունը զուրկ են էկոլոգիական մտածելակերպից, եւ շահերն ու իրավունքներն այս ասպարեզում ոտնահարվում ու անպատիժ են մնում նույն այդ հասարակության անիրազեկության ու հանդուրժողական լռության պայմաններում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել