
Զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքները նախընտրել են բնակարանների գնման վկայագրեր
Կառավարության նիստում Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն առաջարկեց փոփոխություններ կատարել 2017 թվականի բյուջեի նախագծում և Կառավարության մի շարք որոշումներում։
«Մենք լուծել ենք զոհված և առաջին կարգի հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման և անօթևան ընտանիքների բնակարանների ապահովման խնդիրը»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ի նիստում հաստատվեց որոշում, ըստ որի` զոհված, ինչպես նաև առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների ապահովման նպատակով պետական բյուջեից հատկացվեց 1,5 մլրդ դրամ:
«Նախատեսում էինք, որ հիմնականում Երևանում առաջարկելու էինք պատրաստի բնակարաններ, բայց շահառուների գերակշիռ մեծամասնությունը նախընտրեց բնակարանների գնման վկայագրեր։ Այժմ գործընթացն ամբողջացվել է, և գումարի մի մասով նախատեսվում է բնակարաններ ձեռք բերել՝ հաջորդ տարի ծրագիրը շարունակելու համար։ Ճշգրտումներ ենք անում եղած որոշման մեջ, որպեսզի կարողանանք գումարը բաշխենք և՛ բնակարանների ձեռքբերման, և՛ գնման վկայագրեր տրամադրելու համար»,- ասաց Պաշտպանության նախարարը։
լուսանկարը՝ mil.am-ից
Մեկնաբանել