HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կառավարությունը 20 տարով անշարժ գույք հանձնեց Սամվել Ալեքսանյանի դստեր ընկերությանը

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ավելի քան 96 միլիոն դրամ արժեքով գույքն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկ Ալեքսանյանի ընկերությանը։

«Չեխ-Արմ-Ինվեստ» ընկերությանը 20 տարի ժամկետով փոխանցվեց «Արթիկի թիվ 7 ավագ դպրոց»-ի վերակազմակերպման արդյունքում ազատված շենքն ու  շինությունները, դրանց զբաղեցրած հողատարածքը։ Գործադիր որոշման այս նախագիծը ներկայացրել էր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Չեխ-Արմ-Ինվեստ» ընկերությունը նորաստեղծ է։ Այն հիմնադրվել է այս տարվա սեպտեմբերի 15-ին։ Դրա սեփականատերերից մեկը Աստղիկ Ալեեքսանյանն է, մնացած՝ 50 տոկոս բաժնեմասը պատկանում է  Չեխիայի Հանրապետությունում գրանցված «GALYA STYEL» ընկերությանը։ Ռեգիստրի տվյալներով՝ ընկերության սեփականատերը Արսեն Սարգսյանն է, իսկ գործադիր տնօրենները եղբայրները՝ Արմեն և Անուշավան Սարգսյանները։ Ընկերությունը եղբայրները անվանել են մոր՝ Գալյա Սարգսյանի անունով։

Աստղիկ Ալեքսանյանը զբաղվում է տեքստիլ արտադրությամբ,  նրա ներկայացրած արտադրանքը շուկայում հայտնի է «Ալեքս տեքստիլ» անունով։

Մասնավորապես՝ ընկերությունը ստացավ 7316 քառ. մետր ընդհանուր մակերեսով դպրոցի շենքը (երկու հարկ և նկուղ), 40  քառ. մետր մակերեսով ենթակայանը, 25 քառ.մետր մակերեսով օժանդակ շինությունը, 87 քառ. մետր մակերեսով պարիսպը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.76 հա հողատարածքը։

Թե անհատույց իրավունքով հանձնված գույքի 96 միլիոն դրամ գնահատումը, պետգույքի վարչությունը երբ է կատարել՝ անհայտ է։ Սովորաբար օտարվող և անհատույց իրավունքով հանձնվող պետական գույքի վերաբերյալ որոշման նախագծերում նշվում է, թե գույքը որ օրվա դրությամբ է այդքան գնահատվել, սակայն այս որոշման նախագծում այդ տեղեկատվությունը բացակայում է։

Ինչպես ասվում է կառավարություն  ներկայացված որոշման նախագծում,  Շիրակի մարզի Արթիկ քաղաքում տեքստիլ արտադրություն կազմակերպելու նպատակով ընկերությունը գրությամբ դիմել է պետական գույքի կառավարման վարչություն։

Ընկերությունը կարի արտադրություն է հիմնելու այդ տարածքում՝ խոստանալով 3 տարում ներդնել 1 մլն դոլար՝ դրանք ուղղելով անշարժ գույքի վերանորոգման և արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը։

Ըստ որոշման նախագծի՝  «Չեխ-Արմ-Ինվեստ»-ը ներդրումային ծրագրի շրջանակներում խոստացել է ստեղծել 500 աշխատատեղ. առաջին տարում՝ 300 աշխատատեղ, իսկ դրան հաջորդող յուրաքանչյուր երկու տարիներին ևս 200 աշխատատեղ։

Պետական գույքի կառավարման վարչության պետին հանձնարարվել է երկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր։ Ընկերությունը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել պետգույքի կառավարման վարչություն՝ յուրաքանչյուր տարվա ավարտից հետո 15-օրյա ժամկետում։

Սահմանված ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչև 50 % կատարելու դեպքումը ընկերությունը 3 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ, ինչպես նաև պետբյուջե վճարել տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 20 % չափով։ Իսկ սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, ընկերությունը 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ կրկին պետբյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 15 % չափով։

Ընկերության կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում կնքված պայմանագիրը ենթակա է լուծման:

Ընդհանրապես կառավարության համար նոր չէ պաշտոնյաների զավակների ընկերություններին արտոնություն տալը: Հուլիսին էլ գործադիրը ՊԵԿ նախագահի որդիներին փոխկապակցված ընկերությանը ազատել էր ներմուծման մաքսատուրքից և ԱԱՀ հարկի վճարման ժամկետը 3 տարի հետաձգել:

Lուսանկարը՝ alextextile.am-ի