
Տրոլեյբուսի վարորդ․ «Կան մարդիկ, որ 50 դրամ էլ չեն կարողանում վճարել, և դա անարդար է»
Անի Գևորգյան
Տրոլեյբուսի վարորդ Մելիք Ապրեսյանը ամեն օր տնից դուրս է գալիս առավոտյան 5:30-ին եւ տուն է վերադառնում երեկոյան ժամը տասին: «Ամեն օրվա վերջում պլանը հանելուց հետո ինձ մնում է 1000 դրամ, եթե լավ օր է լինում` 1500 դրամ»,- պատմում է Ապրեսյանը ու նշում, որ ընտանիքում միակ աշխատողն է, ապրում է կնոջ, դստեր ու որդու հետ:
«Երկու աղջիկներս ամուսնացել գնացել են, հիմա չորսով ենք ապրում: Մի քանի տարի առաջ աղջկաս ամուսինը նրան այնպես ծեծեց, որ գլխին ստացած հարվածից նա հոգեկան խնդիրներ ստացավ: Իսկ տղաս անցած տարվա օգոստոսին ծառայության ժամանակ մինի վրա մնաց, մի տարի ա բուժվում է, դեռ չի վերականգնվել ու չի կարող աշխատել»,- ասում է Մ․Ապրեսյանը։
Նա պատմում է` կցանկանար ավելի շատ գումար վաստակել, որը կօգներ որդուն լիարժեք բուժվել, սակայն այժմ ինքն էլ առողջական խնդիրներ ունի: «Անցած տարվա ամառն էր, գծի վրա էի` Պլանի գլուխ: Զանգեցին, ասեցին, թե վայենկոմատից է, տղադ մինի վրա տրաքել է, հասի Ղարաբաղ: Չեմ հիշում դրանից հետո ինչ եղավ, կանգնեցի ու վերջ: Աստվածիցս շնորհակալ եմ, որ պարզվեց, որ տղես ողջ ա, բայց էդ օրվանից առողջությունս կորավ»,- պատմում է Մելիքը:
Մելիք Ապրեսյանը տրոլեյբուս է վարում արդեն քսանհինգ տարի:
Մելիք Ապրեսյան. «Սա հանգիստ աշխատանք է իմ համար, գումարը էդքան էլ շատ չի, բայց գոնե ամեն օրվա վերջում կարողանում եմ հաց տանել տուն»:
«Տրոլեյբուսը իր ուղեւորներն ունի: Նրանք այն մարդիկ են, ովքեր ավտոբուսով չեն երթեւեկում, որովհետեւ թանկ է»:
«Հազվադեպ է լինում, որ երեխաներ են նստում, դպրոցից տուն են գնում»:
«Մեր ուղեւորների վաթսուն տոկոսը թոշակառուներն են»:
«Երբ ուղիղ մի տարի առաջ տղայիս հոսպիտալից տուն բերեցի, նա լավ պայմանների կարիք ուներ, բանկով կաթսա վերցրեցի, որ տունը նորմալ ջեռուցվի: Հիմա դեռ երկու տարի պետք է ամսական 32 հազար դրամ բանկին տամ»:
Ապրեսյանը պատմում է, որ լինում են օրեր, երբ հոգնած է լինում, սակայն չի կարողանոմ աշխատանքի դուրս չգալ.«Եթե նույնիսկ մի օր չքշեմ, հացի փող չենք ունենա»:
«Հիմա հետաքրքրվում եմ, փորձում եմ հասկանամ` ում կամ որտեղ դիմեմ, որ տղայիս ոտքը դրսում վիրահատվի ու լիարժեք բուժում ստանա, որ կարողանա նորմալ կյանքով ապրի, ոչ թե հիմիկվա պես` չկարողանա որեւէ բան անի ու 30 հազար դրամի հույսով լինի»:
Մելիքը պատմում է, որ թեեւ որդին հաշմանդամություն ունի ու նրա կրթությունը պետք է անվճար լինի, նրա ուսման համար բուհից գումար են պահանջել.«Ասեցին` առաջին եռամսյակի գումարը պետք է վճարեք: Ես էլ բարեկամներից 110 հազար դրամ վերցրի ու վճարեցինք»:
«Ես դեմ չեմ շատ աշխատելուն, դեմ չեմ հոգնելուն, ես դեմ եմ, որ անարդար բաներ լինեն: Ես ինքս իմ ուղեւորներին մեկ-մեկ ասում եմ, որ կարող են չվճարել, որովհետեւ մարդիկ կան 50 դրամ էլ չեն կարողանում վճարել, եւ դա անարդար է»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել