
Կառավարությունը մերժել է «Լուսավոր Հայաստանի»՝ Վանաձորի ավագանին լուծարելու դիմումը
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիմել էր Կառավարություն՝ պահանջելով դադարեցնել Վանաձորի ավագանու լիազորությունները։ Այսօր «ԼՀ» կուսակցության գրասենյակից ստացանք Կառավարության գրավոր մերժման մասին գրությունը։ Խմբակցությունը որպես հիմնավորում ներկայացրել էր նոյեմբերի 10-ին Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը։ Հիշեցնենք, որ ՍԴ-ն Սահմանադրությանը հակասող էր ճանաչել «ՏԻՄ մասին» օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասը՝ ժամանակ տալով մինչ 2018-ի մարտի 31-ը Սահմանադրությանը համապատասխանեցնել նշված օրենքը։
ԱԺ 26 պատգամավորների դիմումում վիճարկվում էր նաև «ՏԻՄ մասին» օրենքի հոդված 69-ի առաջին մասը, որը բարձրագույն դատարանը համարել էր Սահմանադրությանը համապատասխանող։ Համաձայն այդ հոդվածի՝ Կառավարությունը կարող է վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները, եթե հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում։
Կառավարության կողմից ներկայացված պատասխանում նշվում է՝ չնայած նրան, որ «ՏԻՄ մասին» օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող, այնուամենայնիվ, «...գտնում ենք, որ ավագանին հրավիրել է նիստեր և ընդունել որոշումներ, և դրանք հնարավոր չէ որակել որպես անգործության դրսևորում, ուստի Կառավարությունը չունի բավարար իրավական հիմքեր՝ Վանաձոր համայնքի ավագանու գործողությունները դադարեցնելու»։
Հիշեցնենք, որ ՍԴ որոշումից հետո Վանաձորի ՀՀԿ և ՀՎԿ (նախկին ՕԵԿ) խմբակցությունները կոալիցիոն հուշագիր ստորագրեցին, ինչի արդյունքում Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ նշանակվեց ՀՎԿ խմբակցության ղեկավար Արկադի Փելեշյանը։
«ԼՀ» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք շարունակելո՞ւ են բոյկոտը: Վերջինս պատասխանեց, որ այս պահին հետագա անելիքներն են քննարկում։
Մեկնաբանել