HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

25 տարի ազատազրկում. «Կայարանցի Թևոսիկի» եղբոր և Մովսես Ներսիսյանի սպանության գործով հրապարակվեց դատավճիռը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, այսօր հրապարակեց քրեական աշխարհում որպես «Կայարանցի Թևոսիկ» հայտնի Թևոս Սաֆարյանի եղբոր` Արթուր Սաֆարյանի և Մովսես Ներսիսյանի սպանության գործով դատավճիռ` ամբաստանյալ Իսրայել Սարգսյանին դատապարտելով 25 տարի ժամկետով ազատազրկման:

Հիշեցնենք, որ Արթուր Սաֆարյանը սպանվել է 2014-ի հունվարի 27-ին՝ Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ: Սպանության գործով կալանավորվել են Թևոս Սաֆարյանի շրջապատում գտնվող անձինք՝ Իսրայել Սարգսյանը և Տիգրան Ասատրյանը: Վերջինս շուտով ազատ է արձակվել, իսկ Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանությունը կազմակերպելու ու դրան օժանդակելու համար: Ըստ մեղադրանքի՝ Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին պատվիրել է Արթուր Սաֆարյանի սպանությունը, ապա հանցագործության հետքերը թաքցնելու համար սպանել Ներսիսյանին ու մարմինը նետել դիտահորը: Սարգսյանը մեղադրվում է նաև ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ: Մովսես Ներսիսյանի դին առայսօր չի հայտնաբերվել, և նախաքննություն իրականացնող մարմինը նրան սպանված է համարել ապացույցների համակցությամբ:

Ըստ գործի նյութերի՝ Իսրայել Սարգսյանն ու Մովսես Ներսիսյանը վերջինիս անհետացման օրը հանդիպել են, և Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին սպանել, ապա դին Մովսեսի մեքենայով տեղափոխել է Զովունի-Քանաքեռավան ճանապարհի մոտ, որտեղ էլ նետել է կոյուղու դիտահորն, ապա մեքենան տարել ու թողել «Զվարթնոց» օդանավակայանում՝ տպավորություն ստեղծելով, թե Մովսես Ներսիսյանը գնացել է Հայաստանից:

Նշենք, որ դիտահորը, որտեղից, ըստ գործի նյութերի, Իսրայել Սարգսյանը նետել է սպանված Մովսես Ներսիսյանին, գտնվում է Սարգսյանին պատկանող հողատարածքի մոտ: Այստեղ տևական ժամանակ ապարդյուն որոնողական աշխատանքներ են տարվել՝ Ներսիսյանի դիակը հայտնաբերելու ուղղությամբ: Չարենցավան քաղաքից մինչև Աերացիա հասնող կոյուղաջուրը Աերացիայում մաքրման է ենթարկվում, ապա թափվում Արաքս գետը: Աերացիայում նույնպես Մովսես Ներսիսյանի դին չի հայտնաբերվել:

Գործի քննության ընթացքում 4 անկենդան շուն և մեկ խոզ է նետվել այն  դիտահորը, որից, ըստ գործի նյութերի, Իսրայել Սարգսյանը նետել է սպանված Մովսես Ներսիսյանի դին, և որոնողական աշխատանքների արդյունքում ինչ-որ ոսկորներ են հայտնաբերվել, որոնք, սակայն, չեն պատկանել մարդու:

Իսրայել Սարգսյանը երեքուկես տարուց ավելի տևած գործի քննության ամբողջ ընթացքում պնդել է, թե Մովսեսին չի սպանել, որ ինքն անձամբ է նրան հորդորել մեկնել Հայաստանից, իսկ Մովսեսը մնացել է:

Դատախազությունը Իսրայել Սարգսյանին մեղսագրվող սպանություններից յուրաքանչյուրի համար պահանջել է 17 տարվա, իսկ ապօրինի զենք կրելու համար` 2 տարվա ազատազրկում, առաջարկելով նրա նկատմամբ պատիժների համակցության արդյունքում վերջնական պատիժ նշանակել 25 տարի ժամկետով ազատազրկում:

Դատարանը, փաստորեն, ամբաստանյալի համար սահմանեց նույն չափի պատիժ, որը պահանջում էր մեղադրող կողմը:

Դատավճռի հրապարակումից հետո Իսրայել Սարգսյանը հայտարարեց, որ այլ սպասելիք չուներ:

«Ինչպես միշտ, արդարություն չկա, երկրում քաոս է»,- ասաց Սարգսյանը:

 

Մեկնաբանություններ (1)

ընթերցող
(((Գործի քննության ընթացքում 4 անկենդան շուն և մեկ խոզ է նետվել այն դիտահորը, որից, ըստ գործի նյութերի, Իսրայել Սարգսյանը նետել է սպանված Մովսես Ներսիսյանի դին, և որոնողական աշխատանքների արդյունքում ինչ-որ ոսկորներ են հայտնաբերվել, որոնք, սակայն, չեն պատկանել մարդու:))) Դժվար է հասկանալ - միթե շան ու խոզի դիակները նետելով, սպասել են, որ հայտնաբերված ոսկորները պիտի մարդու պատկանեին?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter