HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Կայարանցի Թևոսիկի» եղբոր և Մովսես Ներսիսյանի սպանության գործով մեղադրողը դարձյալ 25 տարվա ազատազրկում է պահանջեց

Քրեական աշխարհում որպես «Կայարանցի Թևոսիկ» հայտնի Թևոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի և Մովսես Ներսիսյանի սպանության գործով մեղադրող կողմն այսօր երկրորդ անգամ հանդես եկավ մեղադրական ճառով:

Հիշեցնենք, այս գործով դատավորը մեկ անգամ հեռացել էր խորհրդակցական սենյակ`դատավճիռ կայացնելու, սակայն որոշել էր վերսկսել դատաքննությունը: Դատավորը գործով փորձագիտական եզրակացություն տված որոշ փորձագետներից դատարանում պարզաբանումներ ստանալու անհրաժեշտություն էր տեսել,  լրացուցիչ հարցաքննել ամբաստանյալ Իսրայել Սարգսյանին, ինչպես նաև հետազոտել ու գործին կցել դեպքի վայրում հայտնաբերված ձեռնոցը: Նշենք, որ դեպքի վայրում հայտնաբերված այդ ձեռնոցի վրա կրակոցի արգասիքներ են հայտնաբերվել, սակայն փորձագիտական եզրակացության համաձայն՝ դրա վրա չի եղել ո՛չ Մովսես Ներսիսյանի, և ո՛չ էլ Իսրայել Սարգսյանի ԴՆԹ-ն:

Հունիսի 7-ին տեղի ունեցած դատական նիստին մեղադրական ճառով հանդես էր եկել  դատախազ Հայկ Հակոբյանն ու շուրջ 3 ժամ ճառն ընթերցելուց հետո Իսրայել Սագսյանի համար պահանջել 25 տարվա ազատազրկում:

Շուրջ 4 ամսվա ընթացքում կատարված դատավարական գործողություններն, ըստ էության, ոչինչ չփոխեցին մեղադրանքի կողմի դիրքորոշման մեջ:

Այսօր գործում վերջերս ներգրավված մեղադրող դատախազ Արթուր Մանուկյանը դարձյալ շուրջ 3 ժամ տևողությամբ ճառ ասաց`ամբաստանյալի համար դարձյել 25 տարվա ազատազրկում պահանջելով:

Ըստ մեղադրողի՝ գործով ձեռք բերված փաստերն ապացուցում են, որ  ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը կատարել է իրեն մեղսագրվող արարքները, այսինքն՝ Մովսես Ներսիսյանին պատվիրել է Արթուր Սաֆարյանի սպանությունը, ապա հանցագործության հետքերը թաքցնելու համար սպանել Ներսիսյանին ու մարմինը նետել դիտահորը: Սարգսյանը մեղադրվում է նաև ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ:

Հիշեցնենք, որ Արթուր Սաֆարյանը սպանվել է 2014-ի հունվարի 27-ին՝ Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ: Սպանության գործով կալանավորվել են  Իսրայել Սարգսյանը և Տիգրան Ասատրյանը: Վերջինս շուտով ազատ է արձակվել, իսկ Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանությունը կազմակերպելու ու դրան օժանդակելու համար: Մովսես Ներսիսյանի դին առ այսօր չի հայտնաբերվել, և  նախաքննություն իրականացնող մարմինը նրան սպանված է համարել ապացույցների համակցությամբ:

Ըստ գործի նյութերի՝ Իսրայել Սարգսյանն ու Մովսես Ներսիսյանը վերջինիս անհետացման օրը հանդիպել են, և Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին սպանել է «Մագնում» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում, ապա դին Մովսեսի մեքենայով տեղափոխել Զովունի-Քանաքեռավան ճանապարհի մոտ ու նետել կոյուղու դիտահորը, որից հետո մեքենան տարել ու թողել է «Զվարթնոց» օդանավակայանում՝ տպավորություն ստեղծելով, թե Մովսես Ներսիսյանը գնացել է Հայաստանից:

Նշենք, որ դիտահորը, որտեղից, ըստ գործի նյութերի, Իսրայել Սարգսյանը նետել է սպանված Մովսես Ներսիսյանին, գտնվում է Սարգսյանին պատկանող հողատարածքի մոտ: Այստեղ տևական ժամանակ ապարդյուն որոնողական աշխատանքներ են տարվել՝ Ներսիսյանի դիակը հայտնաբերելու ուղղությամբ:

Չարենցավան քաղաքից մինչև Աերացիա հասնող կոյուղաջուրը Աերացիայում մաքրման է ենթարկվում, ապա թափվում Արաքս գետը: Աերացիայում նույնպես Մովսես Ներսիսյանի դին չի հայտնաբերվել.

Գործի քննության ընթացքում 4 անկենդան շուն և մեկ խոզ է նետվել այն  դիտահորը, որից, ըստ գործի նյութերի, Իսրայել Սարգսյանը նետել է սպանված Մովսես Ներսիսյանի դին, և որոնողական աշխատանքների արդյունքում ինչ-որ ոսկորներ են հայտնաբերվել, որոնք, սակայն, չեն պատկանել մարդու:

Դատախազ Արթուր Մանուկյանն իր ճառում նշեց, որ գործի քննության ընթացքում Իսրայել Սարգսյանը հակասական ցուցմունքներ է տվել`իր խոսքը հարմարեցնելով գործով  տարբեր փուլերում ձեռք բերված ապացույցներին:

Նշենք, որ Իսրայել Սարգսյանը պնդում է, թե Մովսեսին չի սպանել, որ նա գնացել է Հայաստանից: Մեղադրող կողմը,  սակայն, նշում է, որ Մովսես Ներսիսյանը որևէ անցակետով չի անցել Հայաստանի սահմանը. ինչպես նաև չկան բավարար տեղեկություններ` նրան ողջ համարելու համար:

Երբ դատախազն ավարտեց մոտ 60 էջից բաղկացած իր ժառը, Իսրայել Սարգսյանը տեղից բողոքեց՝ նշելով, թե մեղադրողը միանգամից կարող էր նշել 25 տարին ու ավարտել:

Նշենք, որ արարքներից  երկուսը,  որոնցում մեղադրվում է Իսրայել Սարգսյանը նախատեսում են տասներկուսից 20 տարի կամ ցմահ ազատազրկում, և եթե մեղադրանքի կողմը հիմավոր է համարում ամբաստանյալին մեղսագրվող արարքներն, ապա այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ է Դատախազությունը երկու սպանության և ապօրինի զենք կրելու մեջ մեղադրվող  ամբաստանյալի համար ոչ թե ցմահ, այլ ավելի մեղմ` 25 տարվա ազատազրկում պահանջում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter