HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կառավարությունը կրկին արտոնություն տվեց Գագիկ Ծառուկյանի ընկերությանը

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությանը արտոնություն տալ։

Պատգամավոր-գործարարին պատկանող «Մուլտի սոլար» ընկերությունը Հայաստան կներմուծի տեխնոլոգիական սարքավորումներ, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը՝ ազատվելով ներմուծման մաքսատուրքից։ Որոշման նախագիծը կառավարությանը ներկայացրել էր տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մուլտի սոլար»-ը նորաստեղծ ընկերություն է։ Այն հիմնադրվել է այս տարվա սեպտեմբերի 13-ին և դրա սեփականատերերը Գագիկ Ծառուկյանն ու Զարե Բալասանյանն են։ Նրանք կիսում են 50-ական բաժնեմասեր։ Ռեգիստրում հրապարակված տեղեկատվությամբ՝ Բալասանյանը ԱՄՆ քաղաքացի է, նաև գրանցված է Երևանի Հանրապետության փողոցում։ Նա է հանդիսանում ընկերության գլխավոր տնօրենը։ Ռեգիստրի տվյալով՝ այս պահին սա Բալասանյանի առաջին ընկերությունն է Հայաստանում։

Ըստ կառավարությանը ներկայացրած փաստաթղթերի՝ ընկերությունը Չինաստանից ներմուծելու է 23 անուն սարքավորում՝ 74 միլիոն դրամ արժողությամբ։ Մասնավորապես՝ «Մուլտի սոլար»-ի կողմից ներմուծվող այդ սարքավորումները օգտագործվելու են արևային վահանակների արտադրության և արևային համակարգերի տեղադրման համար:

Ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է իրականացնել շուրջ 967 մլն դրամի ներդրումներ և ստեղծել 49 նոր աշխատատեղ։ «Մուլտի սոլար»-ը կառավարությանը հավաստիացրել է, որ ծրագրի իրականացման առաջին տարում աշխատատեղերի քանակը աստիճանաբար կհասցնի 97-ի։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կազմելու են 2,4 մլրդ դրամ։ Դրանից 242,5 մլն դրամը իրացնելու են Հայաստանի տարածքում, 727,5 մլն դրամը՝ ԵԱՏՄ անդամ երկրներում, իսկ մնացածը՝ ԱՄՆ-ում։

Պետք է նշենք, որ կառավարությունն առաջին անգամը չէ, որ նորաստեղծ այս ընկերությանը արտոնություն է տալիս։ Սա գործադիրի երկրորդ արտոնությունն է «Մուլտի սոլար»-ին։

Նոյեմբերի 23-ին կառավարությունն իր հերթական նիստում որոշել էր, որ ընկերության կողմից դեկտեմբերի 1-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգելու է 3 տարի ժամկետով:

Ստացվում է՝ կառավարությունն ընդհանրապես դեմ չէ պաշտոնյաների, նրանց զավակների ընկերություններին արտոնություններ տալ։ Ամենավառ օրինակներից մեկն էլ նախորդ շաբաթ էր, երբ գործադիրը որոշեց ավելի քան 96 միլիոն դրամ արժեքով գույքն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկ Ալեքսանյանի ընկերությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter