HY RU EN

Տրդատ Մուշեղյան

Հայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի բանաձևին՝ չճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք

Հայաստանը կողմ է քվեարկել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի բանաձևին, որը կոչ է անում Երուսաղեմը չճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք: 

Բանաձևն ընդունվել է 128 կողմ, 9 դեմ և 35 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Մի շարք պետություններ, այդ թվում Ուկրաինան և Վրաստանը, չեն մասնակցել քվեարկությանը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այս բանաձևով փաստացի առ ոչինչ ճանաչեց ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը: Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների 45-րդ նախագահը դեկտեմբերի 6-ին Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք և հայտարարեց ԱՄՆ դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին:

Թրամփի այս որոշումը մեծ իրարանցում առաջացրեց միջազգային հանրության շրջանում, մասնավորապես իսլամական աշխարհը խիստ դժգոհությամբ ընդունեց նրա հայտարարությունը, հնչեցին կոշտ քննադատություններ: Բախումներ տեղի ունեցան Երուսաղեմի պաղեստինյան հատվածի բնակիչների և իսրայելցի իրավապահ մարմինների միջև:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևի մեջ մասնավորապես ասվում է.

«Գլխավոր ասամբլեան հաստատում է, որ ցանկացած միջոցառոումներ և գործողություններ, որոնք ուղղված կլինեն Սուրբ քաղաք Երուսաղեմի կարգավիճակի կամ ժողովրդագրական կազմի փոփոխությանը, ոչ մի իրավական ուժ չունեն և պետք է չեղարկվեն Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերով»:

Երուսաղեմի կարգավիճակը՝ Իսրայելի և արաբական աշխարհի հարաբերությունների ամենավիճահարույց հարցերից մեկն է: Իսրայելը Երուսաղեմը համարում է իր մայրաքաղաքը, իսկ պաղեստինցիները հավատում են, որ Արևելյան Երուսաղեմը պետք է դառնա իրենց ապագա պետության մայրաքաղաքը:

Լուսանկարը՝  UN Photo/Manuel Elias