HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Տաշիրի համայնքապետարանը միայն 945 հազար դրամի տոնածառի լույսեր է գնել ավագանու անդամից

Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանը, դատելով գնումներից, մեծ թափով է պատրաստվում ամանորյա տոներին և այդ առիթով չի խնայում համայնքային բյուջեն: Տեղական միջոցները ծախսելու հարցում «օգնության» է հասել նաև ավագանու անդամ Քերոբ Տոմերյանը:

Համայնքապետարանը միայն տոնածառի 334 հատ լույս գնելու պայմանագիր է կնքել, որի համար պետք է վճարի 945 հազար 300 դրամ: Պայմանագիրը կնքվել է դեկտեմբերի 21-ին և կատարման վերջնաժամկետը նույն ամսվա 25-ն է:

Լույսերը տարբեր արժեքներ ունեն: Օրինակ, հատը 45 հազար դրամով գնել են 3 հատ «տոնածառի վառվող-պտտվող լույսեր»,  հատը 7000 դրամով գնել են 8 հատ «լույսերով ցանց»: Գնել են նաև 2 հատ 9 մետրանոց «կաթացող» լույսեր, որի համար վճարել են 76 հազար դրամ՝ յուրաքանչյուրը 38 հազար դրամ և այլն:

Ընդհանուրը՝ 20 անուն ապրանքների մատակարարման համար հայտ է ներկայացրել Քերոբ Տոմերյան անհատ ձեռնարկատերը: Նա միայն երկու ապրանքի դեպքում է մրցակից ունեցել՝ Վահագն Խաչատրյան անհատ ձեռնարկատերը, որի մասնակցությունն ակնհայտորեն ձևական բնույթ է կրել: Նույն ապրանքի համար կողմերը ներկայացրել են անհամեմատ իրարից տարբերվող գնային առաջարկ: Օրինակ՝ 8 հատ տոնածառի լույսերով ցանցի համար Քերոբ Տոմերյանն առաջարկել է 56 հազար դրամ, իսկ Վահագն Խաչատրյանը մոտ 5 անգամ ավելին՝ 260 հազար: Մյուս դեպքում 3 հատ ծաղկավոր լույսի համար Քերոբյանն առաջարկել է 6300 դրամ, իսկ Խաչատրյանը՝ 240 հազար: Պարզ էր, որ նախապատվությունը տրվել է Տոմերյանին և նրա հետ է կնքվել 20 անուն ապրանքների մատակարարումը, որի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլն 695 հազար դրամ:

Նշենք, որ Քերոբ Տոմերյանը Տաշիրի ավագանու անդամ է: Նա ընտրվել է նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ:

Լուսանկարում Տաշիրի համայնքապետ Էդգար Արշակյանն է

Մեկնաբանություններ (1)

վաչո քոքյան
Ինչ տեսնում են վիրեւվը էն էլ սովորում են ներքեւվը: Ինչ ա էլել, չտեսնված սիրուն կլի, հետն էլ թեթեւ բզնես կանեն: Ժողովուրդին էլ հենց տաշի - տրինգի է պետք, օդ ու ջրի պես՝ հացն ու կարագը կմոռանան, ուրախ կապրեն! Մարդիկ էլ դեռ չարախոսում են թե էս խոշորացումն օգուտ չէր: Էն որ մանրիկ համայնքը ռիսկ կաներ իր սատկած բյուջեով ըսենց տոնածառ դնի!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter