HY RU EN

Նաիրա Հայրապետյան

Հինգ անուն` տաքսիստ Ռուբեն Մուշեղյանի ձայնադարանից

« … I want you, I want you so bad, It’s driving me mad, It’s driving me mad. She’s so heavy, heavy, heavy, heavy, heavy…» ,- հնչում է Ռուբեն Մուշեղյանի մեքենայում լեգենդար «Բիթլզի» ձայնադարանից: Երգը 1969թ. թողարկված «Abbey Road» կամ «White Album» ալբոմից է` «I Want You (She’s So Heavy) »-ն:

«1969 թվականին ընկերս զանգահարեց և ասաց, որ Անգլիայից ալբոմ են բերել,-պատմում է Ռուբենը,- Ես էլ «Վեսնա-3»  փոքր չափի մագնիտոֆոն ունեի, որը վերցրեցի և գնացինք համալսարան: Էնտեղ մի հատուկ լաբորատորիա-սենյակ կար, որը ձայնամեկուսիչ էր: Էն ժամանակ էսօրվա նման լավ պայմաններ չկային ձայնագրություններ կամ դրանց արտատպումներն անելու համար: Միկրոֆոնով եմ ձայնագրել ամբողջ ալբոմը: Նրա մեջ երկու ձայնասկավառակ կար, երկուսն էլ ձայնագրեցի: Շատ վատ գիտեինք անգլերեն, բառերն էլ նորմալ չէինք հասկանում, բայց բլոկնոտիս մեջ ամբողջ տեքստն արտագրեցի: Մինչև հիմա պահում եմ բլոկնոտիս մեջ: Լսեցի ու… էդպես սիրահարվեցի «Բիթլզին». 69 թվից մինչև հիմա լսում եմ»:

Խոսքը վերոնշյալ ու հանրահայտ «Abbey Road»-ի մասին էր, որը առիթ դարձավ հարստացնելու Ռուբենի ձայնադարանը քառյակի բոլոր երգերով, իսկ հետագայում՝ առավելապես Ջոն Լենոնի ստեղծագործություններով:


Ռուբեն Մուշեղյանն ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը, մասնագիտությամբ ինժեներ-շինարար է: Գաղտնիք չէ, որ այս բուհ-ը, 60-70-ական թվականներին երիատասարդության ոսկե սերունդ է տվել՝ ինտելեկտուալ, բազմակողմանի զարգացած և, իրենց բուն մասնագիտություններից բացի, մշակութային, հատկապես, երաժշտական լայն ու հարուստ ճաշակով ձևավորված: Արդեն 10 տարի է՝ ինստիտուտի նախկին սանը տաքսի է վարում, որպես անհատ ձեռներեց: Բայց Ռուբենը քաղաքում մատների վրա հաշվվող այն տաքսիստներից է, ում  մեքենայում ուղևորը կարող է վայելել կամ ծանոթանալ Ջենիս Ջոփլինին, «Led Zepellin»-ին, «Deep Purple»-ին, «Eagles»-ին, Սյուզի Քուադրոյին, «Bee Gees»-ին, Շարլ Ազնավուրին, Սալվատորե Ադամոյին, Մարկ Արյանին… մի խոսքով՝ 60-ից 70-ականների երաժշտական աստղաբույլին: Հարցնում եմ, թե չի՞ պատահում, որ ունկնդիրը առաջարկի ջոփլինյան վոկալն ու ռոքահարող բլյուզը ցածրացնել կամ փոխել «մի կարգին,  ուրախ երաՇտությամբ»: Ասում է. «Ոչ, դեռ չի պատահել, բոլորն էլ խելոք լսում են, իսկ եթե ճանաչում են, ձեր նման զարմանում ու ուրախանում են: Երբեմն էլ ասում են, որ եզակի բան է էսօր նման երաժշտություն լսելը»:

Ռուբեն Մուշեղյանին էլ կարող ենք վստահաբար «Ռադիո Մոնտե Կառլոյի» սովետական սերունդ համարել, քանի որ թվարկած անուններն ու նրանց երգերը ինքն էլ հիմնականում այս ռադիոկայանի օգնությամբ է լսել: Ասում է, որ հիմա թեև անհամեմատ հեշտ է լավ երաժշտություն գտնելը, բայց բոլորովին հակառակն է կատարվում. հնչում է անճաշակը, և մարդիկ փնտրում են այն, ինչ հեռու է լավ երաժշտություն կոչվելուց:

Երկարամազ ու ջինսե տաբատներով երիտասարդությունը դժվարությամբ, բայց, այնուամենայնիվ, հաղթահարում էր երաժշտությանը համահունչ ապրելու իրենց փորձերի դեմ ուղղված դժվարությունները: «Նրանք մեզ համար հերոսներ էին, մենք նաև փորձում էինք արտաքին տեսքով էլ նմանվել նրանց: Շատ դժվարությամբ էինք գտնում ոչ միայն ձայնասկավառակները (որից հետո մեր արած անորակ ձայնագրությունները փոխանցում էինք միմյանց), այլև հագուստն ու աքսեուարները,- պատմում է Ռ. Մուշեղյանը,- հիշում եմ, Լիբանանից եկած մի ընտանիք ջինսե հագուստ էր հաջողացրել բերել և տանը վաճառում էին: Հայրիկիս հետ գնացինք: Այդ օրը նա ինձ համար տաբատ և շատ մոդայիկ գույներով մի վերնաշապիկ գնեց: Ուրախությանս չափ ու սահման չկար»:

Երանելի այս հաջողությանը Ռուբենի հայրը վճարել էր այն տարիների համար գրեթե մեկ ամսվա աշխատավարձ՝ 60 ռուբլի տաբատի և 40՝ վերնաշապիկի համար:

Ռուբենի ձայնադարանն իսկապես հարուստ է, ժանրային առումով՝ երբեմն, նույնիսկ, խայտաբղետ: Բայց անգամ բազմաձայն ու բազմաոճ իր ընտրության մեջ վատ երաժշտություն կամ սովորական կատարող անհնար է գտնել: Հին, ռետրո ձայնարկիչներն ու մագնիտոֆոնները և՛ մեքենայում, և՛ տանը փոխարինվել են ժամանակակից տեխնիկայով: Համակարգչի օգնությամբ՝ նա սիրած երգերը ներբեռնել է առանձին բաժնում, դասավորել այբբենական կարգով և այստեղից էլ ժամանակ առ ժամանակ, տրամադրության թելադրանքով տեղափոխում է ֆլեշկա-կրիչի մեջ ու ճանապարհվում ուղևորների կանչի ուղղությամբ:

Ձայնադարանից հինգ անուն առանձնացնելիս՝ նա առանց վարանելու առաջինը նշում է լիվերպուլյան հայտնի քառյակին: Ամենասիրելին նորից նշում է, որ Ջոն Լենոնն է, սակայն այս շարքում իր համար կարևոր է, որ անպայման խմբի անունը հնչի: Եվ ուրեմն՝

1․«Բիթլզ». Նա մոտենում է համակարգչին, բացում բազմաթիվ անուններով ծանրացած folder-ն  ու միացնում պատահական մի երգ խմբի երգացանկից: «Ո՞նց կարելի է նման երաժշտություն չլսել» ,- ասում է Ռուբենը՝ մի պահ դուրս գալով ռոքնռոլի շրջապտույտից:
2․ Շարլ Ազնավուր.
Նրա երգերը հաճախ են հնչում Ռուբենի մեքենայում, և այս անունը պարզապես չէր կաչող չառանձնացվել այս երաժշտասերի ձայնադարանում: 

3․ Մարկ Արյան. Ֆրանսահայ, մասնավորապես Բելգիայում երաժշտական հարուստ կենսագրությամբ, Եվրոպայում և Պարսկաստանում և Միջին Արևելքում շատ հայտնի այս երգիչը 60-ականների երիտասարդության կուռքերից էր: Նրան ճանաչում և լսում էին նաև Հայսատանում: Հետո, սակայն, սովետական մամլիչը գործի անցավ:  Ռուբեն Մուշեղյանի համար այս անունը շատ գեղեցիկ ու անմոռաց հիշողության հետ է կապված: Երևանում 1968թ. կայացած համերգի տպավորությունները մինչ օրս հիշում է այդ անմոռանալի իրադարձությանը ներկա եղած յուրաքանչյուր ոք:  «Տասնչորս տարեկան էի այդ ժամանակ, լսել էի արդեն Մարկ Արյանին և երբ իմացա, որ գալիս է Հայաստան… ֆանտաստիկ իրադարձություն էր այդ համերգը, մոռանալ չի լինի»,- պատմում է Ռուբենը: -Թեև Ադամոն էլ էր Բելգիայում երաժշտական գործունեությամբ զբաղվում, բայց երևի Մարկ Արյանն ավելի ճանաչված ու սիրված էր, քան նա: Հետո սկսեցին նրան այստեղ քննադատել, սևացնել և պատճառը, իբր, «Ստամբուլ» երգն էր: Բայց մարդիկ եթե ուշադիր լինեին, կհասկանային, որ դա ընդամենը շատ գեղեցիկ մի երգ էր, Կ. Պոլսի մասին:



4․ Ջենիս Ջոփլին. «Նրա բոլոր երգերն էլ սիրում եմ, Ջենիսի ձայնը յուրահատուկ էր, կատարումը նման չէր ոչ մեկին: Նա ասես ամբողջ հոգով ու մտքով երգի մեջ էր: Ջենիսը նաև իր տեսակով էլ էր տարբեր»,- այսպես է մեկնաբանում բլյուզի սպիտակամորթ թագուհուն:

5․ «Ես կարող եմ շատերին թվարկել, բայց այս շարքի համար այսօր երևի կառանձնացնեմ Սալվատորե Ադամոյին, - ասում է Ռուբենը:

Իտալական ծագմամբ բելգիացի այս երգիչ-երգահանը, հայտնի շանսոնիեն և դերասանը 60-70-ականների ամենահայտնի սիրերգակներից էր: Թեև երգացանկում հետագայում կարևոր տեղ զբաղեցրեցին նաև սոցիալական թեմաներով երգերը, այնուամենայնիվ, Ադամոն ունկնդիրների շրջանում մեծ հաջողություն էր վայելում գլխավորապես սիրային, քնարական  բալլադներով: Նա կոմերցիոն տեսակետից աշխարհի ամենահաջողակ երաժիշտներից մեկն էր:

«Կուզենայի, որ ռադիոն ավելի հաճախ հնչեցներ այս երաժիշտներին, էն ժամանակ մենք երևի ավելի հաճախ էինք լսում, քան հիմա,- զարմանքով ու ափսոսանքով նկատում է Ռուբեն Մուշեղյանը,- այդ երգերն ու նման կատարումները լսելիս, մենք մեզ լրիվ ուրիշ կյանքում ու արժեքների մեջ էինք զգում: Դրանք իսկապես ազդում էին մեր ընկալումների, զգացումների վրա: Ազատության, վեհության, տարբեր լինելու զգացումներ էինք ապրում»:

 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սարո Բաղդասարյանի և Դավիթ Բանուչյանի