
Լիճքում խմում են Պուտինի կենացը. հայկական «Պուտինկան» ապրում է իր օրենքներով
Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում «Պուտինկա» ասելով` վաղուց արդեն ոչ թե ռուսական արտադրության օղին են հասկանում, այլ՝ թաղամասը: Գյուղացիները կեսկատակ-կեսլուրջ այսպես են անվանում գյուղի նորակառույց թաղամասը:
5500 բնակիչ ունի Լիճքը։ 18-60 տարեկան տղամարդկանց շուրջ 90%-ը արտագնա աշխատանքի է մեկնում Ռուսաստանի Դաշնության տարբեր բնակավայրեր։
«Քանի որ մեր բնակչության մեծամասնությունը գնում է արտագնա աշխատանքի, Ռուսաստանում են գումար վաստակում, բերում ու կառուցում: Ռուսաստանի նախագահն էլ Պուտինն է, ու այդպես կոչվում է Պուտինի թաղամաս»,- թաղամասի անվան ծագումն այսպես բացատրեց Լիճքի գյուղապետ Գնել Գրիգորյանը:
Թաղամասի պաշտոնական անունը գյուղապետարանի փաստաթղթերում Քարկիթ է նշված: Այն շուրջ 10-ամյա պատմություն ունի: Տարիների ընթացքում Քարկիթը դարձել է գյուղի ճոխ թաղամասերից մեկը: Ի տարբերություն գյուղի հին տների, այստեղ երկհարկանի առանձնատներն աչքի են ընկնում նորաոճ դիզայնով, իսկ յուրաքանչյուր տան բակում կանգնած են թանկարժեք ավտոմեքենաներ: Դրանց տերերը տարվա մեջ մի քանի ամիս են իրենց մեքենաները վարում, որովհետև տարվա մեծ մասը ստիպված են լինում անցկացնել Ռուսաստանում, որպեսզի հոգան ընտանիքի ապրուստը:
«Մի հատ տեղի աշխատող, որ գյուղում աշխատել ու այդ շենքերը սարքել է, նման բան չկա, հատ-հատ լրիվ Ռուսաստանում աշխատածն է: Գյուղի աշխատանքով հազիվ գոյություն պաշտպանես, չես կարող մի հատ շենք սարքել»,- նորակառույց թաղամասը ցույց տալով՝ պատմեց տիկին Անահիտը, ում երկու որդիներն արդեն ապրում են այդ թաղամասում:
Սերոբյանները 4 եղբայր են: Ամեն տարի գարնանն իրենց հոր գլխավորությամբ մեկնում են Ռուսաստան՝ աշխատելու և վերադառնում ուշ աշնանը՝ իրենց հետ բերելով արտերկրում վաստակած գումարը: Ընտանիքի հայր 67-ամյա Գառնիկ Սերոբյանը 16 տարեկանից «խոպան» է գնում: Կյանքի այսօրինակ դրվածքը նրա համար յուրահատուկ փիլիսոփայության է վերածվել:
«Ես Պուտինին հարգում եմ, որպես լավ պրեզիդենտ: Սաղ Հայաստանը Ռուսաստանով է ապրում: Հիմա, որ ուզում են Ռուսաստանից անջատեն, վատ է, առանց Ռուսաստան մենք չենք կարող»,- ասում է Գառնիկ Սերոբյանը:
Գառնիկ Սերոբյանի նման մտածողները գյուղում եզակի չեն: Հարսանիքներին, ծնունդ-կնունքներին ու այլ տոնական սեղաններին հարս ու փեսայի, հոբելյարի ծնողների կենացները խմելուց հետո Լիճքում կա ևս մեկ ավանդական բաժակաճառ:
«Պուտինի կենացը ո°նց չխմենք, բա Ռուսաստանի փողերն է գալիս սաղ Հայաստան: Եթե իմ երեխեն չգնա Ռուսաստան աշխատի, ես ստեղ չեմ ապրի»,- արդարացնելով Ռուսաստանի նախագահի կենացը խմելու ձևավորված ավանդույթը՝ ասում է Ռուբիկ Մկրտչյանը:
Լյովա Ալեքսանյանը համագյուղացու միտքը ոչ միայն շարունակում, այլև առաջարկում է միայն Պուտինով չբավարարվել ու խմել նաև ՌԴ-ի մյուս ղեկավարների կենացները:
Առաջիկա երեք ամիսներին Լիճքում ամենուր ուրախության սեղաններ են բացվելու և այսպիսի բաժակաճառեր են հնչելու։
Գարնան սկզբին տղամարդիկ նորից կմեկնեն Պուտինի երկիր՝ գումար վաստակելու, իսկ գյուղում կմնան կանայք, երեխաներն ու տարեցները:
Նորայր Շողիկյան
ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 2-րդ կուրս
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել