
ՍԱՊԾ պետը հավերի փորձաքննության մասին. «Եթե որևիցե բան վաճառվում է, հետևապես ինքն անվտանգ է»
Այսօր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանն ասուլիսով ամփոփեց տարին՝ խոսելով ոլորտում իրենց իրականացրած գործունեության, դրական տեղաշարժերի և գալիք քայլերի մասին (մանրամասն կարդացեք՝ այստեղ):
Ասուլիսի ժամանակ հարց հնչեց նաև «Հետք»-ի հրապարակած հավի մսերի փորձաքննության մասին, ինչպես՝ ներկրված, այնպես էլ տեղական, որոնց մեջ հայտնաբերվել էին ՄԱՖԱՄ անթույլատրելի քանակ, սալմոնելա խմբի մանրէներ, ինչպես նաև՝ հակաբիոտիկներ:
Խոսելով ներկրված հավերի վերաբերյալ իրենց կատարած ուսումնասիրության մասին՝ Իշխան Կարապետյանը, նախ՝ շնորհակալություն հայտնեց «Հետք»-ին, ապա կրկին կոչ արեց «Հետք»-ի «գործընկերներին համատեղ» աշխատել` կարծիք հայտնելով , որ մեր կատարածը վերահսկողություն չէ. ««Հետք»-ն ուղղակի գնում է, չի կատարում նմուշառում,- ասաց Ի. Կարապետյանը:- Դուք գնում եք, ուղղակի առնում եք, դա վերահսկողություն չէ»,- կրկնեց նա՝ հավելելով, որ «մարդկային առումով» իր համար այս մոտեցումն անընդունելի է, քանի որ «ոլորտում ռիսկերը շատ են»:
Մենք նշեցինք, որ ՍԱՊԾ-ն ոչ մի կերպ չարձագանքեց հավի մսերի մեջ հայտնաբերված հակաբիոտիկների վերաբերյալ, ի վերջո դրանք կայի՞ն, թե ոչ, հերքվել՞, թե հաստատվել են մեր հրապարակած տվյալները: Իշխան Կարապետյանը պատասխանեց, որ իրենք ասուլիս են տվել այդ թեմայով: Այն հարցին, որ հակաբիոտիկների վերաբերյալ ոչ մի բան չի խոսվել, ՍԱՊԾ պետն առաջարկեց, որ ուրեմն ինքներս «գնահատական կատարենք»:
Այն հարցին, ի վերջո՝ ուտե՞լ տեղական հավի միս, թե` ոչ, Ի. Կարապետյանն ասաց, որ եթե այն վաճառվում է, ապա կարելի է ուտել. «Եթե որևիցե բան վաճառվում է և հակառակ բանը չի ապացուցվել, հետևապես ինքն անվտանգ է»,-ասաց նա՝ նշելով, որ միսն ուղեկցվում է անասնաբուժասանիտարական փաստաթղթերով, ինչը վկայում է, որ այն ստուգված է:
Ըստ նրա՝ քանի իրենք չեն հերքել ուսումնասիրության արդյունքերը, այդ մասով գնահատական տալ չի կարող՝ ավելացնելով նաև, որ հիմա «զուգահեռաբար միջոցառումներ են իրականացվում»: Արդյունքները պատրաստ լինելուն պես՝ ՍԱՊԾ-ն կհրապարակի:
Լրագրողների այն կարծիքին, որ ՍԱՊԾ նկատմամբ կա հանրային անվստահություն, ՍԱՊԾ պետը նշեց, որ չի կիսում անվստահության գնահատականը: «Մեկ, երկու անձի, անհատի կամ հասարակական կառույցների գնահատականները չի կարելի տարածել ոլորտի վրա»,- ասաց նա:
Եզրափակելով ասուլիսը՝ Ի. Կարապետյանն ասաց, որ, խնդիրները ոլորտում նոր չեն, դրանք տևական ժամանակ է կան, և ՍԱՊԾ-ն, դրանք լուծելով, առաջ է շարժվում. «Եթե ուզում եք բան փոխենք, մենք պատրաստ ու բաց ենք բոլորի համար»,- ասաց նա:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել