
Ամանորյա միջոցառումների համար մոտ 60 միլիոն դրամ կծախսվի
Երևանի քաղաքապետարանը մոտ 60 միլիոն դրամ գումար է ծախսելու ամանորյա միջոցառումների կազմակերպման համար։
Հիշեցնենք, որ 2015-ին գլխավոր տոնածառի և չորս համերգային ծրագրի համար հատկացվել էր մոտ 40 մլն 510 հազար դրամ: Նախորդ տարի որոշվել էր ծախսերը կրճատելու նպատակով կազմակերպել երկու միջոցառում, սակայն այդ երկու միջոցառումները արժեցել էին 39 միլիոն դրամ՝ 2016-ի 18 միլիոն դրամի փոխարեն։ Ստացվում է՝ այս տարի քաղաքապետարանը կրկին որոշել է ավելացնել ամանորյա միջոցառումների համար հատկացվող գումարը։
Քաղաքապետարանը այդ միջոցառումների կազմակերպման համար երեք պայմանագիր է կնքել, երկուսը՝ «Թի Էն Սաունդ» ընկերության, մյուսը՝ «Քանան քոնսթրաքշն»-ի հետ։
«Թի Էն Սաունդ»-ին ամանորյա միջոցառումների կազմակերպման համար քաղաքային բյուջեից փոխանցվելու է 40 միլիոն դրամ, իսկ «Քանան քոնսթրաքշն»-ին՝ 19 մլն 786 հազար դրամ։
«Քանան քոնսթրաքշն»-ը միջոցառում է կազմակերպել դեկտեմբերի 19-ին՝ (ըստ պայմանագրի` 23-ին) քաղաքի գլխավոր տոնածառի լույսերի հանդիսավոր վառման արարողության ժամանակ։
Ըստ պայմանագրի՝ ընկերությունը պարտավոր էր կազմակերպել 2 ժամանոց համերգային ծրագիր հայաստանյան հայտնի նվագախմբերի, պարային համույթների և էստրադային երգիչների մասնակցությամբ։ Իսկ համերգային ծրագրի ավարտին պետք է իրականացվեր առնվազն երկու րոպեանոց հրավառություն։ Միջոցառման համար պետք է տեղադրվեր 100 քմ բեմահարթակ, բեմական կոնստրուկցիաներ, լուսային սարքավորումներ, իրականացվեր Ամանորի թեմայով բեմահարթակի ձևավորում։
«Թի Էն Սաունդ» ընկերությունը քաղաքապետարանի հետ երկու պայմանագիր է կնքել։ Մոտ 34 միլիոն դրամ արժողությամբ պայմանագրով պարտավորվել է Ամանորին կազմակերպել 5 միջոցառում, ևս մեկ՝ 6 միլիոն դրամանոց պայմանագիր է կնքել լրացուցիչ համերգների կազմակերպման համար։ Այսինքն՝ այս ընկերությունը յուրաքանչյուր միջոցառման համար քաղաքապետարանից ստանալու է ավելի քան 6 միլիոն դրամ։
Մասնավորապես՝ դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակում՝ գլխավոր տոնածառի շուրջ, ընկերությունը կազմակերպելու է տոնական համերգային ծրագիր՝ առնվազն 2,5 ժամ տևողությամբ։ Միջոցառմանը մասնակցելու են հայտնի երգիչներ և DJ-ներ։ Կրկին լինելու է ամենաքիչը 2 րոպեանոց հրավառություն, տեղադրվելու են բեմահարթակ, կոնստորուկցիաներ, ձայնային սարքավումներ։
Իսկ Ազատության հրապարակում հունվարի 2-4-ը ընկերությունը պարտավորվել է կազմակերպել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնակատարությանը նվիրված մանկական զվարճալի ծրագիր՝ խաղավարների և հեքիաթի հերոսների մասնակցությամբ, յուրաքանչյուր օրն՝ առնվազն 3 ժամ տևողությամբ։
Արդեն հունվարի 5-ին, կրկին Ազատության հրապարակում, կկազմակերպվի մանկական երգի, պարի խմբերի մասնակցությամբ միջոցառում` ամանորյա թեմատիկ թատերականացված ներկայացումներով։
Հունվարի 6-ին նույն վայրում կանցկացվի Սուրբ Ծննդյան տոնակատարություն՝ ազգագրական երգի, պարի համույթների և անհատ երգիչների մասնակցությամբ։
Իսկ արդեն վերջին միջոցառումը կլինի հունվարի 13-ին։ Ազատության հրապարակում ընկերությունը կկազմակերպի «Հին Նոր տարի» խորագրով տոնական համերգ՝ էստրադային երգիչների, նվագախմբերի, DJ-ի մասնակցությամբ։
Մյուս՝ 6 միլիոն դրամ արժողությամբ պայմանագրով ընկերությունը հունվարի 1-3-ը Ազատության հրապարակում կազմակերպելու է տոնական համերգային ծրագրեր՝ երգիչների և DJ-ների, մանկական երգի, պարի խմբերի, խաղավարի մասնակցությամբ։ Տեղադրվելու են բեմահարթակ, բեմական կոնստրուկցիաներ, էսքիզներ։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել