HY RU EN

Արաքս Մամուլյան

«Կմեռնեմ, բայց հացադուլից դուրս չեմ գա». «Սասնա ծռեր»-ի գործով երկու ամբաստանյալ հացադուլ է հայտարարել

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավաության դատարանում  «Սասնա ծռեր»-ի գործով արտագնա դատական նիստին դատավոր Մեսրոպ Մակյանը երկրորդ  անգամ ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառեց: Դատարանը որոշեց փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմել Փաստաբանների պալատ:

Պատճառը Ալումյանի՝ դատական նիստին չներկայանալն էր. դատարանը փաստաբանի վարքագիծը գնահատում է անօրինական, իսկ փաստաբան Հայկ Ալումյանն՝ օրինական:

Բանն այն է, որ այս գործով նախորդ դատական նիստին ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի նկատմամբ դատարանը դատական սանկցիա էր կիրառվել, և վերջինս 4 ժամով հեռացվել էր նիստերի դահլիճից: Բարսեղյանը հայտարարել էր, որ իր բացակայության պայմաններում Ալումյանը չներկայացնի իր շահերը, Ալումյանն էլ լքել էր նիստերի դահլիճը. ըստ փաստաբանի՝ իր պաշտպանյալն իրենից հրաժարվել է:

Նույն պատճառաբանությամբ Հայկ Ալումյանն այսօր ևս դատարան չէր ներկայացել: Դատարանի աշխատակազմից կապ էին հաստատել փաստաբանի հետ, և վերջինս հայտնել էր, որ թեև նիստին ներկայանալու հնարավորություն ունի, բայց այդպիսի պարտավորություն չունի:

Այսօր դատավոր Մակյանը որոշում կայացրեց Սմբատ Բարսեղյանի նկատմամբ կիրառված սանկցիան վերացնել և նրան վերադարձնել նիստերի դահլիճ:

Ստեղծեց իրավիճակ, երբ ամբաստանյալը դահլիճում է, սակայն նրա շահերը ներկայացնող պաշտպան դահլիճում չկար: Դատարանը Բարսեղյանից ճշտեց՝ արդյոք ցանկանո՞ւմ է, որ Ալումյանը պաշտպանի իր շահերը, և Բարսեղյանն ի պատասխան նախ նշեց, թե պաշտպան չի ցանկանում ունենալ, ապա, այն բանից հետո, երբ հստակեցրեց, որ իր նկատմամբ սանկցիան վերացված է, հայտարարեց, որ այդ դեպքում ցանկանում է, որ իր շահերը շարունակի պաշտպանել Հայկ Ալումյանը:

Նման պայմաններում դատարանն արձանագրեց, որ ինչպես նախորդ, այնպես էլ այսօրվա դատական նիստին փաստաբան Ալումյանն անօրինական վարքագիծ է դրսևորել, մասնավորապես՝ նախորդ դատական նիստին չի կատարել դատարանի կարգադրությունն ու չի իրականացրել Սմբատ Բարսեղյանի շահերի պաշտպանությունը՝ լքելով նիստերի դահլիճը, իսկ այսօրվա նիստին առհասարակ չի ներկայացել:

«Ես Ձեզ պարզաբանում եմ նաև հետագայի համար, որ նախապայմաններով պաշտպանից հրաժարվելու ինստիտուտ դատավարության օրենսգիրքը չի նախատեսում. կամ հրաժարվում եք կամ ոչ, հետևաբար դատարանը նախորդ դատական նիստին  ձեր կողմից արված հայտարարություններն ընդունել է այնպես, որ Դուք պաշտպանից չեք հրաժարվում, ուստի Ձեր բացակայության պայմաններում դատարանը հայտարարել է, որ Հայկ Ալումյանը պետք է մնա և շարունակի ներկայացնել ձեր շահերը»,- Սմբատ Բարսեղյանին իր դիրքորոշումը պարզաբանեց դատավոր Մակյանը և հավելեց, որ նույնիսկ այն բանից հետո, երբ դատարանի աշխատակազմն այսօր Հայկ Ալումյանին հայտնել է, որ Սմբատ Բարսեղյանը վերադարձվել է դահլիճ, փաստաբանը շարունակել է պնդել, թե ինքը դատարան գալու պարտավորություն չունի:

Այս հարցի քննարկման ժամանակ դիրքորոշում հայտնելիս Սմբատ Բարսեղյանը ելույթ ունեցավ ու նշեց, որ Հայաստանում քաոսային իրավիճակ է, և իրենք՝ ամբաստանյալները հենց այդ վիճակի պատճառով են դատարանում հայտնվել: Տնտեսության վիճակից ու աղքատությունից մինչև արտագաղթ, 1915 թվականի ցեղասպանությունից մինչև 2040 թվականին Հայաստանի բնակչության թվաքանակը 2 միլիոնից 4 միլիոն դարձնելու երազանքներ. Բարսեղյանը մի քանի րոպեում անդրադարձավ այս բոլոր թեմաներին՝ պնդելով, թե դրանք պատճառահետևանքային  կապ ունեն Հայաստանի ներկա վիճակի հետ:

Ելույթ ունեցավ նաև Պավել Մանուկյանը՝ նշելով, թե Հայաստանի իշխանությունները օրենքը դարձրել են խաղալիք:

«Երբ կուզեն, կգցեն ոտքի տակ, երբ կուզեն՝ կդնեն գլխներին»,- հայտարարեց Մանուկյանը, ապա դատախազ Պետրոս Պետրոսյանին մեղադրեց պետական դավաճանության մեջ: Պավել Մանուկյանը արդարացրեց Հայկ Ալումյանի պահվածքն ու նշեց, որ իշխանություններն իրենց ապստամբությունը որակել են որպես հանցագործություն, ցանկանում են պարտադրել խաղի իրենց կանոնները, իրենք էլ դրան համապատասխան քայլերով են հակադարձում:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը ևս հայտարարեց, որ Սմբատ Բարսեղյանը նախորդ դատական նիստին հստակ հրաժարվել է Ալումյանի ծառայությունից, և հետևաբար փաստաբանը ճիշտ վարքագիծ է դրսևորել:

Փաստաբան Ղարագյոզյանը, ում պաշտպանյալ Արայիկ Խանդոյանը ևս նիստերի դահլիճից հեռացված էր, դատարանին միջնորդեց, որպեսզի Արայիկ Խանդոյանին բերեն դահլիճ, որպեսզի վերջինս հրաժարվի իր ծառայություններից: Փաստաբանի խոսքով՝ իր և իր պաշտպանյալ Խանդոյանի միջև ևս պայմանավորվածություն կա` առանց Խանդոյանի ներկայության չիրականացնել նրա շահերի պաշտպանությունը:

Դատարանը փորձեց ճշտել՝ արդյոք Ղարագյոզյանը երաշխավորո՞ւմ է, որ իր պաշտպանյալը պատշաճ վարքագիծ կդրսևորի, և փաստաբանը պատասխանեց, թե դա կախված է դատախազների վարքագծից: Ղարագյոզյանը հիշեցրեց, որ նախորդ դատական նիստին՝ մինչև Խանդոյանի՝  նիստերի դահլիճից հեռանալը, դատախազ Պետրոս Պետրոսյանը նրան անվանել է «կենդանի», որից հետո միայն Արայիկ Խանդոյանը նրան համարժեք պատասխան է տվել:

Դատավորը հիշեցրեց, որ նախորդ դատական նիստին տեղի ունեցած միջադեպից հետո և՛ մեղադրող կողմը, և՛ Խանդոյանը դատական սանկցիա են ստացել:

Մինչ այս հարցն էր քննարկվում, դատարանում երկրորդ միջադեպը տեղի ունեցավ: Դահլիճում ներկաներին թեև լսելի չեղավ, բայց Արա Ղարագյոզյանի խոսքով՝ դատախազ Արամ Արամյանը Գագիկ Եղիազարյանին «վիժվածք» անվանեց:

Դատախազ Արամյանը դատարանին պարզաբանեց, թե Գագիկ Եղիազարյանն անվայել արտահայտություն է արել, որին ինքը հակադարձել է: Եղիազարյանն էլ հայտարարեց, թե ինքը որևէ անձի հասցեին անվայել արտահայտություն չի արել:

«Ես ասել եմ՝  ով որ կարող է  Արայիկ Խանդոյանի նկատմամբ անվայել արտահայտություն անել, ապա ես էլ նրա հասցեին եմ անում»,- ասաց Գագիկ Եղիազարյանը:

Դատավորը ամբաստանյալի և դատախազի նկատմամբ նախազգուշացման սանկցիա կիրառեց:

Այսօրվա դատական նիստին դատարանն ընթերցեց ՔԿՀ-ից ուղարկված գրություններ այն մասին, որ ամբատանյալներ Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը հացադուլի մեջ են, պահանջում են իրենց տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ:

Արմեն Բիլյանի պաշտպան Արմինե Ֆանյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալն արդեն տասն օր է, ինչ հացադուլի մեջ է, նրան պահում են մենախցում, այլ ոչ թե հացադուլ հայտարարած անձանց համար նախատեսված խցում: Փաստաբանի խոսքով՝ թեև իրենք բազմաթիվ դիմումներ են գրել՝ Բիլյանի բժշկական հետազոտությունը չի կազմակերպվել, իսկ նրան «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու հարցի վերաբերյալ իրենց պատասխանում են, թե դատարանը պիտի թույլատրի: Փաստաբանի խոսքով՝ ՔԿՀ-ից իրենց հայտնում են, թե վերը նշված խնդրի առնչությամբ դատարան դիմում են ուղարկել, մինչդեռ դատարանն ամբաստանյալին տեղափոխելու թույլտվություն տալու վերաբերյալ որևէ դիմում չէր ստացել: Դատավոր Մակյանը խոստացավ նիստից հետո այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել:

Բիլյանը հայտարարեց, թե մինչև իր պահանջը չկարատվի, հացադուլից դուրս չի գա:

«Կմեռնեմ, բայց հացադուլից դուրս չեմ գա. պահանջս ինձ տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ»,- ասաց Արմեն Բիլյանը:

Այսօրվա դատական նիստն ավարտվեց: Հաջորդը նշանակվեց 2018 թվականի հունվարի 10-ին: