
Գինեգործությունը պիտի բարոյապես մաքուր պահենք. արտադրողները՝ «կարասի» վեճի մասին
Ոսկեվազի գինու գործարանի տնօրեն Լևոն Նուրազյանն ասում է, թե ընկերության համար անսպասելի էր այս տարվա հոկտեմբերին «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ի դատական հայցը տնտեսական զագացման և ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալության դեմ, որտեղ երրորդ կողմ ներգրավվել էին նաև իրենք:
Հիշեցնենք, որ մինչ այդ՝ նախորդ տարի, «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ն նմանատիպ հայց էր ներկայացրել վարչական դատարան նույն գործակալության դեմ՝ որպես երրորդ կողմ ներգրավվելով «Սակի ընդ Սանս» ՓԲԸ-ին: Հայցվորը հայտնի է «Կարաս», իսկ երրորդ կողմ հանդես եկած ընկերությունը՝ «Զորահ կարասի» ապրանքանիշով: Առաջինի հիմնադիրն արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն է: Հայցվորը պահանջել էր անվավեր ճանաչել պետական գործակալության կողմից «Զ KARASi Zorah» ապրանքային նշանը գրանցելու 03.02.2012 թ. որոշումը: Ըստ Էռնեկյանի թիմի՝ երկրորդ ընկերության ապրանքանիշը շփոթության աստիճանի նման է իրենց ապրանքանիշին: Վարչական դատարանն այս տարվա սեպտեմբերին վճիռ է կայացրել հօգուտ հայցվորի, սակայն «Սակի ընդ Սանս» ընկերությունը բողոքարկել է այն վերադաս ատյանում: Գործն այժմ ընթացքի մեջ է:
«Ոսկեվազի գինու գործարան» ՍՊԸ-ի դեպքում դատարան մտնելու պատճառ է դարձել «Կարասի» հավաքածուն: Լևոն Նուրազյանն ասում է, որ 17 տեսակի գինի են արտադրում, որոնցից 3-ը պահվում են կարասի մեջ, հետևաբար, այդ հանգամանքն ընդգծելու և գնորդին տեղեկացնելու համար պիտակի վրա նշել են «Կարասի քոլեքշն»: «Պետք է ազատականացնել կարաս անունը, որպեսզի ոչ մի գինեգործ նման խնդիր չունենա: Կարասը պատկանում է բոլորին և չի կարող ոչ մի գինու գործարան արգելել օգտագործել մեր պապական ավանդական գործիքը»,- նշում է Լ. Նուրազյանը:
Ոսկեվազի գործարանի դեմ Էռնեկյանի ընկերության հայցը վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը մերժել է վարույթ ընդունել՝ նշելով, որ հայցվորը բաց է թողել վարչական ակտը վիճարկելու 2-ամսյա ժամկետը, ինչը սահմանված է Վարչական դատավարության օրենսգրքով: Հիշեցնենք, որ նույն պատկերն էր նաև առաջին գործի պարագայում, սակայն «Տիեռաս դե Արմենիան» նշել էր, որ հիմք են ընդունել «Ապրանքային նշանների մասին» օրենքը, որով վիճարկման ժամկետը 5 տարի է. այս պնդումը վերջնարդյունքում հաջողություն էր բերել հայցվորին: Սակայն Ոսկեվազի գործարանի դեմ հայցում Էռնեկյանի ընկերությունը վերը նշված օրենքին հղում չի տվել, այլ շեշտել է, որ տեղավորվել է 2-ամսյա ժամկետում. «Ոսկեվազի գինու գործարան» ՍՊԸ-ի ապրանքային նշանի գրանցման մասին իմացել է օգոստոսին ու հոկտեմբերին մտել է դատարան: Իսկ գրանցումը կատարվել է այս տարվա հուլիսի 21-ին, որն էլ ելակետ է ընդունել դատավոր Հակոբյանը: Մյուս կողմից՝ հայցվորը չի խնդրել սահմանված ժամկետը բաց թողնելու հանգամանքը հարգելի համարել: Ավելին՝ չի բողոքարկել նաև Լ. Հակոբյանի որոշումը: Այսինքն՝ գործը փակվել է:
«Վանսևան» ՍՊԸ-ի («Voskeni») ներկայացուցիչ Ալինա Մկրտչյանը կարծում է, որ եթե հիմա հայկական գինին չհնեցնեն կարասների մեջ, ապա դրսում դժվար կլինի այն գովազդելն ու հայտնի դարձնելը: Ըստ Մկրտչյանի՝ հայկական գինեգործության մասին միջազգային մամուլի հոդվածներում բազմաթիվ նշումներ կան, որ հայկական գինին պահվում է կարասների մեջ: «Չի կարող մի ընկերություն միայն ինքն օգտագործել, իրավաբանորեն սխալ է, դա համազգային սեփականություն է,- նկատում է գինեգործը,- «կարաս» բառը նշելով պիտակին՝ տեղեկություն ես հաղորդում դրա մասին: Եթե «կարաս» բառը չի կարելի նշել, ապա ի՞նչ են նշելու, որ տակառի՞ մեջ է պահվում»:
«ԷԴՎԱԳ Գրուպ» ընկերության («Gevorkian Winery») հիմնադիր Վահագն Գևորգյանն էլ շեշտում է, որ կարասը տեխնոգոլիան է, որը չի կարելի արտոնագրել: Տեխնոլոգիան արտոնագրում են միայն այն դեպքում, երբ դրա հեղինակային իրավունքն ունենում են, որից մնացածը չեն օգտվում, այնինչ կարասի տեխնոլոգիան, ըստ նրա, բոլորն էլ օգտագորրծում են, և չի կարող ինչ-որ մեկը խոչընդոտել դրան:
Հնագետ Բորիս Գասպարյանն ասում է, որ կարասը՝ որպես երևույթ, շատ կարևոր է, այն հայկական ավանդական մշակույթի ակունքներում կանգնած գինու արտադրողի կողմից ստեղծված զարմանահրաշ երևույթ է, և չի կարելի բաժանել մեկ կամ երկուսի միջև:
«Միայն հայ ժողովուրդը չէ, որ կարասի հեղինակն է, հին աշխարհի բազմաթիվ քաղաքակրթություններ կան, որ այդ երևույթը, ֆենոմենն օգտագործել են, զարգացրել: Իհարկե, Հայաստանի տարածքն ու նաև հայ ժողովուրդն ունի իր բավականին լուրջ, ուրույն տեղը, և վերցնել դա, տալ մեկին չեմ հասկանում, եկեք «օդ» բառն էլ սեփականացնենք, չշնչենք: Լիովին համաձայն եմ, որ շատ մեծ հարված կլինի, այսինքն՝ վաղը կարող է մեզ արգելեն օգտագործել «կարաս» բառը մեր հոդվածներում, մեր ուսումնասիրություններում»,- նշում է հնագետը:
«Անձամբ ինձ՝ որպես կարասի մեջ արտադրողի, շատ մարդիկ թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Եվրոպայում ասում են՝ հա, դուք էլ եք քվեվրիի (վրացական կարասն է- հեղ.) մեջ պատրաստում, ասում եմ՝ չէ, կարասի մեջ: Արդեն խնդիր է, որովհետև չգիտեմ, թե ոնց օգտագործեմ այդ բառը»,- իր հերթին ասում է «Տրինիտի» ՍՊԸ-ի համահիմնադիր Հովակիմ Սաղաթելյանը:
Ըստ նրա՝ դրսում մարկետինգային պատերազմ է ընթանում, որտեղ վրացական գինեգործոթյունը շահում է: Մեր հարևաններն ահռելի գումար են ծախսել, որ քվեվրին դարձնեն արժեք ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում՝ չնայած որ իրենց ամբողջ գինեգործության 2-3 տոկոսն են արտադրում քվեվրիի մեջ:
«Իրենք ուղղակի կծիծաղեն, որ մեր ներսում զբաղված ենք ինչ-որ անհասկանալի հարց պարզելով, ընդհանրապես, դրա համար պետական հիմնարկը, նաև գինեգործության և խաղողագործության հիմնադրամը անպայման պիտի քայլեր ձեռնարկեն»,- նշում է Հ. Սաղաթելյանը: Նա առաջարկում է կազմակերպել քննարկում կլոր սեղանի շուրջ և ճիշտ լուծումներ գտնել:
Գինեգործի կարծիքով՝ «Տիեռաս դե Արմենիա» և «Սակի ընդ Սանս» ընկերությունները հայկական գինեգործության ոլորտում դրոշակակիրներ են, որոնք լումա ունեն դրսում թե՛ կարասագործության, թե՛ գինու մշակույթը տարածելու հարցում: Հ. Սաղաթելյանն ասում է՝ հիմա այդ երկու առաջատարները խնդիր ունեն, և իրենցից չէ այդ խնդիրը. դա ոչ իմաստուն, ոչ խելացի մոտեցում է, որ ցուցաբերել է պետական գործակալությունը:
«Գինեգործությունն այն ոլորտն է, որը մենք պիտի բարոյապես մաքուր պահենք: Եթե խնդիր կա, պիտի փորձենք լուծել մեր մեջ, բայց խնդիրն արդեն իրավական ոլորտում է, սա է հարցը»,- նշում է «Վան Արդի» ընկերության հիմնադիր Վարուժան Մուրադյանը: Նշում է, որ որևէ կողմ չի ներկայացնում, ու անձամբ էլ կարասներ չի օգտագործում իր արտադրության մեջ, բայց որպես գինի արտադրող՝ մտածում է գինեգործության մասին, քանի որ իրենք բոլորն էլ մի նավի մեջ են ու միայնակ ոչինչ չեն կարող անել: Ասում է, որ եթե այսօր չի օգտագործում կարասներ, ապա մեկ կամ 10 տարի հետո իր ժառանգները կարող է օգտագործեն, և այսօր ինքը պայքարում է այդ իրավունքի համար:
Մեկնաբանել