
Կամչատկայի հայերի ամանորյա նվերը «դոմիկում» ապրող Հակոբյաններին
Ամանորի հրաշքի սպասումով ապրող գյումրեցի Հակոբյաններին Ձմեռ պապի նվերը դեկտեմբերի 30-ին տեղ հասավ բնակարանի տեսքով: Հեռավոր Կամչատկայի հայ համայնքի անդամների հանգանակած գումարի շնորհիվ բարեգործական հիմունքներով գնված բնակարան նվիրաբերվեց տնակում ապրող, սակայն անօթեւանի կարգավիճակ չունեցող եւս մեկ ընտանիքի:
Հակոբյանների 5 անձից բաղկացած ընտանիքի համար Գյումրու Մուշ 2/2 նորակառույց թաղամասում քաղաքապետարանը բարերարների խնդրանքով ձեռք էր բերել երկու սենյականոց բնակարան: Բանալին Հակոբյաններին հանձնելու համար այսօր Գյումրի էին հասել Կամչատկայի հայերի միության նախագահ Արթուր Խաչատրյանն ու Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Արմատներով գյումրեցի Արթուր Խաչատրյանը ծնվել է Կամչատկայում: 32-ամյա երիտասարդը գյումրեցու բարբառը խառնելով ռուսերենին՝ պատմում է, որ մշտապես եղել է ցանկություն, որեւէ ձեւով օգնել, աջակցել ծնողների ծննդավայրին: Երկրաշարժի ժամանակ մահացել են Արթուրի մորաքույրը` երեք երեխաների հետ եւ հորեղբայրը: Բարերարը ցավով է նշում փաստը, որ երկրաշարժից 29 տարի անց դեռ քաղաքում կան տնակներում ապրող 2000-ից ավելի ընտանիքներ: Հույս ունի, որ իրենց օրինակին կհետեւեն ՌԴ ապրող մյուս հայերը եւս:
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի ղեկավար Ղարիբ Հարությունյանի հետ զրույցում Արթուր Խաչատրյանը պատրաստակամություն հայտնեց` անօթեւան ընտանիքների համար բնակարան ձեռք բերելու նպատակով յուրաքանչյուր 9 բարերարի հայտնվելու դեպքում 10-րդ ներդրողի դերում հանդես գա ինքը: «Ամեն մեկն էլ, որ մի 1000 դոլար տա, էդ մի բնակարանը հնարավոր կլինի գնել»,- նկատեց Արթուր Խաչատրյանը:
Հակոբյանների ընտանիքի ընտրությունը պատահական չէր: Կամչատկայի հայ համայնքը խնդրել էր տրամադրել այնպիսի ընտանիքի տվյալներ, որտեղ կա բանակում ծառայող: 37-ամյա Ռուզաննա Վանյանի ամուսինն, ով ծնունդով Արմավիրի մարզից էր, մահացել էր 2010թ-ին: Ռուզաննայի ավագ որդին ծառայում է հայոց բանակում: Ընտանիքում մեծանում են եւս մեկ տղա եւ երկու աղջիկ: Ընտանիքը սոցիալապես անապահով է: Աշխատանք ունի միայն Ռուզաննայի 19-ամյա աղջիկը:
«Ութ տարի է` ապրում էինք էս տնակում: Սկզբում վարձով, հետո, որ տանտերը տեսավ էլ չեմ կարող վճարել՝ թողեց, որ ապրենք, էլ վարձ չուզեց,- պատմեց Ռուզաննան,- տուն ունենալը երազանք էր մեր համար: Ես էնքան հուզված եմ հիմա: Ճիշտ է, քաղաքապետարանից եկել էին, նայել էին պայմաններս, բայց մտքովս էլ չէր անցնի, թե հենց Նոր տարվա շեմին մեզ Նոր տարվա նվեր կանեն: Տա աստված, մյուս ընտանիքներն էլ, որ դոմիկների մեջ են, էս տիպի երջանկության արժանանան, ինչխոր մենք»:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել