
Զոհերն Իրանում ավելանում են․ իրավիճակը մնում է լարված
Լուսանկարը՝ www.ncr-iran.org-ից
Իրանում առնվազն 12 զոհի վերաբերյալ լուրեր են շրջանառվում միջազգային մամուլում։ Մասնավորապես, այդ մասին հայտնում են «Ալ-ջազիրան» և «Բի-բի-սի»-ն՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին, սակայն չնշելով դրանց անունները։ Հիշեցնենք, որ արդեն 5 օր է, ինչ հարևան պետության մի քանի քաղաքներում բողոքի ցույցեր և բախումներ են տեղի ունենում՝ քաղաքացիների և ուժայինների միջև։
Այս պահին միակ պաշտոնական տեղեկությունը զոհերի թվի վերաբերյալ Իրանի պետական հեռուստաընկերության հայտարարությունն է, ըստ որի՝ կիրակի օրվա դրությամբ 10 մարդ է սպանվել երկրի տարբեր նահանգներում։
Վայրերը, որտեղ տեղի են ունենում բախումներ․ աղբյուրը՝ «Բի-բի-սի»
Հնարավոր պատճառները
Բողոքի ալիքի ձևավորման հիմնական պատճառ է նշվում պարենային մթերքների թանկացումը, գործազրկությունը և այլ տնտեսական գործոններ։ Միևնույն ժամանակ, Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, թե անկարգությունները երկրում սկիզբ են առել Սաուդիան Արաբիայի դրդմամբ։ «Նրանք (Սաուդիան Արաբիան) չկարողացան տանել մեր հաջողությունները 2015-ի միջուկային գործարքում, և պարզ ասել էին, որ խնդիրներ կստեղծեն Թեհրանում»,- նշել է նախագահ Ռոհանին՝ կիսապետական «Ֆարս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
Քաղաքական գիտությունների դոկտոր Ալի Ֆաթոլլահ-Նեջադն Ալջազիրային հայտնել է, որ պատճառները և սոցիալ-տնտեսական են, և քաղաքական․ «Ռոհանու տնտեսական քաղաքականությունը չի հաջողել, և դժգոհությունն արդեն դուրս է գալիս թաքստոցից։ Մյուս կողմից, քաղաքական ճնշումների կոնտեքստում նույնպես որևէ բարեփոխում տեղի չի ունեցել, հետևապես դժգոհությունը թե տնտեսական և թե քաղաքական հիմք ունի»,- նշել է Ալի Ֆաթոլլահ-Նեջադը։
Իսլամական աշխարհի ուսումնասիրությունների պրոֆեսոր Ահմադ Սադրին ներկայիս իրադարձությունները համարում է Իրանում երկրորդ խոշոր բողոքի ալիքը՝ 2009-ի Կանաչ շարժումից հետո։ Հիշեցնենք, որ Կանաչ շարժման հետևանքով հարյուրավոր ուսանողներ և ակտիվիստներ ձերբակալվեցին։
Տեղեկատվության սահմանափակում
Իրանի իշխանություններն արգելափակել են որոշ սոցիալական ցանցեր՝ երկրի տարածքում։ Այս պահին միակ ինֆորմացիոն աղբյուր է հանդիսանում Թվիթերը, որտեղ «Իրանի հեղափոխություն» կոչվող էջում անընդհատ տեղադրվում են տեսանյութեր և լուսանկարներ՝ դեպքի վայրից։
Այս պահին «Հետքն» այդ տեսանյութերի և լուսանկարների հավաստիությունը ստուգել չի կարող, սակայն առաջիկա օրերին կշարունակենք լուսաբանել իրանյան իրադարձությունները՝ հնարավորինս ստուգված աղբյուրների միջոցով։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել