HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Google»-ը 2016 թվականին միլիարդավոր դոլարներ է փոխանցել օֆշորային ընկերության հաշվին

«Google» ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունը 2016 թվականին 15,9 միլիարդ եվրո (19,2 մլրդ դոլար) է փոխանցել Բերմուդյան կզղիներում գրանցված օֆշորային ընկերության հաշվին, որպեսզի օրինական միջոցներով խուսափի բազմամիլիոնանոց հարկերից: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով Նիդերլանդների առևտրի պալատի հրապարակած փաստաթղթերին:

Իր միջազգային եկամուտները հարկումից ազատելու համար «Google»-ը երկու սխեմա է օգտագործել, որոնք ոչ պաշտոնապես կոչվել են «Կրկնակի իռլանդական» և «Նիդերլանդական սենդվիչ»: 

Խոսքն այն մասին է, որ «Google»-ն իռլանդական դուստր ձեռնարկության միջոցով իր եկամուտները փոխանցել է Նիդերլանդական ընկերությանը, որտեղից էլ գումարները փոխանցվել են Բերմուդյան կղզիներում գրանցված օֆշորային ընկերությանը, որն էլ իր հերթին պատկանում է Իռլանդիայում գրանցված մեկ այլ ընկերության:

Bloomberg-ի փոխանցմամբ՝ հարկային այս մեխանիզմի միջոցով փոխանցված գումարների չափը 2016-ին 7%-ով գերազանցել է 2015-ի ցուցանիշը:

«Google»-ը ամբողջ աշխարհում գտնվում է հարկային մարմինների և իշխանությունների ճնշման տակ, այն բանի համար, որ բավականաչափ հարկեր չի վճարում: Եվրամիությունն այժմ մի շարք միջոցներ է ուսումնասիրում, որպեսզի «հարկային ապաստարաններ» փնտրող ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունները ավելի շատ հարկեր վճարեն:

Հիշեցնենք, որ 2017 թվականի նոյեմբերին Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (International Consortium of Investigative Journalists - ICIJ) Բերմուդյան կղզիներում գրանցված «Appleby» ընկերության փաստաթղթերի արտահոսքի արդյունքում բացահայտեց հարկերից խուսափելու նոր մեխանիզմներ: 

Լուսանկարը՝ turtix/Shutterstock

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter