HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Վրաստանում Սաակաշվիլին հեռակա կարգով դատապարտվեց երեք տարվա ազատազրկման

Թբիլիսիի դատարանը հեռակա կարգով երեք տարվա ազատազրկման է դատապարտել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին՝ պաշտոնեական դիրքի չարաշահման համար: Դատարանը նրան դատապարտել էր չորս տարվա ազատազրկման, սակայն համաներման մասին օրենքով՝ պատժաչափը կրճատվել է ¼ մասով՝ դառնալով երեք տարի, հաղորդում է Новости-Грузия-ն:

Սաակաշվիլին դատապարտվել է 2006 թվականին «Վրաստանի միացյալ բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով: Ըստ մեղադրանքի՝ 49-ամյա քաղաքական գործիչը Գիրգվլիանիի սպանության գործով ներում է շնորհել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչը հանգեցրել է տուժող կողմի իրավունքների և պետության օրինական շահերի խախտմանը:

Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործը մեծ հնչեղություն էր ստացել: «Վրաստանի միացյալ բանկի» աշխատակցին 2006 թվականի հունվարին սպանված էին գտել Օքրոքանեի գերեզմանոցում, մինչ այդ նա Թբիլիսիի ակումբներից մեկում վիճաբանել էր ներքին գործերի նախարարության պաշտոնյաների հետ: Նույն թվականին դատարանաը ՆԳՆ-ի բարձրաստիճան չորս պաշտոնյաների դատապարտեց 7-8 տարվա ազատազրկման: Հենց նշված անձանց էլ Սաակաշվիլին 2008 թվականին ներում շնորհեց:

Դրանից հետո Վրաստանի ընդդիմությունը, իրավապաշտպան կազմակերպությունները բազմիցս հայտարարում էին հետաքննության անարդյունավետության մասին: Նրանք պնդում էին, որ քննությունը միտումնավոր փորձում էր կոծկել ՆԳՆ-ի այլ բարձրաստիճան պաշտոնյաների կապը Գիրգվլիանիի սպանությանը:

Հետաքննության արդյունքում պարզվել էր, որ սպանության օրը ակումբում են եղել նաև սահմանադրական ավտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար Դատա Ախալայան, ՆԳՆ-ի հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Գուրամ Դոնաձեն, ինչպես նաև այդ ժամանակ Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլիի կինը՝ Տակո Սալակայան:

2012 թվականին Վրաստանում իշխանափոխությունից հետո ՆԳՆ-ի նախկին ղեկավար, նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ պատասխանատվության ենթարկվեցին: Մասնավորապես՝ 2014 թվականի հոկտեմբերին Մերաբիշվիլին դատապարտվեց երեք տարվա ազատազրկման պաշտոնական փաստաթղթեր կեղծելու համար: Հետաքննության ընթացքում պարզվեց, որ Գիրգվլիանիի սպանության պատվիրատուն եղել է Դատա Ախալայան: Վերջինս դատապարտվեց 7,5 տարվա ազատազրկման և այժմ գտնվում է հետախուզման մեջ:

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Թբիլիսիի դատարանի այսօրվա վճիռը անօրինական է համարում.

«Նախագահին դատապարտել համաներման իրավունքը կիրառելու համար, որը ոչ մի կերպ սահմանափակված չէ, խոսում է այս ամբողջ գործընթացի քաղաքական բնույթի մասին»,- գրել է Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում:

Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Ռուսլան Չեռնոլուցկին հայտարարել է, որ Թբիլիսիի դատարանի վճիռը իրավունք չի տալիս Կիևին իր պաշտպանյալին արտահանձնել վրացական իշխանություններին:

Փաստաբանը ընդգծել է, որ Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող անձը, ով վերջին տարիներին ապրել է երկրում, չի կարող արտահանձնվել:

«Դրա մասին փաստում է օտարերկրացիների և առանց քաղաքացիության անձանց կարգավիճակի մասին օրենքը, դա է ասում միջազգային կոնվենցիան, որը վավերացրել է նաև Ուկրաինան»,- Չեռնոլուցկու խոսքերն է մեջբերում РИА Новости-ն:

Լուսանկարը՝ REUTERS / Valentyn Ogirenko

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter